Հարցազրույց

Ա.Գիզիրյան. «Պատրաստակամ եմ օգնել եւ աջակցել բոլորին, ովքեր ցանկություն կհայտնեն իրենց ներդրումն անել Շիրակի մարզում»

11 րոպեի ընթերցում

Ա.Գիզիրյան. «Պատրաստակամ եմ օգնել եւ աջակցել բոլորին, ովքեր ցանկություն կհայտնեն իրենց ներդրումն անել Շիրակի մարզում»

ԳՅՈւՄՐԻ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ ամսից լրանում է Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի պաշտոնավարման մեկ տարին: Կատարված աշխատանքների եւ նախատեսվող ծրագրերի, ինչպես նաեւ մարզի խնդիրների մասին «Արմենպրես»-ը զրուցեց մարզպետի հետ:

-Պարո'ն Գիզիրյան, մեկ ամսից լրանում է Ձեր պաշտոնավարման մեկ տարին: Անցած ամիսների ընթացքում Դուք բազմիցս նշել եք, որ Ձեր կարգախոսն է' հավատք-վստահություն, թիմ-մթնոլորտ: Կարողացե՞լ եք ձեւավորել այնպիսի թիմ, որի հետ հետագայում եւս հնարավոր կլինի արդյունավետ աշխատել:

-Չեմ կարող ասել, որ ես ձեւավորել եմ այս թիմը, քանի որ իմ պաշտոնավարման առաջին օրվանից մինչ այսօր աշխատակազմում մեծ փոփոխություններ չեն եղել: Աշխատում եմ նույն թիմի հետ, որի հետ աշխատել է նախկին մարզպետը: Այս ընթացքում իմ կողմից եղել են մի քանի նշանակումներ եւ ոչ ավելին: Ես չեմ սիրում, երբ պաշտոնյան անցնելով գործի' իր հետ բերում Է նոր թիմ: Այո', առաջիկայում աշխատելու եմ այսպես, իսկ հետագայում' ժամանակը ցույց կտա: Չեմ ժխտում, որ եթե իմ աշխատակիցներից որեւէ մեկի մոտ նկատեմ թերություն, իմ կողմից ձեռնարկվող քայլերը չեն ուշանա: Նրանցից պահանջվող ամենակարեւոր բանը ցանկացած քաղաքացուն լսելն է եւ, հնարավորության դեպքում, նրանց խնդրին լուծում տալը:

Վստահությունն այստեղ ամենակարեւոր գործոնն է:

-»Լինս»-ի հիմնադրամի բնակարանաշինական ծրագրից հետո Շիրակի մարզում իրականացվող ամենածավալուն բնակարանաշինական ծրագիրը պետական միջոցներով շինարարությունն է, որի արդյունքում Գյումրիում արդեն բնակարանամուտ է տոնել 1056 ընտանիք: Ի՞նչ է նախատեսված ծրագրի այս փուլում, եւ ի՞նչպիսի ընթացք ունի գործընթացը ներկայում:

-Հուրախություն բոլորիս, 2010-ը մարզի համար բնակարանաշինական ձեռքբերումների տարի եղավ: Ուրախ եմ, որ հենց պետական միջոցների հաշվին Գյումրիում կառուցվեց 22 բնակելի եւ բնակարանամուտ տոնեց 1056 անօթեւան ընտանիք: Այս տարի բնակարանաշինությունն ավելի մեծ թափով է ընթանում: Գյումրիում կառուցվում են եւս 38 բնակելիներ' 1756 բնակարանով: 33 բազմաբնակարան կկառուցվի «Մուշ 2», 5-ն' «Անի» թաղամասում: Սա մարզի համար, որն աղետից 22 տարի անց դեռ ունի անօթեւանների խնդիր, ամենաոգեւորիչն է: Ի դեպ, շինաշխատանքների որակի վերահսկողությունն իրականացվում է եռաշերտ համակարգով, իսկ ամենալուրջ վերահսկողությունը սահմանել է անձամբ ՀՀ նախագահը, այնպես որ շինարարությունն ընթանում է նորմալ հունով:

-Ձեր կարծիքով' արդյո՞ք այս ծրագիրը կլուծի մարզի անօթեւանության խնդիրը, խոսքը նաեւ վերաբերում է անօթեւան ընտանիքներ ունեցող մյուս համայնքներին:

-Շուտով նույն' պետական միջոցների հաշվին մարզի մյուս համայնքներում եւս կմեկնարկեն բնակարանաշինական աշխատանքներ, մասնավորապես' Ախուրյան համայնքում: Այստեղ նախատեսված է կառուցել ավելի քան 180 բնակարան, ինչը կլուծի անօթեւանության խնդիրն այս համայնքում:

2011-ը շինարարական տարի է, չնայած դրան, չեմ ցանկանում ամպագոռգոռ հայտարարություն անել, թե այս ծրագրով մարզում այդ խնդիրը կլուծվի ամբողջությամբ, բայց, որ արվում է հնարավորը' կասկածից վեր է:

-Մարզն ունի նաեւ գործազրկության բարձր մակարդակ: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու այդ խնդրի լուծման ուղղությամբ:

-Իրոք, սա այն խնդիրն է, որը խոսում է շիրակցու սոցիալական վիճակի մասին: Շիրակի մարզում գործազրկության մակարդակը հասնում է 12 տոկոսի, Գյումրիում ավելի բարձր է' 18 տոկոս: Եթե այսօր խնդիրը լուծելու համար չկան մեծ գործարաններ եւ ձեռնարկություններ, պետք է գործել շատ մտածված եւ անել այնպես, որ գոնե մարզում իրականացվող բոլոր ծրագրերում ներգրավվեն տեղացիները:

Մարզում իրականացվող բնակարանաշինական ծրագրերում հիմնական աշխատուժն այսօր մարզի բնակչությունն է:

Հուրախություն մեզ, պետության պահուստային ֆոնդից մարզին հատկացվել է 1 մլրդ 320 մլն դրամ գումար' մարզի առաջնային խնդիրների լուծման համար: Առաջիկայում, այդ գումարի շրջանակում կհայտարարվեն իրականացվող բոլոր ծրագրերի կապալառու կազմակերպությունների մրցույթները: Բոլոր կազմակերպությունները լինելու են մարզից, ինչը կարող է ժամանակավոր աշխատանքով ապահովել ավելի քան վեց հարյուր մարդու:

-Անցած տարիների ընթացքում մարզում մեծ ներդրումներ գրեթե չեն եղել, խոսքը վերաբերում է ձեռնարկություններին. ի՞նչ ծրագրեր են անհրաժեշտ' ներդրողներին դեպի մարզ ներգրավելու համար:

-Այս դեպքում միակ արդյունավետ քայլը կլինի չխանգարելը կամ արհեստական քաշքշուկներ չստեղծելը ներդրողի համար: Ես պատրաստակամ եմ օգնել եւ աջակցել բոլոր նրանց, ովքեր ցանկություն կհայտնեն իրենց ներդրումն անել մեր մարզում: Կպատժվեն նրանք, ովքեր արհեստական խոչընդոտներ կստեղծեն ներդրողի համար:

Կարեւորում եմ նաեւ այն բոլոր ծրագրերը, որոնք միտված են մարզի գործարար ներուժն ու հնարավորությունները ճիշտ ներկայացնելուն: Բոլորովին վերջերս կայացավ «Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում միջտարածաշրջանային համագործակցության նոր նվաճումներին ընդառաջ» խորագրով հայ-ռուսական առաջին համաժողովը, որին մասնակցեցին երկու երկրների շուրջ 500 ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում ստորագրված փաստաթղթերից մեկն էլ Շիրակի մարզի եւ Ուլյանովսկի երկրամասի միջեւ էր' սրանով փոխգործակցության նոր հեռանկարներ են բացվում:

-Վերջերս ակտիվացել է Առափիի սողանքային գոտին: Սողանքի պատճառով 6 տուն ունի չորրորդ աստիճանի վթարայնություն: Ինչպե՞ս է լուծվելու այդ ընտանիքների խնդիրը:

- Գտնում եմ, որ որեւէ քայլ ձեռնարկելուց առաջ անհրաժեշտ է մեկ անգամ եւս տեղանքի լուրջ ուսումնասիրություններ կատարել, ինչը եւ արվելու է: Խնդրի լուծման նպատակով' արդեն աշնանը քայլեր կձեռնարկվեն: Ներկա պահին չեմ կարող ասել, թե ինչ լուծում կունենա այն' բնակիչները կապահովվեն բնակարանով, թե կտեղափոխվեն' ցույց կտա ուսումնասիրությունը:

- Պարո'ն Գիզիրյան, մարզի բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, բայց այս ոլորտը եւս վերջին տարիներին աճ չի գրանցել: Այս տարի մեծացել է հանրապետության ղեկավարության ուշադրությունը ոլորտի նկատմամբ: Ի՞նչ է անհրաժեշտ անել գյուղացուն աջակցելու համար:

-Այս ոլորտն անձամբ հանրապետության նախագահն է կարեւորում: Գյուղատնտեսությունը մարզի բնակչության հիմնական զբաղմունքն է: Գյուղացուն այսօր պետք է ձեռք մեկնել, որ վերջինս չխուսափի հող մշակելուց կամ անասնապահությամբ զբաղվելուց: Պետք է թեթեւացնել գյուղացու հոգսը: Արդեն քայլեր են արվում գյուղտեխնիկայի թարմացման, ոռոգման խնդրի լուծման, գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ուղղությամբ: 14 տոկոսով վարկերի տրամադրումը, որի 4 տոկոսն էլ պետությունն է սուբսիդավորելու, բավական մեծ օգնություն է գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկից առաջ խնդիրների առջեւ կանգնած գյուղացու համար: Բոլորս էլ գիտենք' գյուղի բնակչության գերակշիռ մասը կանխիկ գումար չունի, սա հնարավորություն կտա ցանք կատարել ժամանակին եւ օգուտ ակնկալել: Մարզի մի շարք համայնքների բնակիչներ արդեն հասցրել են օգտվել այս վարկերից:

-Մեծ է մարզի աշխատանքային միգրանտների թիվը, սակայն տեղում կա նաեւ լավ մասնագետի կարիք, այդ թվում' շինարարների, բժիշկների, իսկ սահմանամերձ գյուղերում' նաեւ մանկավարժների: Կա՞ն ծրագրեր միգրացիան կանխելու եւ, միեւնույն ժամանակ, թափուր աշխատատեղերի խնդիրը լուծելու ուղղությամբ:

-Ասել, որ միգրացիայի խնդիրը նոր է' սխալ եմ համարում, դա միշտ եղել է: Շատերը գնում են այլ երկրներ' լավ գումար վաստակելու նպատակով: Եթե ընտանիքի որեւէ անդամ գնում է աշխատելու, իսկ վաստակած գումարն ուղարկում է տուն, դրա մեջ նույնպես վատ բան չեմ տեսնում: Չմոռանանք, որ աշխատանքային միգրացիա կար նաեւ խորհրդային տարիներին:

Մարզում այսօր փորձ ենք անում երիտասարդներին պահել: Դպրոցներում, մասնավորապես' գյուղական համայնքներում, մանկավարժական կադրերի ապահովման նպատակով անցկացվում են թափուր աշխատատեղերի մրցույթներ, որոնց, հավասար պայմաններով, կարող են մասնակցել բոլոր ցանկացողները' եւ' նորավարտ, եւ' փորձառու, իսկ արդյունքում կլուծվի թափուր աշխատատեղի խնդիրը, եւ դպրոց կմտնի լավագույն մանկավարժը:

Շինարարների համար եւս աշխատանք կա մարզում' քաղաքաշինական ոլորտի տարբեր ծրագրերում: Ներկայում Գյումրիում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ընթանում են նոր բժշկական համալիրի շինարարական աշխատանքները, որտեղ եւս շինարարները տեղի մասնագետներն են:

-Վերջին ամիսների ընթացքում, մարզում հարուցվեցին քրեական գործեր' բուժհաստատության եւ հանրակրթական դպրոցի տնօրենների կողմից պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով: Սա նշանակո՞ւմ է, որ պայքարն ուժեղացվել Է անօրինականությունների դեմ:

-Կարելի է ասել, բայց դա իմ հետ որեւէ կապ չունի: Ավելին, առաջին դեպքում խոսքը վերաբերում է Իտալական հիվանդանոցի նախկին տնօրենին, նախաքննական գործընթացը սկսվել էր իմ պաշտոնավորումից առաջ, իսկ դպրոցի տնօրենի դեպքում' բողոքը եղել էր բնակչից: Յուրաքանչյուր ահազանգ մեծ ուշադրությամբ ուսումնասիրվում է:

- Պարո'ն Գիզիրյան, ժամանակ գտնո՞ւմ եք ընտանիքի համար:

-Միշտ: Ընտանիքը հենարան է, եւ յուրաքանչյուր մարդ պետք է ժամանակ գտնի ընտանիքի համար: Ես բախտավոր եմ ընտանիքի հարցում' ունեմ լավ եւ ամուր ընտանիք: Երեխաներս այսօր մեծացել են եւ արդեն ինքնուրույն մարդիկ են: Այսօր իմ «թուլությունն» իմ թոռնիկներն են: Մեծ թոռնիկիս' Աշոտիկիս, հետ փորձում եմ շատ ժամանակ անցկացնել եւ նրա մեջ սերմանել պետությունը եւ իր երկիրը սիրելու ձգտումը: Նա պետք է մեծանա որպես լավ քաղաքացի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում