Հարցազրույց

Հունիսի 1-ին մեկնարկում է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը

8 րոպեի ընթերցում

Հունիսի 1-ին մեկնարկում է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր մեկնարկում է ՀՀ նախագահի նախաձեռնած` ամենամյա «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը: Այս տարվա մրցաշարին կմասնակցեն Հայաստանի 1200-ից ավելի ընտանիքներ: Եզրափակիչ փուլն ավանդաբար կանցկացվի Ծաղկաձորում: Մրցույթի անցկացման ձեւաչափի, ներմուծված նոր մոտեցումների վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանի հետ:

-Պարոն Ասրյան, ի՞նչ ձեւաչափով է անցկացվում մրցույթը, արդյո՞ք փոփոխություններ կան նախորդ տարիների համեմատ, եւ այսօր ո՞ր մարզերից է այն մեկնարկում:

-Վերջին ժամանակահատվածում Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը լրջագույն միջոցառումներ է իրականացնում հատկապես մասսայական սպորտի տարածման, արմատավորման ուղղությամբ: Ուզում եմ հատուկ առանձնացնել ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը, որն այս տարի անցկացվում է 8-րդ անգամ: Այս միջոցառման հիմքը դրվել է 2004 թվականին: Այդ ժամանակահատվածից մինչեւ 2009 թվականը «Լավագույն մարզական ընտանիք»-ն անցկացվել է այն ընտանիքների միջեւ, ովքեր ունեին 6-12 տարեկան երեխաներ, անկախ սեռից: 2010 թվականին` 7-րդ միջոցառումն անցկացրեցինք 2 տարիքային` 6-9 եւ 10-12 տարեկան խմբերում: Այս տարի «Լավագույն մարզական ընտանիք»-ն աննախադեպ է, որովհետեւ այն անցկացվում է 3 փուլով եւ 3 տարիքային խմբերում: Առաջին փուլը, որը սկսվում է հունիսի 1-ից մինչեւ հունիսի 17-ը, անցկացվելու է Հայաստանի Հանրապետության 48 քաղաքներում, Երեւան քաղաքի 12 վարչական շրջաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 8 շրջաններում: Մասնակցում են 6-8, 9-11, 12-14 տարեկան երեխա ունեցող ընտանիքները: Մրցույթն անցկացվելու է 6 մրցաձեւերից` պարանի ձգում, թենիսի գնդակի նետում, հեռացատկ, խաղային փոխանցումավազք, փոխանցումավազք, բասկետբոլի գնդակի նետում զամբյուղի մեջ: Այն մեկնարկում է Արմավիրի եւ Գեղարքունիքի մարզերից:

Առաջին փուլի առաջին, երկրոդ եւ երրորդ տեղերը զբաղեցնողներին կտրվեն դրամական պարգեւներ 60, 50 եւ 40 հազար դրամի չափով: Հունիսի 17-ից հոլիսի 1-ն անցկացվելու է երկրորդ փուլը: Այստեղ առաջին, երկրորդ, երրորդ տեղերի համար հաղթողներին կտրվեն համապատասխանաբար` 150, 130, 100 հազար դրամի չափով պարգեւներ: Երրորդ փուլն, ըստ ավանդույթի, անցկավելու է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում հուլիսի 3-րդ տասնօրյակում` 7 օր տեւողությամբ: Այդ ժամանակ միմյանց հետ մրցելու են եզրափակիչ փուլ անցած 108 ընտանիքներ 3 տարիքային խմբերում:

Երրորդ փուլում առաջին տեղը զբաղեցրած ընտանիքին կտրվի 500 հազար դրամ, երկրորդ տեղի մրցանակակրին` 400 հազար, երրորդ տեղի համար` 300 հազար դրամ: Ի դեպ, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից ամենակրտսեր մասնակիցները կպարգեւատրվեն 100 հազարական դրամով:

-Եթե դիտարկենք նախորդ տարիների մասնակցությունը, ապա ինչպիսի՞ դինամիկա է առկա, եւ ինչո՞վ է պայմանավորված տարիքային խմբերի ավելացումը:

-Պետք է նշեմ, որ մասնակցության դինամիկայի ցուցանիշերը շատ ոգեւորիչ են: Վերջին տարիներին աննախադեպ արդյունք է գրանցվել: 2004 թվականին մեկնարկած «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին մասնակցել է ընդամենը 54 ընտանիք: Հաջորդաբար, 2010 թվականն էլ ներառյալ, շատ ոգեւորիչ արդյունքներ են գրանցվել: 2005 թվականին մասնակցել է 80, 2006թ-ին` 86, 2007թ-ին` 106, 2008 թվականին` 126, 2009թ-ին 171, իսկ նախորդ տարի` 347 ընտանիք: Այս տարի նախատեսվում է 1 200-ից ավելի ընտանիքների մասնակցություն: Սա շատ լուրջ ցուցանիշ է եւ խոսում է այն մասին, որ միջոցառումը համարվում է կայացած, լավ ավանդույթներ ձեւավորած:

Ինչ վերաբերում է տարիքային խմբերի ավելացմանը, ապա նշեմ`դա խոսում է այն մասին, որ հետաքրքրությունը մեծ է հասարակության շրջանում, ակտիվությունը զգալիորեն նկատվում է: Զգացվում է, որ մրցույթին մասնակցում են ոչ միայն կլորիկ գումար շահելու համար, այլ իրոք, մարդկանց ուղղորդում է առողջ ապրելակերպը

Պետք է նշեմ, որ մի հետաքրքրիր միտում է նկատվում, հատկապես եզրափակիչ փուլում: Շուրջ 108 ընտանիքներ 7 օր շարունակ մեկ տեղում են լինում, ամեն օր միմյանց հետ շփվում են եւ նկատում ենք, որ նրանց միջեւ բարեկամական կապերի հիմք է ստեղծում:

-Ձեր դիտարկմամբ` հասարակության շրջանում կա՞ առողջ ապրելակերպը խրախուսելու անհրաժեշտություն:

- Միանշանակ կա: Եթե համեմատում ենք խորհրդային տարիների հետ, ապա նկատելի է, որ մարդկանց պետք է ակտիվացնել, խրախուսել, որ զբաղվեն սպորտով, նախընտրեն առողջ ապրելակերպը: Մենք գտնում ենք, որ առողջ ապրելակերպը, սպորտը քարոզող զանգվածային միջոցառումները պետք է շատ լինեն:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը որդեգրել է «Մարդու առողջությունը բարձագույն արժեք է» կարգախոսը: Մենք ամեն տարի տարբեր նախաձեռնությունների, միջոցառումների միջոցով այդ կարգախոսը փորձում ենք մտցնել յուրաքանչյուր հայ ընտանիք: Այս տարի այդ ուղղությամբ աշխատանքները զգալիորեն ավելացել են, 10-ից ավելի զանգվածային միջոցառումներ են նախատեսված` դրանք ուղղված են սպորտի քարոզչությանը, առողջ ապրելակերպի տարածմանը: Դրանք են` «Մարզական փառատոն»ը, «Նախազորակոչային եւ զորակոչային տարիքի ռազմամարզական խաղեր»-ը, «Հանրապետության վարչապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշար եւ այլն:

-Որքանո՞վ է արդարացված այն մոտեցումը, որ չմարզվելը, առողջ ապրելակերպը չնախընտրելը շատերը կապում են ֆինանսական միջոցների սղության հետ:

-Ես համամիտ չեմ այս դիտարկման հետ: Առողջ ապրելակերպի, մարզվելու համար ֆինանսական միջոցներ անհրաժեշտ չեն: Եթե մարդու մոտ կա այդ ցանկություն, ապա նա կարող է առավոտյան տնային պայմաններում ֆիզկուլտուրայով զբաղվել կամ մոտակա հարմար տարածքում վազել կամ էլ պարզապես զբոսնել: Այսինքն` չցանկանալու դեպքում միշտ էլ պատճառներ կարելի է գտնել:

-Իսկ Դուք ինքներդ մարզվո՞ւմ եք, արդյո՞ք փորձում եք սեփական օրինակով հասարակությանը քարոզել առողջ ապրելակերպ:

-Իհարկե, միանշանակ: Ես մարզվում եմ արդեն տարիներ շարունակ: Դա կապված չէ այն հանգամանքի հետ, թե ես Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում սպորտի հետ կապված հարցերով եմ զբաղվում: Երկար տարիներ վաղ առավոտյան պարտադիր ֆիզկուլտուրայով եմ զբաղվում: Այո’, կարելի է ասել, որ իմ սեփական օրինակով նույնպես փորձում եմ մարդկանց մեջ սերմանել առողջ ապրելակերպ:

Կոչ եմ անում բոլոր ընտանիքներին, մարդկանց`ակտիվություն ցուցաբերել նման միջոցառումներին մասնակցելու գործում: Այդտեղ առաջին հերթին իրենց ընտանիքի առողջության հարցն է: Վերջ ի վերջո նման վարվելաձեւով ծնողներն օրինակ են ծառայում իրենց երեխաներին: Դա նշանակում է, որ երեխաների մեջ սերմանվում է առողջ ապրելակերպը: Ինչպիսի գործ էլ ձեռնարկենք, աշխատենք, միեւնույն է` ցանկացած դեպքում հիմքը մարդու առողջությունն է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում