Հասարակական

Մրցանակներ ստացան մշակութային նորությունները լավագույնս եւ վատագույնս լուսաբանած լրագրողները

3 րոպեի ընթերցում

Մրցանակներ ստացան մշակութային նորությունները լավագույնս եւ վատագույնս լուսաբանած լրագրողները

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ստեղծագործական միությունների նախագահները` ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը եւ ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ամփոփելով անցնող տարվա արդյունքները, լրագրողներին հանձնեցին նաեւ մրցանակներ երկու անվանակարգերում` «Գեղանք» եւ «Կեղանք», որոնցից առաջինը տրվում է ԶԼՄ-ներում Հայաստանի մշակութային իրադարձությունների ճիշտ եւ պարկեշտ լուսաբանման համար, իսկ երկրորդն այն լրագրողներին, ովքեր տարածում են ապատեղեկատվություն, կեղծ մեղադրանքներ մշակույթի ներկայացուցիչների եւ ընդհանրապես ստեղծագործական միությունների մասին:

«Այս մրցանակաբաշխությունը պատասխան է այն բոլոր կիսագրագետ լրագրողներին, ովքեր իրենց թույլ են տալիս անհարիր զրպարտություններ հրապարակել, որոնք բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում: Ավելին` այդ լրագրողներն այնքան անպարկեշտ են վերաբերվում իրենց աշխատանքին, որ պատրաստ չեն պատասխանատվության ենթարկվելու իրենց հրապարակումների համար:

Սա նաեւ ուղղված է ապացուցելու այն, որ ստեղծագործական միությունները ուշիուշով հետեւում են ԶԼՄ-ներում հրապարակված բոլոր նյութերին եւ հենց այդ միությունների կողմից ստանում համապատասխան գնահատականներ»,- ընդգծեց ՀՀ գրողների միության նախագահը: Հիշեցնենք, որ անցնող տարվա ընթացքում տեղի են ունեցել երկու դատական լսումներ` լրագրողների կողմից արված զրպարտությունների եւ կեղծ մեղադրանքների պատճառաբանությամբ, որում Կիմա Եղիազարյանը եւ Աբգար Ափինյանը մեղավոր են ճանաչվել:

Վերջիններս էլ դարձան «Կեղանք» անվանակարգի անդրանիկ մրցանակակիրները, որոնք իրենց մրցանակները` դիպլոմը եւ սովետական 3 ռուբլիանոց թղթադրամը, կստանան փոստի միջոցով, քանի որ չնայած հրավերին` ներկա չէին գտնվել մրցանակաբաշխությանը: «Գեղանք» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Հ1-ի լրագրող Ջուլիետա Կաժոյանը եւ «Իրատես de facto»-ի թղթակից Ժասմեն Վիլյանը: Հիշեցնենք, որ այսուհետ նման մրացանակաբաշխություն տեղի է ունենալու ամեն տարեվերջին, որը կամփոփի լրագրողների արված աշխատանքը` մշակութային իրադարձությունների լուսաբանման գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում