Հ. Սարգսյան. «Ճանապարհային ոստիկանության գերնպատակը մարդկանց կյանքն ու առողջությունը պահպանելն է»
6 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում հանրապետության ճանապարհային երթեւեկության ոլորտում ներդրվել են մի շարք մեխանիզմներ ու համակարգեր, արվել են օրենքի փոփոխություններ' երթեւեկության անվտանգությունը բարձրացնելու նպատակով: Դրանց արդյունավետության, ազդեցության եւ ներկա վիճակի մասին «Արմենպրես»-ը զրուցեց Հայաստանի Ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման եւ վերլուծության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Հայկ Սարգսյանի հետ:
- Պարո'ն Սարգսյան, ճանապարհային մշակույթը կայացա՞ծ է Հայաստանում, վարորդ-հետիոտն հարաբերությունները կարգավորվա՞ծ են հավուր պատշաճի: Կողմերը գիտե՞ն, պահպանո՞ւմ են արդյոք իրենց պարտավորություններն ու իրավունքները:
- Եթե նկատել եք, վերջին տարիներին մի նոր մշակույթ է ձեւավորվել երթեւեկության անվտանգության ապահովման ոլորտում: Կարծես' սկսել են վարորդ եւ հետիոտն հարաբերությունները կարգավորվել, նրանք սկսել են փոխադարձ զիջել միմյանց, ինչը բնականաբար կբերի ճանպարհատրանսպորտային պատահարներից զերծ մնալուն: Պետք է նկատած լինեք, որ վարորդները «զեբրա» կոչվող հետիոտնային անցումների վրա արդեն զիջում են հետիոտներին: Դա շատ ակնառու է եւ գովելի: Բնական է' խախտողներ կլինեն: Այդպիսիք մշտապես եղել են ու կան բոլոր երկրներում, բայց մենք ձգտում ենք դա հասցնել նվազագույնի: Ճանապարհային ոստիկանության գործառույթների գերնպատակը հենց դա է' պահպանել մարդու կյանքն ու առողջությունը:
- Որո՞նք են այն ազդակները, որոնք նպաստել են այդ հարաբերությունների բարելավմանը եւ շարունակում են կարգավորել դրանք: Ո՞րն է հասարակության գիտակցության դերը:
- Իհարկե կարեւոր գործող ազդակ է տուգանքների կիրառումը, որը մեծապես նպաստում է երթեւեկության կանոնների պահպանմանը: Ոչ ոք չի ուզում ավելորդ տեղը վճարել: Եվ, բնականաբար, ամենակարեւոր գործոնը մարդու գիտակցությունն է: Որքան էլ ճանպարհային ոստիկանները շատ լինեն, չեն կարող յուրաքանչյուր քաղաքացու կողքին լինել, որպեսզի մարդուն զգուշացնեն, որ փողոցն անցնի սահմանված տեղով, չխախտի երթեւեկության կանոնները կամ ամեն վարորդի ուղորդել մշտապես: Մարդն ինքը դա պետք է գիտակցի եւ զգա, որ այն ամենակարեւոր քայլերից է իր կենսակերպում, վարքագծում:
- Կարծիք է տարածվել, որ տուգանքների մեխանիզմի ներդրման սկզբնական շրջանում ճանապարհային ոստիկանների կողմից դրանք ավելի ճշգրտորեն էին պահպանվում: Արդյո՞ք նրանց հսկողությունն այժմ ավելի ներողամիտ է դարձել:
- Ճանապարհային ոստիկանները հետիոտների խախտումները մշտապես հսկողության տակ են պահում: Կարծում եմ, որ դա մի փոքր թյուր կարծիք է: Այսօր էլ մենք օրինախախտ հետիոտների մի ստվար բանակ ունենք, որոնք տուգանվել են: Այդ գործընթացի վերահսկումը ձգտում ենք միշտ խստորեն պահպանել, պետք է երբեք չթուլացնենք, որովհետեւ դա հենց իրենց' հետիոտների կյանքի եւ առողջության համար է:
- ԱՊՊԱ համակարգի ներդրումն ինչպե՞ս եք գնահատում:
- Իհարկե դրականորեն: Բոլոր երկրներում էլ այն կա եւ ոլորտի վրա դրական ազդեցություն ունի: Յուրաքանչյուր վարորդ, մասնակից լինելով ճանապարհատրանսպորտային պատահարի, այլեւս չի զանգահարում ոչ իր եղբորը, ոչ հորը կամ որդուն, ոչ էլ բակի ընկերներին, այլ շատ քաղաքակիրթ ձեւով զանգահարում է ապահովագրական ընկերությանը, որը հատուցում է նրա հասցրած նյութական վնասի արժեքը: Սա եւս կարեւոր կանոնակարգում է ճանապարհային երթեւեկության ապահովման համար:
- Վարորդական իրավունքների ստացման գործընթացի փոփոխությունները, քննությունների կարգը որեւէ կերպ նկատելի՞ են նոր վարորդների շրջանում:
- Յուրաքանչյուր մասնագիտության ու զբաղմունքի մեջ բնական է, որ սկսնակը չի կարող հմուտ լինել' լինի ինժեներ, աղյուսագործ, թե բանվոր: Նույն կերպ էլ վարորդն է: Նա որքան ավելի երկար լինի դաշտում, այնքան լավ կտիրապետի հմտություններրին, լիարժեք վարորդ կկոչվի: Ժամանակը, կյանքի ու վարորդական փորձն են նրան ավելի հմտացնում:
- Ճանապարհային ոստիկանության համար առանձնանո՞ւմ է վարորդների որեւէ խումբ, որոնց հետ աշխատելը դժվար է, խնդրահարույց' գուցե նրանց անհնազանդության պատճառով:
- Ճանապարհային ոստիկանության համար ամենաշքեղ մեքենայի վարորդն ու երթուղային տաքսու վարորդը հավասար են. երթեւեկության մեջ նրանք նույն վարորդն են: Բոլորի նկատմամբ հավասարապես կիրառվում են վարչական տույժերը, յուրաքանչյուրը խախտման դեպքում անհանդուրժող վերաբերմունքի է արժանանում ճանարհային ոստիկանների կողմից: Դեռ ավելին' շքեղ, «ոսկե» համարներով մեքենաների վարորդների նկատմամբ, մասնավորապես' այն կարգազանցների, որոնք նկատելիորեն ավելի հակված են օրինախախտումների, գուցե ենթագիտակցորեն ավելի խիստ ենք:
- Վերջին տվյալներով' ինչպիսի՞ն է վիճակագրությունը ՃՏՊ-ների առումով' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
- Այս տարվա առաջին չորս ամիսներին արձանագրվել է 574 ՃՏՊ, որի հետեւանքով գրանցվել է 60 զոհ եւ 832 վիրավոր, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պատահարների թիվը եղել է 506' 72 զոհով եւ 694 վիրավորով: Նախորդ տարվա առաջին երեք ամիսներին ընդհանուր պատահարների թիվը կազմել է 371, զոհերինը' 54, վիրավորներինը' 509:
Հարցազրույցը` ՆԵլլի Դավթյանի