Հարցազրույց

Պ. Զելվեյան. «Առողջության նկատմամբ հետեւողականությունը պետք է հասցնել ապահովագրության աստիճանի»

7 րոպեի ընթերցում

Պ. Զելվեյան. «Առողջության նկատմամբ հետեւողականությունը պետք է հասցնել ապահովագրության աստիճանի»

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածված կարծիք է, որ Հայաստանում բժիշկների հանդեպ վստահությունն ու սեփական առողջության նկատմամբ հետեւողականությունը հասարակության մեջ թույլ են արտահայտված, մինչդեռ մասնագետներն արդեն ապահովագրական բժշկական համակարգի ներդրման հարցն են բարձրացնում: Թեմայի շուրջ «Արմենպրես»-ը զրուցեց Երեւանի գլխավոր սրտաբան, Սրտաբանության ինստիտուտի փոխտնօրեն, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի տնօրեն, Պարունակ Զելվեյանի հետ:

- Պարո'ն Զելվեյան, ինչո՞վ եք բացատրում հայերի ոչ այնքան լուրջ վերաբերմունքն առողջության ու բժշկության հանդեպ:

- Ես դա բացատրում եմ այն ֆունկցիայով, որ հայաստանյան պայմաններում իրականացնում են բժիշկները, ինչը, սակայն, իրենց համար չէ: Խոսքս ֆինանսական կողմի մասին է. հիվանդների հետ ֆինանսական հարաբերություններ ունենալը բժշկի գործառույթների մեջ չի մտնում: Դա էլ պայմանավորում եմ այս մասնագիտության տեր մարդկանց ոչ բավարար միջոցների հետ: Նախեւառաջ բժիշկն առաջինն ինքը պետք է հարգի իր խալաթը: Մեր համակարգում, հուրախություն բոլորիս, բժիշկները շատ լավն են: Այսօր փորձում են բժշկի աշխատավարձը բարձրացնել:

- Համավճարի ներդրումն ինչպե՞ս եք գնահատում:

- Համավճարի փիլիսոփայությունը, որքան էլ խոցելի լինի, մի շատ դրական խնդիր է լուծում: Դրանով մենք փորձում ենք որոշակի գումար օրինականացնել, որի հաշվին աշխատավարձն է բարձրանում: Միեւնույնն է, այն գումարը, որն այսօր հիվանդը վճարում է, միշտ էլ վճարել է բժշկին: Բոլորս էլ գիտենք, որ այս համակարգում ստվերային գումարներ եղել են, իսկ հիմա համավճարի տեսքով փորձ է արվում որոշակի գումար բերել այսպես ասած' ավելի քաղաքակիրթ դաշտ: Ու եթե այդ համավճարի հաշվին բժշկի աշխատավարձը բարձրացվի, շատ ճիշտ կլինի: Դրա միտումն այսօր կա: Դա միգուցե հանգեցնի նրան, որ բժիշկը սկսի արժանավայել պահել իրեն: Վերջինս էլ հերթական անգամ հիմք կհանդիսանա, որ հիվանդը սկսի վերականգնել հավատն ու վստահությունը բժշկի հանդեպ եւ հարգել նրան: Չնայած մեր ժողովուրդը միշտ էլ սիրել է բժիշկներին:

- Բժշկական ապահովագրության անհրաժեշտությունը, Ձեր պատկերացմամբ, որքանո՞վ է արդիական ու հրատապ Հայաստանում:

- Մեխանիզմը թող պատկերացնեն համապատասխան մասնագետները, բայց ըստ իս, մենք այդ հնարավորությունն ունենք: Ինչքան շուտ անցնենք ապահովագրական բժշկության, այնքան ճիշտ կլինի: Ստացվում է, որ կան որոշակի ախտաբանական վիճակներ' սուր դեպքեր, որ պետությունը բոլորի համար վճարում է: Դա ճիշտ չէ: Ինչո՞ւ պետք է ե'ւ չքավորի, ե'ւ մեծահարուստի համար պետությունը վճարի: Մենք պետք է կարողանանք սուղ պետական միջոցներն ավելի նպատակային ծառայեցնել: Ես միանշանակորեն ողջունում եմ մեր ծնելիության խթանմանն ուղղված միջոցառումները, այդ թվում նաեւ ծննդօգնության հավաստագրերի համակարգը, որը գործում է 2008-ի հուլիսից: Բայց միեւնույն ժամանակ այս դեպքում էլ կարող ենք բարձրացնել խտրականություն ներմուծելու հարցը: Թող միայն անվճարունակներին ապահովի պետությունը' այդպիսով ավելի նպատակային ծախսելով գումարները: Ով վճարունակ է, թող վճարի իր համար մատուցված բժշկական ծառայության դիմաց կամ ունենա կամավոր բժշկական ապահովագրություն: Այդ համակարգը, բարեբախտաբար, մենք ունենք: Ես ինքս ապահովագրված եմ: Տարեկան չնչին գումարի դիմաց ունեմ ապահովագրություն անխտիր բոլոր բժշկական ծառայությունների հետ կապված:

- Ձեր անձնական փորձի հիման վրա ասացե'ք' ի՞նչ գումարի մասին է խոսքը, որքա՞ն գումարը կարելի է առողջության ապահովագրության դիմաց չնչին համարել:

- 30-40 հազար դրամ տարեկան, որը ներառում է բոլոր առողջական դեպքերը, այդ թվում նաեւ սրտային վիրահատությունը: Ես տարեկան վճարում եմ 37 հազար դրամ: Ավելի հակված եմ ամսական երեք-չորս հազար դրամ վճարել, բայց ապահովագրված լինել լիովին: Իսկ այն մարդիկ, ովքեր բավարար եկամուտներ չունեն, նրանց համար ոչ միայն սուր դեպքերը, այլ ամբողջ համակարգը պետք է լինի անվճար: Այսինքն' պետությունն իր սուղ բյուջեն պետք է ուղղի միայն սոցիալապես վատ պայմաններով ապրող մարդկանց:

- Չե՞ք համարում, որ ժողովրդի շրջանում այս կամ այն չափով առկա անվստահությունը պայմանավորված է դաշտում շրջանառվող անօրինական գումարների հետ' հիվանդ-բժիշկ հարաբերություններում:

- Առողջությունը եւս ապրանք է, որը գին ունի: Հիմա էլ է այդ գինը վճարվում' մի մասը պետության, մի մասն ապահովագրական ընկերությունների, իսկ մնացած մասն էլ իր' հիվանդի կողմից: Դա էլ հենց ձեւավորում է ստվերը: Պետք է ավելի բաց ու թափանցիկ աշխատել: Վստահեցնում եմ Ձեզ' այդ ստվերը ո'չ հիվանդին, ո'չ բժշկին, ոչ ոքի էլ հաճելի չէ: Իմ նշած մեխանիզմները կիրառելու դեպքում դա էլ կբացառվի: Համավճարի ներդրմամբ էլ, կարծես, այդ հարցը լուծվում է:

- Հայաստանում ինչպիսի՞ն է սիրտ-անոթային հիվանդությունների դեմ պայքարի պատկերը, կամ ինչպիսի՞ն պետք է լինի' ըստ Ձեզ:

- Ես կցանկանայի, որ մենք ունենայինք սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման պետական համալիր ծրագիր' ներառող մի շարք ուղղություններ, այդ թվում նաեւ առողջ ապրելակերպի քարոզչությունը, հիվանդությունների վաղ հայտնաբերումը, ախտահանումը, որովհետեւ վաղ հայտնաբերման ժամանակ բուժման միջոցները, բնականաբար, ավելի քիչ ծախսատար են: Այսօր հասարակական կազմակերպությունների, մանր ընկերությունների կողմից իրականացվում են տարբեր փոքրիկ ծրագրեր, սակայն, քանի որ դրանք կոորդինացված չեն, որոշակի փոխկապակցված ուղղվածություններ չունեն, արդյունավետությունն այնքան էլ բարձր չէ: Կանխարգելման հարցում բարձր արդյունավետություն ապահովելու համար պետք է հասարակության մեջ հետեւողականության անհրաժեշտություն սերմանել' հստակ ծրագրով ու ամենայն խստությամբ:

- Այդ հարցում ինչպե՞ս եք գնահատում դպրոցական ու բուհական համակարգերում առողջության վերաբերյալ դասընթացների առկայությունն ու արդյունավետությունը:

- Իհարկե այդ տարիքից է պետք սկսել ձեւավորել գիտակցությունը: Փորձը ցույց է տալիս, որ ներկայում մեր հասարակությունը հեռու է առողջ ապրելու կենսակերպից: Այսինքն' իրենց դաստիարակած երեխան պետք է իրենց նման լինի: Այդ պատճառով էլ ճիշտ է, որ առողջ ապրելակերպի հիմունքները դասավանդվեն դպրոցից: Բայց դա նուրբ հարց է: Գործընթացին պետք է մասնակից լինեն ինչպես մանկավարժները, բժիշկ մասնագետները, այնպես էլ հոգեբանները: Շատ կարեւոր է մատուցման մեթոդիկան, որպեսզի երեխայի մոտ հանկարծ չառաջանա հակազդեցություն:

Հարցազրույցը` Նելլի Դավթյանի

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում