Ն. Պողոսյան. «Գեղարքունիքում գերակա ոլորտներ կմնան գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը»
27 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուտով կլրանա Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի պաշտոնավարման չորս տարին: Նրա ղեկավարման ժամանակահատվածում Գեղարքունիքում իրականացվել են մի քանի տասնյակ միլիարդ դրամի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր դպրոցաշինության, ճանապարհաշինության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, քաղաքաշինության, բնապահպանության, ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում: Մարզում աղքատության եւ միգրացիայի կրճատմանը, կյանքի որակի բարելավմանը, տնտեսական վերելքի եւ աճի ապահովմանը միտված ծրագրերի մասին «Արմենպրես»-ը զրուցեց Ն.Պողոսյանի հետ:
-Պարոն Պողոսյան, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծում է գյուղատնտեսության զարգացման անհրաժեշտության եւ ոլորտի բարելավմանն ուղղված միջոցառումների կարեւորությունը: Ի՞նչ քայլեր են արվում այժմ Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսության ոլորտում, որոնք, թերեւս, նկատելիորեն կարող են թեթեւացնել գյուղացու հոգսը:
-Իմ պաշտոնավարման ընթացքում ուշադրության կենտրոնում միշտ էլ եղել են գյուղն ու գյուղացին, եւ դա հնչեցվում է ոչ թե խոսքերով, այլ' կատարած աշխատանքով: Վերջին տարիներին մարզում կատարած ներդրումների մեջ որոշակի տեղ ունեցել է գյուղատնտեսության ոլորտը: Միայն այն, որ 2000 հեկտարով ավելացել են ոռոգելի հողատարածքները, առանձին համայնքներ համալրվել ժամանակակից գյուղմեխանիզմներով, նորոգվել գյուղական հարյուրավոր կիլոմետրերի հասնող ճանապարհներ, որոշակի ժամանակահատվածում սուբսիդավորվել է հացահատիկային մշակաբույսերի ցանքը, արդեն խոսում են, որ հնարավորինս փորձել ենք աջակցել գյուղացիական տնտեսություններին: Այլ խնդիր է, որ միջոցները եղել են սահմանափակ կամ ոչ բավարար: Ավելորդ չէ հիշեցնել, որ 2 տարի առաջ ՀՀ կառավորության կողմից մարզի տնտեսություններին տրամադրված գյուղատնտեսական սուբսիդիան գերազանցեց մեկ միլիարդ դրամը, ինչի արդյունքում հացահատիկի ցանքերը մարզում նկատելիորեն ավելացան: Այսօր էլ դրա պահանջը կա, սակայն մեր հնարավորությունները մնում են սահմանափակ: Մարզի գյուղատնտեսության ոլորտում խնդիրները կուտակվել են սեփականաշնորհումից հետո, երբ խորհրդային ժամանակաշրջանի գյուղատնտեսության կենտրոնացված համակարգը մասնատվեց, իսկ փոխարենը չառաջարկվեց ոչ մի իրական ռազմավարություն, գյուղացուն աջակցելու որեւէ եղանակ ու միջոց, եւ հիմա մենք քաղում ենք դրա տխուր հետեւանքները: Այսօր մեր մարզում գյուղատնտեսությունը վարվում է ավելի շատ ավանդական ու տարերային, քան թե ժամանակակից ու գիտական եղանակներով: Շատ թույլ է զարգացած տոհմաբուծությունը, գյուղատնտեսական տեխնիկան մաշված է եւ աստիճանաբար կորցնում է շահագործման հետագա պիտանիությունը, գրեթե չկան գյուղացուն աջակցող ագրոտեխնիկական կառույցներ ու միավորումներ, հողագործությունը եւ անասնապահությունը դարձել են նվազ եկամտաբեր: Մասնատված հողատարածքների վրա արդյունավետ չէ ծախսեր կատարելը, ինչի հետեւանքով եւ գրեթե բոլոր համայնքներում շատ տնտեսություններ հրաժարվում են սեփականաշնորհված վարելահողերից: Այս պայմաններում դժվար է ավելի շատ արդյունք ակնկալելը: Սրան գումարվել է այն, որ տարիներ շարունակ չի լուծվել գյուղատնտեսական մթերքների իրացման խնդիրը: Շատ դեպքերում գյուղացին արտադրել է եւ չնչին գներով վաճառել իր արտադրանքը կամ ուղղակի թափել: Այս իրավիճակները ստիպել են, որ գյուղացին երես թեքի հողագործությունից ու անասնապահությունից: Սա նշանակում է, որ միջոցառումներ սկսելուց առաջ մենք պետք է ճշգրտորեն վերլուծենք առկա իրավիճակը: Ավելացնեմ, որ շատ գյուղացիական տնտեսություններ տարբեր տարիների ընթացքում օգտվել են բանկերից, սակայն չեն կարողացել ապահովել դրանց վերդարձելիությունը ինչպես բնական աղետների, այնպես էլ արտադրանքը իրացնել չկարողանալու պատճառներով: Մյուս կողմից էլ բարձր են եղել այդ վարկերի տոկոսադրույքները: ՀՀ նախագահի ցուցումով արդեն այդ տոկոսադրույքները 24 տոկոսից իջեցվել են մինչեւ 14 տոկոսի, իսկ 4 տոկոսն էլ սուբսիդավորում է ՀՀ կառավարությունը: Ստացվում է, որ այսօր գյուղացին կարող է այդ վարկերից օգտվել' վճարելով տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով: Բացի այդ, վարկերն արդեն տրամադրվում են ոչ թե մեկ, այլ 2 տարի ժամկետով եւ ՀՀ դրամով: Վերջին հանգամանքը շատ կարեւոր է, քանի որ մինչ այժմ գյուղացին վարկ ստացել է ԱՄՆ դոլարով, ինչի կուրսի տատանումների դեպքում միշտ տուժել է վարկառուն: Առաջիկա տարիներին նախատեսվում է էլ ավելի իջեցնել գյուղվարկերի տոկոսադրույքները եւ երկարեցնել դրանց վերադարձելիության ժամկետները: Մարզի 10 համայնքներում նախատեսվել են արոտների բարելավման ծրագրեր եւ միաժամանակ դրամաշնորհային ծրագրեր կաթի վերամշակման կետեր հիմնելու եւ գյուղատնտեսական փոքր արտադրություններին օժանդակելու համար: Ի թիվս այլ խնդիրների' մարզում սրությամբ է դրված հացահատիկային մշակաբույսերի սերմաթարմացման խնդիրը: Նախորդ աշնանը մենք ՀՀ կառավարության օժանդակությամբ ստացել ենք 340 տոննա աշնանացան ցորենի բարձրորակ սերմացու, որը բաշխել ենք մի քանի սերմնաբուծական խոշոր տնտեսությունների, որոնք եւ ցանել են այն' բարձրորակ սերմացուի վերարտադրությունը ապահովելու նպատակով: Այս գարնանը ՀՀ կառավարության կողմից մարզին հատկացվեց 300 տոննա առաջին վերարտադրության եւ 165 տոննա էլիտար գարնանացան գարու սերմացու, որոնք ամբողջությամբ բաշխվել են տնտեսություններին, արդեն պահ տրվել հողին եւ բերքահավաքից հետո մասամբ կլուծեն սերմաթարմացման խնդիրը:
-Գյուղական որոշ համայնքներում մարդիկ դժգոհում են, որ իրենց սերմացու չի հասել, որ բարձրացել են գարնանացանին ընդառաջ պարարտանյութերի եւ վառելիքի գները: Ինչի՞ արդյունք է այդ ամենը:
-Մարզում նախատեսված է ցանել մոտ 31 հազար հեկտար գարնանացան գարի եւ ցորեն, ինչի պահանջարկը կազմում է մոտ 5000 տոննա սերմացու, մինչդեռ կառավարության հնարավորությունը տասնապատիկ անգամ պակաս է գյուղացու պահանջից: Եվ այսօր մենք պետք է կարողանանք առաջին հերթին աջակցություն ցուցաբերել բնակչության առավել աղքատ, առավել կարիքավոր խմբերին: Այս առումով էլ առաջին վերատադրության 300 տոննա գարու սերմացուն բաշխել ենք ՀՀ տարածքային կառավարման նախարարության ցանկում ընդգրկված 23 առավել աղքատ սահմանամերձ, փախստականներով բնակեցված եւ բարձրլեռնային համայնքների տնտեսություններին, իսկ մնացած 165 տոննա էլիտար սերմացուն բաշխվել է սերմնաբուծական ֆերմերային տնտեսություններին' բարձրորակ գարու սերմացուի վերարտադրություն կազմակերպելու նպատակով: Ինչ վերաբերում է գարնանացանի ընթացքում պարարտանյութերի, բենզինի եւ դիզվառելիքի գների աճին, ապա դրանց թանկացումը շաղկապված է միջազգային շուկայի հետ: Եթե պարարտանյութի հարցում պետությունը հնարավորություն ունի վերահսկել կամ զսպել գնաճը, ապա նավթամթերքների հարցում հիմնական թելադրողը միջազգային շուկան է:
-Դուք նշեցիք, որ մարզում ավելացել են ոռոգվող հողատարածքները: Ի՞նչ միջոցներով է դա արվել եւ կունենա՞ արդյոք շարունակություն:
-Ասեմ, որ ԽՍՀՄ տարիներին Գեղարքունիքի մարզում ոռոգվող հողատարածքները կազմել են 24 հազար հեկտար: ԽՍՀՄ փլուզումից հետո ոռոգման համակարգերը կտրուկ կրճատվել են թալանվելու, քայքայվելու կամ շարքից դուրս գալու հետեւանքով: Այս պահի դրությամբ մենք ունենք շուրջ 10 հազար հեկտար ջրարբիացվող հողատարածք, որից 2 հազարը վերականգնվել կամ ապահովվել է իմ աշխատած ժամանակահատվածում: Հիմնականում այդ ծրագրերը իրականացվել են «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի եւ այլ դոնոր կազմակերպությունների միջոցներով: Երրորդ կարգի ոռոգման ջրանցքների շինարարություններ են ընթանում Ակունք, Մեծ Մասրիկ, Խաչաղբյուր, Լուսակունք, Լանջաղբյուր, Գեղարքունիք, Գեղհովիտ համայնքներում: Մի շարք համայնքներում էլ կառուցվում են խորքային հորեր կամ ինքնահոս ոռոգման համակարգեր, ինչի արդյունքում ջրարբիացվող հողատարածքները նկատելիորեն կավելանան: Առաջիկա տարիների ընթացքում մեր խնդիրը պետք է լինի ամբողջությամբ վերականգնել ԽՍՀՄ տարիներին գոյություն ունեցող ոռոգման համակարգը, հնարավորության դեպքում' ավելացնել դրանք:
-Գյուղատնտեսության զարգացման համար շահագրգռվածություն պետք է հանդես բերի ոչ միայն կառավարությունը, այլ գյուղացին: Ի՞նչով է շահագրգիռ այսօր գյուղացին, եթե վախենում է իր արտադրանքը չիրացնելու կամ չարչարանքը «ջուրը գցելու» մտքից եւ հայացքն ուղղում է դեպի արտագնա աշխատանք կամ մի այլ հնարավորություն գտնելուն:
-Այսօր ես տեսնում եմ մարզի գյուղատնտեսության զարգացման իրական հնարավորություններ: Գյուղմթերքների գները առաջին հերթին ստիպում են գյուղացուն' արտադրել ավելի շատ եւ որակով: Վերջին մեկ տարվա ընթացքում, եթե ուշադրություն դարձրել եք, կտրուկ աճել են կաթի, մսի, կաթնամթերքի, մսամթերքի, հացահատիկի, բանջարբոստանային մշակաբույսերի գները: Այս պայմաններում գյուղացին չի կարող շահագրգռվածություն հանդես չբերել: Այլ խնդիր է, որ պետությունը պետք է նրան աջակցի եւ համոզի' գյուղատնտեսական արտադրությունից չկտրվելու եւ երես չթեքելու համար: Հիմա մեր խնդիրն է' զարկ տալ անասնապահությանը: Եթե հիշում եք, մարզում ոչխարաբուծությունը կտրուկ անկում էր ապրել ԽՍՀՄ փլուզումից հետո' բրդի եւ մյուս մթերքների իրացման շուկա չլինելու պատճառով: Սակայն վերջին 2 տարիների ընթացքում մանր եղջերավորների գինը բարձրացել է մի քանի անգամ, այն էլ' արտահանման հնարավորությունների շնորհիվ: Եվ մեր տնտեսությունները սրանից պետք է խելացիորեն օգտվեն: Կառավարությունը ներդնելու է ոչխարաբուծության զարգացման ծրագրեր, տոհմաբուծության զարգացման ծրագրեր, եւ սրանցից էլ պետք է օգտվեն մեր տնտեսությունները: Շուկայում բարձրացել է նաեւ պտղի գինը: Սա նշանակում է, որ մարզում պետք է վերելք ապրի նաեւ պտղաբուծությունը: Վերջին տարիներին մարզի մի շարք համայնքներում արդեն ձեւավորվել են այգեգործական եւ տնկարանային տնտեսություններ, որոնք սկսել են այս ճյուղից լուրջ եկամուտներ ստանալ:
Գեղարքունիքի մարզն իր նշանակությամբ զուտ գյուղատնտեսական է եւ նրանից այս ոլորտում կարելի է ունենալ իրական սպասելիքներ: Մնում է միայն հավատալ, որ առաջիկա տարիներին մարզի գյուղատնտեսությունը կփոխի իր դեմքը եւ իր տված արտադրանքով կնվաճի նաեւ միջազգային շուկաները:
-Դուք նշեցիք, որ գյուղատնտեսական տեխնիկան մարզում կորցնում է շահագործման պիտանիությունը: Ի՞նչ է արվում նոր գյուղմեխանիզմներ ձեռք բերելու եւ գյուղմեքենաների պարկերը թարմացնելու ուղղությամբ:
-Մենք մարզում ունենք 170 հացահատիկահավաք կոմբայն եւ մոտ 350 տրակտորներ ու այլ մեխանիզմներ, որոնք արդեն հնամաշ են, օգտագործվել են տասնամյակներ շարունակ եւ այսօր աստիճանաբար դառնում են քիչ արդյունավետ' վարուցանքի ու բերքահավաքի աշխատանքներ իրականացնելու համար: Մի շարք համայնքներ վերջին տարիներին համալրվել են նոր կոմբայններով կամ տրակտորներով, սակայն դրանք հիմնականում այն համայնքներն են, որոնք միջոցներ ունեցել են լիզինգային եղանակով կամ այլ միջոցներով դրանք ձեռք բերելու համար: Իսկ ընդհանուր առմամբ շատ համայնքներ նոր մեխանիզմներ ձեռք բերելու միջոց ու հնարավորություն չունեն: Վերջին 2 տարիների ընթացքում գյուղնախարարության ծրագրերի զարգացման գրասենյակի միջոցով մարզը ստացել է 6 կոմբայն եւ 18 անվավոր տրակտոր, սպասվում է ՄՏԶ -82 տիպի 8 անվավոր տրակտոր, որոնցից 2-ը կհատկացվի համայնքներին, իսկ 6-ը' աճուրդային եղանակով կտրվի ֆերմերային տնտեսություններին: Այս տրակտորներից յուրաքանչյուրն արժի 8 մլն դրամ, որից 4 մլն դրամը կվճարի համայնքը, իսկ մնացածը կփոխհատուցի կառավարությունը: Այս խնդիրները հնարավոր չէ կարգավորել մի քանի ամսում կամ մեկ տարում, բայց կարեւորն այն է, որ առաջին քայլերն արվում են, եւ ժամանակի ընթացքում բոլոր հարցերը կստանան իրենց լուծումները:
-Այս տարվա հունվարի 1-ից համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը, որոնք մինչ այդ տնօրինել եւ տիրապետել է մարզպետը, արդեն հանձնվել են համայնքների ենթակայությանը եւ կառավարմանը: Ի՞նչ է տալու դա մարզի գյուղատնտեսությանը եւ համայնքներին:
-ՀՀ կառավարության որոշմամբ մարզպետի տնօրինման եւ տիրապետման տակ գտնվող 137 հազար հեկտար գյուղնշանակության վարելահողերը, խոտհարքերն ու արոտները համայնքների տնօրինմանն ու տիրապետմանը հանձնելը բխել է մեկ խնդրից' հողերի արդյունավետ օգտագործման եւ համայնքների բյուջեների եկամուտները համալրելու անհրաժեշտությունից: Գործընթացը սկսվել է, եւ դրա արդյունքները մենք կտեսնենք առաջիկա տարիների ընթացքում: Հիմա յուրաքանչյուր համայնք պետք է առավել շահագրգռություն հանդես բերի տեղական բյուջեները համալրելու գյուղնշանակության հողերը արդյունավետ օգտագործելու ուղղությամբ: Հավելեմ, որ այդ հողատարածքները մինչ այժմ օգտագործվել են շատ դեպքերում պակաս արդյունավետ կամ ապօրինի: Հիմա ամեն ինչ պետք է արվի այդ հողատեսքերը օգտագործելու ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա ավելի զարգացնել անասնապահությունը, իսկ վարձակալությունից ստացված գումարները ներդնել համայնքներում զարգացման ծրագրերի իրականացման ուղղությամբ:
-Մի շարք համայնքներում դժգոհություններ են առաջացել հողօգտագործողների եւ առհասարակ գյուղացիական տնտեսությունների շրջանում այն բանի համար, որ իրենց համայնքներին չեն ամրագրվել համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող հողեր: Ի՞նչ սկզբունքով է կատարվել այդ ամրագրումը:
-Ես հասկանում եմ նաեւ հողօգտագործողների եւ գյուղացիների մտահոգությունները, որոնք, սակայն, համարում եմ անտեղի: Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի մեծ մասը գտնվում են որոշ բնակավայրերից 40 եւ ավելի կմ հեռավորության վրա եւ շատ դեպքերում անարդյունավետ են դիտվում այդ համայնքերի համար դրանք օգտագործելու տեսանկյունից: Ուստի կառավարության կողմից մշակվել է այնպիսի հայեցակարգ, որով նախապատվությունը տրվել է այն համայնքներին, որոնք սահմանակից կամ մոտիկ են գտնվում համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող գյուղնշանակության հողերին: Սակայն սա չի նշանակում, թե այն հողօգտագործողները, ովքեր ներկայացնում են մեկ այլ համայնք եւ մինչ այժմ օգտագործել են արդեն մեկ այլ համայնքի սահմաններում ընգրկված հողատարածքը, կորցնելու են հողօգտագործողի իրենց իրավունքները: Ասել է, թե համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող գյուղնշանակության հողերը օգտագործման տրամադրելու դեպքում առաջին հերթին նախապատվությունը տրվելու է նրանց, ովքեր այս պահին դրանք օգտագործում են, եւ նրանց հետ հողօգտագործման պայմանագիր է կնքվում առնվազն 25 տարի ժամկետով: Բացի այդ, առաջիկա տասը տարում պայմանագրերի կնքման եւ հողերի հատկացման թույլտվություն տալու իրավունքը վերապահված է մարզպետին: Ուստի ցանկացած խնդիր, որը կարող է ծագել համայնքների միջեւ, լուծվելու է մարզպետի կողմից: Եվ մենք անելու ենք հնարավորը, որպեսզի շահեն եւ հողօգտագործողները, եւ համայնքները:
-Մարզում գերակա ուղղություն է համարվում նաեւ զբոսաշրջությունը: Ի՞նչ է արվում այս ոլորտի զարգացման ուղղությամբ:
-Զբոսաշրջությունը Գեղարքունիքի մարզում նկատելի զարգացում է ապրել հատկապես վերջին տարիների ընթացքում: Սակայն ես կարծում եմ, որ այսօր մենք օգտվում ենք զբոսաշրջության հնարավորությունների առայժմ աննշան մասից: Խնդիրն այն է, որ մեզ մոտ նկատելիորեն աշխուժանում է ամառային տուրիզմը, որի տեւողությունը ընդամենը 2-3 ամիս է: Մինչդեռ Սեւանա լճի առկայությունը եւ ձմռան երկար տեւողությունը շատ նպաստավոր են առավելապես ձմեռային տուրիզմի զարգացման համար: Տարեցտարի մեզ մոտ ավելանում են ինչպես զբոսաշրջիկների թիվը, այնպես էլ ոլորտում մուտքագրված եկամուտները: Մարզ են այցելում ոչ միայն մայրաքաղաքից ու հանրապետության տարբեր շրջաններից, այլ նաեւ Իրանից, Ռուսաստանից, եվրոպական տարբեր երկրներից: Մեր սպասելիքները շատ են առավելապես Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզից, որի ղեկավարության հետ արդեն համագործակցում ենք մի քանի տարի եւ արդեն որոշակի ձեռքբերումներ ենք արձանագրել տուրիզմի ոլորտում: Սակայն տուրիզմի ոլորտը զարգացնելու եւ ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու համար մեզ հարկավոր են մեծ ներդրումներ, ջանքեր եւ որոշակի ժամանակ: Մասնավորապես տուրիստական հանգրվաններ, հյուրանոցային համալիներ կառուցելու կողքին անհրաժեշտ է նաեւ ճանապարհների հիմնանորոգում, պատմական հուշարձաններ տանող տարածքների բարեկարգում, տուրիստական նշանակության կառույցների ստեղծում եւ զարգացում, Գեղարքունիքի մարզի գրավչությունների գովազդում եւ մի շարք այլ խնդիրներ: Սակայն առավել կարեւորն այսօր Սեւանա լճի ջրի մաքրության ապահովման խնդիրն է:
-Այսօր անմխիթար վիճակում են մի շարք գյուղական ճանապարհներ, որոնց հիմնանորոգմամբ կարող են լուծում ստանալ ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ զբոսաշրջության հետ կապված մի շարք հիմնախնդիրներ: Խոսքս վերաբերվում է Կարմիրգյուղ-Գավառ-Նորատուս, Հրազդան-Զովաբեր-Դդմաշեն, Պետխճուղի-Վերին Գետաշեն-Մադինա, Ծովակ-Լճավան-Ախպրաձոր եւ մի շարք այլ ճանապարհների հիմնանորոգմանը:
-Թվարկված ճանապարհները ընդգրկած էին «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրում, որը չիրականացվեց: Այդ ծրագրերը ավարտին հասցնելու համար ՀՀ կառավարությունը շարունակում է փնտրել նոր միջոցներ: Այս պահին ճանապարհաշինական խոշոր աշխատանքներ են ընթանում Ճամբարակի տարածքում: 3.4 միլիարդ դրամի ներդրմամբ հիմնովին նորոգվում է Դպրաբակ-Ճամբարակ-Պետխճուղի-Աղբերք 33,5 կիլոմետր երկարության ճանապարհը, որը իրավամբ խթանելու է գյուղատնտեսության եւ տուրիզմի զարգացմանը: Այս պահին քննարկաման փուլում է Կարմիրգյուղ-Գավառ-Նորատուս, Հրազդան-Զովաբեր-Դդմաշեն, Պետխճուղի-Վերին Գետաշեն-Մադինա ճանապարհների հիմնանորգման ծրագրի իրականացման խնդիրը Համաշխարհային բանկի միջոցներով: Իսկ Ծովակ-Ախպրաձոր եւ շատ ու շատ գյուղական ճանապարհների հիմնանորոգումը կկատարվի հաջորդ տարիների ընթացքում: Պարզապես ճանապարհաշինությունը մեզ մոտ պահանջում է ավելի խոշոր ներդրումներ եւ ավելի տեւական ժամանակ:
-Դուք կարեւորեցիք նաեւ Սեւանա լճի մաքրության եւ ջրային ռեսուրսների ավելացման խնդիրը: Ի՞նչ ծրագրեր են նախատեսված այս ուղղությամբ:
-Վերջին երկու տարիների ընթացքում անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետեւողական քայլերի եւ ՀՀ կառավարության ուշադրության արդյունքում հսկայական աշխատանքներ են իրականացվել Սեւանա լճի ջրային պաշարների ավելացման եւ ջրի որակական կազմի բարելավման ուղղությամբ: Այն, որ Սեւանի մակարդակը պետք է բարձրանա, ոչ մի այլընտրանք չունի: Թեեւ այս դեպքում հարկ կլինի ծախսել միլիարդավոր դրամներ կոմունիկացիաները, շինությունները տեղափոխելու եւ անտառային տարածքները մաքրելու համար, սակայն Սեւանա լճի գինը, որպես ազգային հարստության անսպառ աղբյուրի, շատ ավելին է, քան ծախսվող գումարներն են եւ մյուս արժեքները: Անցած տարի կոյուղացման համակարգեր են կառուցվել մարզի չորս քաղաքներում, ու այս տարի նախատեսվում է սկսել մաքրման կայանների կառուցման աշխատանքները: Նախագծվում է Սեւանի ափամերձ բնակավայրերի զարգացման հատակագծերը: Դրսից ներկրված լողացող սարքերի օգնությամբ մի քանի ամիս է, ինչ ընթանում են ջրածածկված անտառները ծառերից, արմատներից եւ բուսական այլ համակեցություններից մաքրելու աշխատանքները: Սկսվել են ճանապարհների, պոմպակայանների, էլեկտրահաղորդման գծերի, գազատարների, ջրատարների, ջրածածկված կամ ջրածածկման ենթակա շինությունների տեղափոխման աշխատանքները: Սկսվել է նաեւ Արփա-Սեւան թունելային ջրատարի հիմնանորոգումը: Այս պահին նախորդ տարվա համեմատ Սեւանա լիճը բարձր է 35 սանտիմետրով: Համոզված եմ, որ մոտ ապագայում մենք կունենանք մաքուր Սեւան, որը ոչ միայն կծառայի տուրիզմի բարձրակարգ սպասարկմանը, այլ կհանդիսանա խմելու ջրի հսկայական շտեմարան Հարավային Կովկասի եւ մի շարք այլ երկրների համար:
- Գեղարքունիքի մարզում եկամատի գերակշռող աբյուրը շարունակում է մնալ արտագնա աշխատանքը: Ի՞նչ է արվում, որպեսզի մարդիկ ավելի շատ զբաղմունք ու եկամուտ գտնեն հայրենիքում:
-Գեղարքունիքի մարզում արտագնա աշխատանքը մեծ թափ ունեցել է նաեւ խորհրդային տարիներին, եւ հիմնականում մարդկանց շահագրգռել է համեմատաբար բարձր վաստակը: Ձեւավորված ավանդույթներն այսօր էլ աշխատունակ տղամարդկանց ձգում են դեպի դուրս: Թերեւս խրախուսելի է, որ մեր մարզում ավելի շատ գործ ունենք արտագնա աշխատանքի, քան արտագաղթի հետ: Սակայն ի վերջո հողն ու երկիրը կարող են զարգանալ միայն իր վրա ապրող մարդու ներգործությամբ, եւ մեր խնդիրն է' ամեն գնով մարդուն կապել հայրենի երկրին: Այդ պատճառով կառավարությունը պետք է մարզում հնարավորինս շատ միջոցներ ու ծրագրեր ներդնի: Այս դեպքում, համոզված եմ, որ մենք ոչ միայն աշխատատեղերի, այլ աշխատուժի կարիք կունենանք: Մենք մեծ հույսեր ենք կապում Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության, մարզում ճանապարհաշինական ծրագրերի ներդրման, մանր եւ միջին բիզնեսի զարգացման եւ այլ ծրագրերի իրականացման հետ, որոնց արդյունքում մեր մարզը կփոխի իր դեմքը' հրաժեշտ տալով աղքատությանը եւ սոցիալական լարավածությանը: Իսկ արտագնա աշխատանքի տեմպերը կպահպանվեն, քանի դեռ այն ավելի եկամտաբեր ուղղություն կմնա: բայց չմոռանանք, որ Գեղարքունիքն այսօր զարգանում է նաեւ արտագնա աշխատանքի շնորհիվ:
-Գեղարքունիքի մարզը տարածքով ամենամեծն ու ընդգրկունն է Հայաստանում: Արդյո՞ք բոլոր քաղաքացիները կարող են իրենց խնդիրները ժամանակին ներկայացնել Գեղարքունիքի մարզպետին:
-Չկա մեր մարզի մի բնակիչ, որ ինձ հետ շփվելու խնդիր երբեւէ ունենա: Թեեւ մարզպետի մոտ ընդունելությունը սահմանված է յուրաքանչյուր երեքշաբթի օրվա մի քանի ժամը, այդուհանդերձ, անհրաժեշտության դեպքում ես քաղաքացիների ընդունելություն կատարում եմ նաեւ շաբաթվա այլ օրերի ու ժամերի, եթե նրանք խիստ հրատապ խնդիներ են ներկայացնում: Յուրաքանչյուր ամսվա ընթացքում' վերջին երեքշաբթի օրը, ընդունելություն եմ կատարում Ճամբարակի, Սեւանի, Մարտունու եւ Վարդենիսի քաղաքապետարաններում' ընդունելով այդ տարածաշրջանների համայնքների մարդկանց: Սակայն համարում եմ, որ բնակչության հետ շփումն այսքանի մեջ սահմնափակելը ճիշտ մոտեցում չէ, քանի որ շատ համայնքներ մարզկենտրոնից գտնվում են մինչեւ 100 եւ ավելի կիլոմետրեր հեռավորության վրա: Հիմնախնդիրներին տեղում ծանոթանալու համար տարվա ընթացքում մի քանի անգամ հասցնում եմ լինել բոլոր 92 համայքներում, զրուցել մարդկանց հետ, լսել նրանց հոգսերն ու առաջարկությունները, ընդունել քաղաքացիներին, եւ իհարկե, օգնել առավել անապահով մարդկանց ու ընտանիքներին: Թեեւ միջոցներն անբավարար են' ամբողջությամբ մարդկանց հոգսերը թեթեւացնելու համար, բայց կարեւորն այն է, որ մարդիկ իրենց միայնակ եւ անպաշտպան չեն զգում եւ իրենց ղեկավարի հետ շփվելու որեւէ խնդիր չունեն: Թերեւս տեղական ինքնակառավարման մարմինները մեր երկրում պետք է բարձրանան եւ հզորանան այնքան, որ մարդիկ վերջապես ընկալեն, որ իշխանությունը իրենց կողքին է, իրենց աջակիցն ու գործընկերը:
-Որքա՞ն է տեւում Գեղարքունիքի մարզպետի աշխատանքային օրը:
-Աշխատաժամանակի սահամանափակում Գեղարքունիքի մարզպետի համար գոյություն չունի: Այսօրվա բարձր տեխնոլոգիաների առկայության պայմաններում արդեն ազատ ժամանակ դժվար է գտնել: Այսօրվա մարզպետը զինված է համակարգչով եւ ինտերնետ կապով եւ իրականացնում է նաեւ էլեկտրոնային կառավարում: Անգամ արտերկիր կատարած պաշտոնական այցերի ընթացքում ես էլեկտրոնային փոստով գրություններ եմ մակագրում մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներին: Այդպես անում եմ մեքենայում՝ ուղեւորությունների ժամանակ: Ամենատարբեր տեղերից՝ ՀՀ կառավարությունից, միջազգային կազմակերպություններից եւ շարքային քաղաքացիներից, ստանում եմ դիմումներ, գրություններ, առաջարկներ, հեռախոսազանգեր: Հարկավոր է ամեն ինչ հասցնել:
-Դուք գո՞հ եք Ձեր աշխատանքից:
-Գոհ եմ: Բայց իմ նկատմամբ շարունակում եմ մնալ խստապահանջ: Ինձ թվում է, որ իմ աշխատանքում ինչ-որ բան դեռ կիսատ է մնացել: Յուրաքանչյուր հանձնարականի նկատմամբ հետեւողական եւ անհանգիստ վերաբերմունք եմ ցուցաբերում, մինչեւ չեմ տեսնում դրա ավարտը: Իսկ իմ անհանգիստ բնավորությունը գալիս է աշխատասիրությունից եւ ցանկացած գործի նկատմամբ ամենայն պատասխանատվությունից:
Հարցազրույցը` . Խոսրով Խլղաթյանի