Պաշտոնական

Տ. Սարգսյանն այցելել է հայ-գերմանական «Էլբատ» ընկերություն

2 րոպեի ընթերցում

Տ. Սարգսյանն այցելել է հայ-գերմանական «Էլբատ» ընկերություն

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Երեւանում մարտկոցների արտադրությամբ զբաղվող հայ-գերմանական «Էլբատ» ընկերություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը շրջել է ընկերության արտադրամասերով եւ լաբորատորիաներով, ծանոթացել արտադրական գործընթացին: Շրջայցի ընթացքում վարչապետին են ներկայացվել նորագույն տեխնոլոգիաներով գործող արտադրամասերում արտադրանքի պատրաստման, ինչպես նաեւ ժամանակակից սարքավորումներով հագեցած քիմիական եւ էլեկտրամեխանիկական լաբորատորիաներում արտադրանքի որակի հսկման գործընթացի մանրամասները:

Հայ-գերմանական «Էլբատ» ընկերությունում, որի բաժնետոմսերի 51 տոկոսի բաժնետերը գերմանական «Քրոնիմետ Մայնինգ» կազմակերպությունն է, 49 տոկոսինը' հայկական կողմը, թողարկվում են կապարաթթվային կուտակչային մարտկոցներ գրեթե բոլոր տիպի ավտոմոբիլների համար: Գործում են ձուլման, մածուկապատրաստման եւ մածուկապատման, էլեկտրոլիտի պատրաստման, ձեւավորման եւ հավաքման, օդի ու ջրի զտման եւ մշակման արտադրամասեր: Որակի վերահսկման նպատակով այստեղ գործում են ժամանակակից սարքավորումներով հագեցած քիմիական եւ էլեկտրամեխանիկական լաբորատորիաներ, որտեղ իրականացվում են համապատասխան փորձարկումներ: 2011թ. մայիսին «Quality Austria» ավստրիական կազմակերպության կողմից «Էլբատ» ընկերությանը շնորհվել է Որակի կառավարման համակարգի ISO 9001:2008 միջազգային սերտիֆիկատ: Ներկայում ընկերությունում աշխատում է 145 մարդ, որոնցից 90-ն ընդգրկված են հիմնական եւ օժանդակ արտադրություններում:

Նշենք, որ մեկնարկային կուտակչային մարտկոցների արտադրություն իրականացնող այս ձեռնարկությունը շահագործման է հանձնվել 2010թ. նոյեմբերի 23-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում