Վ. Վարդանյան. «Աղետի գոտու շինարարության որակը քաղաքաշինության նախարարության ուշադրության կենտրոնում է»

11 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ընթացիկ տարում կիրականացվեն բնակարանային ապահովման մեծածավալ քաղաքաշինական ծրագրեր: Դրանց ընթացքի, որակի, քաղաքաշինական ոլորտում առկա խնդիրներ մասին «Արմենպրես»-ը զրուցեց ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի հետ:

-Պարո'ն Վարդանյան, ՀՀ քաղաքաշինության նախարարության համար ընթացիկ տարում որո՞նք են համարվում գերակա ուղղություններ:

-Ընթացիկ տարում հինգ գերակա ուղղություններ են առանձնացված: Առաջնայիններից է համարվում բնակարանային ապահովումը: Նախատեսում ենք կատարելագործել քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օրենսդրությունը, ինչպես նաեւ կարգավորել ՀՀ բնակավայրերում քաղաքաշինական գործունեությունը: Գերակա ուղղություններից է նաեւ Հայաստանի Հանրապետությունում տարածական պլանավորման համակարգի բարեփոխումը, քաղաքաշինության ոլորտում համայնքների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը: Տարվա ընթացքում մեր ուշադրության կենտրոնում է լինելու ՀՀ տարածքում ինքնակամ շինարարության դեմ պայքարի հիմնախնդիրների լուծման միջոցառումների իրագործումը, քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման մեխանիզմների կանոնակարգումը:

-Աղետի գոտում ընթացիկ տարում ի՞նչ ծավալի աշխատանքներ են նախատեսված, եւ քանի՞ ընտանիք այս տարի կստանա նոր բնակարան:

- 2011 թվականին պետական բյուջեի հատկացումների հաշվին աղետի գոտում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով' ՀՀ Շիրակի եւ Լոռու մարզերում ընթացք է ստանալու 3 հազար 223 բնակարանների (բնակելի տների) շինարարությունը: Այս տարի նախատեսվում է ավարտել 2010 թվականին սկսված շինարարական աշխատանքները: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ավարտել 2 հազար 131բնակարանների եւ բնակելի տների շինարարությունը, այդ թվում'Գյումրի քաղաքում'1756, Լոռու մարզի գյուղական բնակավայրերում' 375:

Նախատեսում ենք սկսել եւ 2012 թվականին ավարտել նոր բնակարանների (բնակելի տների) շինարարական աշխատանքները: Ընդհանուր առմամբ կիրականացվի 1092 բնակարանների եւ բնակելի տների շինարարություն, այդ թվում' Սպիտակ քաղաքում' 134, Ախուրյան գյուղում' 182, Լոռու մարզի գյուղական բնակավայրերում' 546, Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում' 230:

-Ինչպե՞ս է վերահսկվում աղետի գոտում իրականացվող շինարարական աշխատանքների որակը:

-Շինարարական աշխատանքների որակը շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում: Նախ աղետի գոտին, ըստ քաղաքաշինական դասակարգման, բաժանվում է երկու խմբի: Առաջինը բազմահարկ բնակելի շենքերն են, որոնք կառուցվել եւ կառուցվում են Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ-2», «Մուշ-2-2» եւ «Անի» թաղամասերում, երկրորդը' մեկ հարկանի մենատները' 2, 3 եւ 4 սենյականոց, որոնք կառուցվել եւ կառուցվում են Շիրակի եւ Լոռու մարզերի գյուղական համայնքներում: Թե' առաջին, եւ թե' երկրորդ խմբերում ընդգրկված շենքերի քաղաքաշինական գործունեության պետական տեսչական վերահսկողությունն իրականացվում է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի շրջանակնորում' ընթացիկ ստուգումների միջոցով:

Քանի որ Շիրակի մարզում դեռեւս չեն սկսվել Ախուրյանի երեք բնակելի շենքերի եւ գյուղական համայնքների մենատների շինարարությունները, այնտեղ Քաղաքաշինական պետական տեսչության Շիրակի տարածքային բաժնի կողմից մինչ այժմ չեն իրականացվել պետական տեսուչների համապատասխան օբյեկտներին կցումները: Լոռու մարզում տեսչության տարածքային բաժնի 6 տեսուչները կցված են 14 համայնքներում իրականացվող մենատների շինարարություններին եւ ընթացիկ ստուգումների միջոցով վերահսկում են իրավական ակտերի, քաղաքաշինական եւ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարումը: Տեսուչների կողմից իրականացվել է 11 ստուգում, որի արդյունքում սահմանվել է 920 հազար դրամի տուգանք:

Առաջին խմբում ընդգրկված 38 բազմահարկ բնակելի շենքերի քաղաքաշինական գործունեության պետական տեսչական վերահսկողությանը զուգահեռ, իրականացվում են նաեւ լրացուցիչ վերահսկողական միջոցառումներ: Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի մոտ 2010 թվականի հոկտեմբերի 14-ին կայացած խորհրդակցության արձանագրության, ինչպես նաեւ իմ հանձնարարականի համաձայն' Քաղաքաշինական պետական տեսչության Շիրակի տարածքային բաժնի 7 պետական տեսուչները կցվել են վերը նշված շենքերի, նրանց արտաքին ինժեներական ցանցերի ու արտաքին բարեկարգման աշխատանքներին:

Պետք է նշել, որ նրանք 15 օրը մեկ համապատասխան հաշվետվություն են ներկայացնում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին, ինչպես նաեւ ինձ' իրականացվող շինարարության որակի մասին' տալով պարտադիր կատարման ցուցումներ թերի կամ անորակ կատարված աշխատանքների վերացման ուղղությամբ: Արդեն իրականացվել է 27 ստուգում եւ սահմանվել է 2,17մլն դրամի տուգանք:

- Ո՞ր համայնքներն են գտնվում սողանքների եւ քարաթափերի ազդեցության վտանգավոր գոտիներում, քանի՞ անհատական տներ եւ բազմաբնակարան շենքեր են հաշվառված այդ հատվածներում: Ի՞նչ է նախատեսված այդ ընտանիքներին աջակցելու համար:

-Նախորդ տարիներին մասնագիտացված կազմակերպությունների կողմից Երեւանում, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Շիրակի, Լոռու, Արարատի եւ Գեղարքունիքի մարզերում իրականացվել է շուրջ 110 բնակավայրերի սողանքային գոտիներում գտնվող 1498 բնակելի տների տեխնիկական վիճակի հետազննություն: Դրա արդյունքներով 817 բնակելի տների վնասվածության մակարդակը գնահատվել է 4-րդ, 5-րդ աստիճանի: Բացի այդ, նշված մարզերի 45 բնակավայրերի քարաթափերի ազդեցության գոտիներում հաշվառված են թվով 703 բնակելի տներ:

2002-2010 թվականների ընթացքում սողանքային եւ քարաթափերի ազդեցության գոտիներում գտնվող բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի շրջանակներում լուծվել են սողանքային գոտիներում գտնվող 162 ընտանիքների բնակարանային խնդիրները: Դրանցից Կոտայքի մարզում' 63, Սյունիքի մարզում' 8, Տավուշի մարզում' 29, Վայոց ձորի մարզում' 14, եւ Գեղարքունիքի մարզում' 48:

Քարաթափերի ազդեցության վտանգավոր գոտիներում լուծվել են 62 ընտանիքների բնակարանային խնդիրները, որոնցից 58-ը' Վայոց ձորի մարզի Շատին գյուղում, եւ 4-ը' Լոռու մարզի Նեղոց եւ Փամբակ գյուղերում:

Չնայած իրականացված միջոցառումներին' ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ դեռեւս լուծման կարիք ունի 655 բնակելի տներում բնակվող բնակիչների անվտանգ բնակելի տարածքով ապահովման խնդիրը, որոնցից Երեւան քաղաքում' 25, Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում' 103, Սյունիքի մարզի 16 բնակավայրերում' 100, Տավուշի մարզի 12 բնակավայրերում' 266, Վայոց ձորի մարզի 4 բնակավայրերում' 76, Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղում' 73,Շիրակի մարզի Առափի գյուղում' 11, Լոռու մարզի Եղեգնուտ գյուղում' 1:

Հանրապետության բնակավայրերում քանդման ենթակա վթարային' 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող, եւ քանդված բնակարանային ֆոնդի բնակիչների անվտանգության ապահովման նպատակով մշակվել է հայեցակարգ, որը ներկայում գտնվում է քննարկման փուլում: Հայեցակարգի նախագծով նախատեսվում է հստակեցնել վերը նշված բնակիչների, այդ թվում' սողանքային եւ քարաթափերի ազդեցության վտանգավոր գոտիներում գտնվող բնակելի տների բնակիչների անվտանգության ապահովման խնդրի լուծմանն ուղղված պետական քաղաքականության ուղղությունները, սկզբունքներն ու առաջնահերթությունները:

-Նախորդ տարի ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման եւ ֆինանսական վերահսկողության վարչության կողմից քաղաքաշինության ոլորտում մի շարք խախտումներ էին արձանագրվել: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում 2011թ. նման բացթողումներից խուսափելու համար:

-ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման եւ ֆինանսական վերահսկողության վարչության կողմից ուսումնասիրվել են նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, հայտնաբերվել են որոշակի թերություններ: ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հանձնարարել էր նախագծային կազմակերպություններին կրկին վերանայել իրենց իսկ կողմից մշակված նախագծանախահաշվային փաստաթղթերը եւ ներկայացնել լրամշակված տարբերակը, որը եւ իրականացվել է:

2010 թվականից սկսած' կնքվող գնման պայմանագրերում մեր նախաձեռնությամբ նախատեսվել է պատասխանատվության միջոց, համաձայն որի' շինարարական ծրագրերի կատարման ընթացքում նախագծային շեղումներ առաջանալու դեպքում' ե'ւ նախագծած, ե'ւ փորձաքննություն իրականացրած անձինք պատվիրատուին վճարում են տուգանք' յուրաքանչյուր արձանագրված շեղման եւ (կամ) դրա հետեւանքով առաջացած կորստի չափով:

Հետագայում այս դրույթը սահմանվել է ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ հաստատված «Գնումերի գործընթացի կազմակերպման» կարգի 64-րդ կետի 2-րդ ենթակետով:

Կատարվելիք նախագծա-նախահաշվային աշխատանքների որակի բարձրացման նպատակով' տեխնիկական առաջադրանքների կազմմանը մասնակցում են բոլոր շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչները:

Շինարարական աշխատանքների որակի բարձրացման նպատակով բոլոր շահագրգիռ կազմակերպությունները, պատվիրատուն, կապալառուն, շահագործող կողմերը մասնակցում են ընթացիկ քննարկումներին եւ ավարտական ակտերի ձեւակերպմանը:

Հարցազրույցը` Աննա Գզիրյանի

Հայերեն English Русский