Տնտեսություն

Փախստականների բնակարանային ապահովման հարցը ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում է

8 րոպեի ընթերցում

Փախստականների բնակարանային ապահովման հարցը ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում է

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում այսօր անցկացվեց 1988-92թթ. Ադրբեջանից բռնագաղթած առավել կարիքավոր փախստականների բնակարանային ապահովության հարցերով միջազգային համաժողով: Մասնակցների թվում Էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշը, միջազգային կազմակերպությունների, տարբեր երկրների կառավարությունների ներկայացուցիչներ: Համաժողովը նախագահում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Նա ներկայացրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձը:

ՀՀ նախագահը, ողջունելով մասնակիցներին, ուղերձում նշել է, որ հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում բազմիցս ենթարկվել է զանգվածային բռնի տեղաշարժերի: «Մի քանի շաբաթ առաջ' ապրիլի 24-ին մենք ոգեկոչեցինք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 96-րդ տարելիցը: Մեր ժողովրդի համար ճակատագրական պահին մեզ օգնության ձեռք են մեկնել շատերը, բայց նրանցից առանձնանում է մի անուն, որը երախտագիտությամբ է արտասանում յուրաքանչյուր հայ' Ֆրիտյոֆ Նանսեն»,-ասված է նախագահի ուղերձում: Այս տարի լրանում է նորվեգացի նշանավոր բեւեռախույզ, հասարակական գործիչ Ֆ. Նանսենի ծննդյան 150-ամյակը: Հայ ժողովրդի հիշողության մեջ ընդմիշտ մնացել է մեծ հումանիստի, դիվանագետի, բեւեռախույզի անունը եւ գործը: «Երբեք չի մոռացվի այն փաստը, որ 1918թ-ին, լինելով փախստականների հարցերով ազգերի լիգայի առաջին գերագույն հանձնակատարը, Ֆ. Նանսենն անգնահատելի ծառայություն մատուծեց 1915թվականի Եղեռնից մազապուրծ եղած հայերին»,- նշված է ուղերձում:

«Ցավոք, 20-րդ դարի վերջում հայ ժողովուրդի մի ստվար զանգված կրկին դարձավ փախստական: Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում 1988-1992 թվականներին իրենց մշտական բնակավայրերից տեղահանվեցին ավելի քան կես մլն հայեր, որոնցից 360 հազարը ապաստանեցին Հայաստանում»,-ասված է ուղերձում: 1992-94 թվականներին 72 հազար մարդ ստիպված եղավ լքել իր բնակավայրն Ադրբեջանի կողմից սահմանամերձ տարածքների ռմբակոծությունների հետեւանքով: Փախստականների ինտենսիվ հոսքը լրջագույն խնդիրներ հարուցեց 1988 թվականի երկրաշարժի եւ շրջափակման հետեւանքով սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում հայտնված նորանկախ Հայաստանի համար:

«Մեր միջոցները շատ սուղ էին այդ հարցին արմատական լուծում տալու համար: Արդյունքում' անկախության առաջին 15 տարիներին Հայաստանը դատապարտված էր գլխավորելու յուրաքանչյուր հազար բնակչին ընկնող առավել թվով փախստականներ ունեցող երկրի ցանկը: Այնուամենայնիվ, մենք կարողացանք հնարավորինս փոխել իրավիճակը»,-նշված է նախագահի ուղերձում:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով' մարդկանց ծածկով ապահովելու համար գործի դրվեցին բոլոր ռեսուրսները' հյուրանոցները, հանգստյան տները, հանրակացարանները, դպրոցական եւ վարչական շենքեր: Բռնագաղթվածների մի մասն էլ հյուրընկալվեց ծանոթների, բարեկամների տներում: Հասարակությունում տիրող պատրաստակամության շնորհիվ հնարավոր եղավ խուսափել փախստականների համար վրանային քաղաքներ եւ թաղամասեր ստեղծելու անցանկալի հեռանկարից:

Ըստ վարչապետի' 1990-ական թվականների կեսերին պարզ դարձավ, որ փախստականների կամավոր վերադարձն իրենց բնակության նախկին վայրեր իրատեսական չեն կյանքի եւ անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով: Հայստանը ձեռնամուխ եղավ փախստականների ինտեգրացման քաղաքականությանը: Այդ խնդիրները տարբեր էին' սոցիալական, իրավաքաղաքական, հոգեւոր-մշակութային, բարոյահոգեբանական: Դրանց համալիր լուծումը կարող էր հանգեցնել փախստականների' հասարակության հետ վերջնական ինտեգրմանը, որի կարեւորագույն իրավաքաղաքական դրսեւորումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ընդունումն է: Տ. Սարգսյանի խոսքով' վիճակն էապես փոխվեց 1999 թվակնի մարտի 3-ին փախստականների մասին ՀՀ օրենքի ընդունմամբ: Իրականացված լայնածավալ քարոզչական աշխատանքի արդյունքում կտրուկ մեծացավ ՀՀ քաղաքացիություն ընդունած փախստականների թիվը: Ներկայում այն կազմում է ավելի քան 85 հազար:

Այսօր փախստականների շրջանում խիստ բարձր է մշտական կացարանով չապահովվածների թիվը: Ավելի սուր է արտահայտված աղքատությունը, շուրջ 2-3 անգամ բարձր է գործազրկության մակարդակը:

ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ փախստականների բնակարանային ապահովման հարցը: Մի շարք քայլեր են ձեռնարկվել խնդիրը մեղմելու ուղղությամբ: 2001թ-ից սկսած' փասխտականները կարող են անվճար սեփականաշնորհել հանրակացարաններում իրենց զբաղեցրած սենյակները: Առ այսօր այդ իրավունքից օգտվել են 1200 ընտանքիներ: 2002 թվականին ընդունված մեկ այլ օրենքով փախստականները ճանաչվել են միջազգային հանրության միջոցներով կառուցված բնակարանների սեփականատերեր: Իրականացված քայլերի թվում, ըստ վարչապետի, հիշատակության է արժանի կառավարության կողմից 2004 թվականին հաստատված առավել կարիքավոր փախստական ընտանիքների բնակարանային ապահովության ծրագիրը: Դրանով ուրվագծվեց հանրային նշանակության շենքերում եւ շինություններում բնակվող 3 հազար 470 փախստական ընտանիքների հիմնախնդիրների լուծումը: 2005թվականից սկսած' ՀՀ պետական բյուջեով գումարներ էին նախատեսվում այդ ծրագրերում ընդգրկված ընտանիքներին բնակարանների գնման սերտիֆիկատներ տրամադրելու համար:

«Ցավոք, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով ոչ 2010 եւ ոչ էլ 2011թվականի բյուջեով գումարներ չեն նախատեսվել: Շուրջ 1200 փախստական ընտանիքների բնակարանային խնդիրները դեռեւս մնում են չլուծված: Պահանջվող միջոցների ծավալը կազմում է շուրջ 45 մլն դոլար»,-ասաց Տ. Սարգսյանը' ավելացնելով, որ ակնկալում են, որ համաշխարհային ուշադրությունից դուրս չեն մնա ավելի վաղ ծագած հիմնախնդիրները, որոնցից է Հայաստանի փախստականների հիմնախնդիրը: Ըստ Տ. Սարգսյանի' դա առավել սուր է Հայաստանի իշխանությունների համար հետճգնաժամային փուլում' պայմանավորված այն հանգամանքով, որ դեռեւս կա չլուծված շուրջ 4 հազար անօթեւան ընտանիքի բնակարանային խնդիր աղետի գոտում: Դրա համար կառավարությունը տրամադրել 250 մլն ԱՄՆ դոլար' ստանալով վարկային միջոցներ:

Ա. Գուտերեշը նշեց, որ Հայաստանը փորձում է գտնել ընդունելի լուծում փախստականների կարիքների համար, եւ պետք է այդ հարցում նրան աջակցել:

«Տարիներ առաջ ես հնարավորություն եմ ունեցել այցելել այդ մարդկանցից մեկի կացարանը: Ցավալի է, բայց նրանք ապրում էին խիստ անբարենպաստ պայմաններում: Դա պարզապես անընդունելի է»,-ասաց Ա. Գուտերեշը: Նա նշեց, որ իրենք լիովին աջակցում են ՀՀ կառավարության' այս համաժողովի միջոցով հղած կոչին, որպեսզի հնարավոր դառնա աջակցության տրամադրման միջոցով վերջնական լուծում տալ փախստականների բնակարանային խնդրին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում