Հարցազրույց

Ս.Խաչատրյան. «Սյունիքում իրականացվող ծրագրերը կնպաստեն բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, գործազրկության մակարդակի իջեցմանը»

11 րոպեի ընթերցում

Ս.Խաչատրյան. «Սյունիքում իրականացվող ծրագրերը կնպաստեն բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, գործազրկության մակարդակի իջեցմանը»

ԿԱՊԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սահմանամերձ` Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերը մարզի ղեկավարության ուշադրության կենտրոնում են: Դրանց իրագործումը կնպաստի մարզի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ գործազրկության մակարդակի իջեցմանը: Մարզում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների եւ դրանց հաղթահարման ուղիների մասին «Արմենպրես»-ը զրուցեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ:

-Մարզպետերի կատարած աշխատանքների արդյունքներին տրվող տարեկան գնահատականով գործադիր մարմնի ներկայացուցիչների կողմից 2010թ. Ձեր գործունեությունը գնահատվել է 96,08 միավոր, որն ամենաբարձրն է հանրապետությունում: Ո՞րն եք համարում այդ բարձր գնահատականի գրավականը:

-Այս բարձր գնահատականը համարում եմ Սյունիքի մարզպետարանի, մարզի ՏԻՄ-երի, մարզում գործող հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների համատեղ ու արդյունավետ գործունեության արդյունք: Կարծում եմ, որ այս կերպ գնահատվել է ոչ միայն իմ, այլեւ մեր բոլորի համատեղ աշխատանքը: Այն մեր կողմից ընկալվում է որպես մեծ պատասխանատվություն եւ պարտավորեցնում է` հետագայում էլ ավելի լավ աշխատելու, մարզպետարանի գործունեության արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու՝ ի շահ մարզի զարգացման եւ սյունեցիների բարեկեցության:

-Մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերից ո՞րն եք առավել կարեւորում:

-ՀՀ կառավարության կողմից 2009 թվականի հունիսին հաստատված Սյունիքի մարզի 2010-2013 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում, որը համարվում է մարզի զարգացման հիմնական ուղղությունները նախանշող փաստաթուղթ, նշված են մարզում առկա մի շարք կարեւորագույն խնդիրներ: Դրանցից կարեւոր է համայնքների կողմից ներկայացված հիմնախնդիրների լուծումը: Մասնավորապես` կարեւորում եմ արդեն իսկ սկսված Տաթեւի վանական համալիրի նորոգման, Հալիձոր-Տաթեւ ճոպանուղու, Գեղիի տարածքում լեռնահանքային նոր կոմբինատի, Մեղրու ՀԷԿ-ի, Իրան-Հայաստան երկաթուղու, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման աշխատանքները: Թվարկված ծրագրերի իրականացումը կնպաստի մարզի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ գործազրկության մակարդակի իջեցմանը:

-Որո՞նք են մարզում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները եւ դրանց հաղթահարմանն ուղղված ի՞նչ միջոցառումներ եք նախատեսել:

-Մարզի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները շատ են ու տարաբնույթ: Դրանցից են ՀՀ նախագահի 2008 թվականի հուլիսի 30-ի ՆԿ-128-Ն կարգադրությամբ հաստատված միջոցառումների ժամանակացույցում ներառված` Սյունիքի մարզի մի շարք համայնքներում Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումների ժամանակ արծարծված հիմնախնդիրները, որոնց մի մասն արդեն լուծում է ստացել: Առաջնահերթ լուծում են պահանջում հատկապես ճանապարհաշինական աշխատանքները մարզի բոլոր տարածաշրջաններում, նաեւ` շուրջ 1000 տնտեսություն ունեցող Խնածախ, Վաղատուր, Խոզնավար, Սպանդարյան, Անգեղակոթ գյուղերի գազիֆիկացումը, Կապանի երկրագիտական թանգարանի, Խնձորեսկ գյուղի ակումբի շենքի, Անգեղակոթ գյուղի դպրոցի, մշակույթի տան, Մեղրի քաղաքի հիվանդանոցի շենքի հիմնանորոգման աշխատանքները եւ այլ բազմաթիվ խնդիրներ: Դրանք աստիճանաբար լուծում են ստանում: Որպես օրինակ կարող եմ նշել, որ ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի համապատասխան որոշմամբ նախատեսվել է մինչեւ 2012 թվականի ավարտը «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ համար կառուցել նոր շենք:

-Անցած տարի, հիմնականում պայմանավորված բնակլիմայական անբարենպաստ պայմաններով, մարզի գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ցուցանիշները, մեղմ ասած, բավարար չԷին: Այս տարի ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում գյուղացուն աջակցելու համար:

-Չնայած բնակլիմայական անբարենպաստ պայմաններին, այնուամենայնիվ, հետեւողական աշխատանքի ու մասնագիտական ներուժի նպատակային կիրառման շնորհիվ վերջին տարիներին հաջողվել է Սյունիքում ավելացնել գյուղմթերքների արտադրության ծավալները: Նախորդ տարիների համեմատությամբ` ֆերմերային տնտեսությունների թիվը մարզում ավելացել է 110-ով, գյուղատնտեսական մթերքների վերամշակմամբ զբաղվող կազմակերպություններինը` 58-ով: Վերջին տարիներին աճ է արձանագրվել նաեւ անասնագլխաքանակի հաշվով: Որպես աջակցություն գյուղացուն, այս տարի ՀՀ կառավարության կողմից Սյունիքի մարզի գյուղացիական եւ ֆերմերային տնտեսություններին հատկացվել է 116 տ գարնանացան գարու առաջին վերարտադրության սերմացու, 103 տ գարնանացան գարու էլիտար սերմացու, 1տ եգիպտացորենի սերմացու: Մասնավոր ֆերմերի կողմից մարզ է ներկրվել 13 տ կարտոֆիլի սերմանյութ: Մկնանման կրծողների դեմ պայքար իրականացնելու համար ներկրվել է 2400 կգ ցինկի ֆոսֆիդ տեսակի թունանյութ: Ազոտական պարարտանյութի ներկրումը մարզ ընթացքի մեջ է: Պարարտանյութը մարզի գյուղացիներին տրամադրվում է շուկայականից էժան գներով` «Սյունիք-Զանգեզուր» բարեգործական հիմանադրամի աջակցությամբ: Ճապոնիայի դրամաշնորհով Հայաստանին տրամադրված եւ Սյունիքի մարզի համար նախատեսված 2 տրակտոր` իրենց համապատասխան գործիքներով, այս տարի հատկացվել են Խնձորեսկ եւ Բռնակոթ համայնքներին:

-Մարզի առողջապահական համակարգում եւս խնդիրներ կան, մասնավորապես բժիշկ-մասնագետների, բուժսարքավորումների կարիք ունեն մարզի բուժհիմնարկները: Այս տարի կա՞ն ծրագրեր ոլորտի հիմնախնդիրների լուծման համար:

-Մարզի առողջապահական համակարգի խնդիրներն աստիճանաբար լուծում են ստանում: Այսօր բնակչությանը որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվել: Եթե մի քանի տարի առաջ դրված էր համակարգի պահպանման խնդիրը, ապա այսօր օրակարգում են համակարգի արդիականացման հարցերը:

2004-2010 թվականների ընթացքում մարզային ենթակայության առողջապահական հաստատությունները համալրվել են 907 մլն դրամի բուժգործիքներով եւ սարքավորումներով: 2010թ. Գորիս քաղաքում շահագործվել է սրտաբանական կենտրոնը, ինչի արդյունքում մարզի բնակիչների համար հասանելի կդառնան բուժսպասարկման նորագույն մեթոդներն ու տեխնոլոգիաները:

Մարզի բուժհաստատությունները բժիշկ-մասնագետներով համալրելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից պետական պատվերի շրջանակներում կլինիկական օրդինատուրայում մասնագիտացված 4 բժիշկների հետ կնքվել են պայմանագրեր, ըստ որոնց` նրանք աշխատանքի են անցել մարզի բուժհաստատություններում: 2010թ. իմ կողմից 8 բժիշկի տրվել են միջնորդագրեր` կլինիկական օրդինատուրայում ուսուցումը պետական պատվերի շրջանակներում իրականացնելու համար: Ներկայումս դարձյալ իմ կողմից տրված միջնորդությամբ եւ պայմանագիր կնքած 12 բժիշկներ մասնագիտացման դասընթացներ են անցնում ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտում: Աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված մարզի բուժհաստատություններում իրականացվող լայնածավալ շինաշխատանքները եւս կխթանեն երիտասարդ բժիշկների աշխատելը մարզի բուժհաստատություններում:

-Ինչպիսի՞ն է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում մարզի համայնքների

բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը:

-Նշված ժամանակահատվածում մարզի համայնքների բյուջեները կատարվել են նախատեսվածի 88,9 տոկոսով: Սեփական եկամուտները նախատեսվել էր 259 մլն 513 հազ. դրամ, փաստացի մուտքը կազմել է 184 մլն 685 հազ. դրամ կամ նախատեսվածի 71,2 տոկոսը: Անցած տարվա նույն ժամանակահատվածում գույքահարկի գանձումների մակարդակը մարզում աճել է 52 տոկոսով, հողի հարկի գանձումները նվազել են 33 տոկոսով, իսկ հողի վարձավճարների հավաքագրումը` 2 տոկոսով:

Հողի հարկի գանձումների ցածր մակարդակը պայմանավորված է նրանով, որ տարվա այս սեզոնին գարնան գյուղատնտեսական աշխատանքներով զբաղված գյուղացու համար հեշտ չէ վճարումներ կատարելը, առավել եւս, որ անցած տարին խիստ անբարենպաստ է եղել գյուղատնտեսության համար: Հուսանք որ հաջորդ եռամսյակներին մարզում նկատելիորեն կաճեն հողի հարկի եւ հողերի վարձավճարների ցուցանիշները:

-Արտաքին կապերի աշխուժացմանը, մասնավորապես` մարզի տնտեսական շփումների ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված ի՞նչ ծրագրեր կան ընթացիկ տարում:

-Համաձայն 2005թ. հունիսի 29-ին մեր մարզի եւ Իրանի Իսլամական Հանրապետության Արեւելյան Ատրպատականի նահանգի միջեւ կնքված համագործակցության փոխըմբռնման հուշագրի, որի նպատակը երկու մարզերի միջեւ տնտեսական, առեւտրային ու մշակութային ոլորտների զարգացումն է, մեր կողմից կազմվել եւ համապատասխան ընթացք ստանալու համար ՀՀ արտաքին գործերի նախարարություն է ներկայացվել Կապան-Մարանդ, Մեղրի-Ջուլֆա քաղաքները «քույր քաղաքներ» հռչակելու մասին համաձայնագրերի նախագծերը: Այդ համագործակցության շրջանակներում 2011թ. կարեւորագույն ծրագրերից կառանձնացնեմ նաեւ Մեղրու ՀԷԿ-ի կառուցման եւ Սյունիքի գյուղական համայնքների վարչական տարածքում զարգացման հնարավորությամբ արդյունաբերական գոտու ստեղծման ծրագրերը: Առաջիկայում Սյունիքը կհամագործակցի նաեւ ՌԴ Չելյաբինսկի մարզի հետ: Անցած ամիս մայրաքաղաքում կայացած հայ-ռուսական առաջին միջտարածաշրջանային արդյունաբերական ինովացիոն ցուցահանդեսի շրջանակներում երկու մարզերի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել կնքելու համագործակցության համաձայնագիր, որի նպատակը թե’ Սյունիքում, եւ թե’ Չելյաբինսկում առեւտրաարդյունաբերական, գիտատեխնիկական, մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտների զարգացումն է:

Հարցազրույցը` Գոհար Իսախանյանի

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում