Հասարակական

Հ1-ը հեռուստադիտողներին խոստանում է հետաքրքիր ամառային եթերաշրջան

4 րոպեի ընթերցում

Հ1-ը հեռուստադիտողներին խոստանում է հետաքրքիր ամառային եթերաշրջան

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանը ներառելու է հանրության բոլոր շերտերի հեռուստապահանջմունքները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց Հանրային հեռուստաընկերության տնօրեն Արմեն Ամիրյանը` տեղեկացնելով, որ կազմակերպվելու են հեռուստատեսային հաղորդումներ սոցիալական եւ տարիքային բոլոր խմբերի համար, այդ թվում` մանկապատանեկան, երիտասարդական, ժամանցային, մշակութային, քաղաքական-վերլուծական: Վերականգնվելու է հեռուստաներկայացման` այդքան սիրելի նախագիծը. արդեն նկարահանվել են Նարեկ Դուրյան «Սելավի», «Մորաքույրը Փարիզից», պատրաստվում է նկարահանման «Սատանայի ջրաղացը» ներկայացուցմները:

Ըստ Ա.Ամիրյանի` որակական այս փոփոխության համար այս ամառվա ընթացքում կատարվելու են որոշակի տեխնիկական վերազինումներ, որպեսզի նոր եթերաշրջանում` սեպտեմբերի 21-ից սկսած, հանրայինն իր հեռուստադիտողին ներկայանա առավել որակյալ եւ բազմաբովանդակ հաղորդումներով: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի խոսքով` Հանրային հեռուստատեսությունը եւ Հանրային ռադիոն լուրջ փոփոխությունների շեմին են` փորձելով «ամբողջ եթերն ազատել «աղբից» ու չցուցադրել ցածրորակ ֆիլմեր եւ հաղորդումներ»: Ըստ նրա` հանրայինը, փոխելով իր ռազմավարությունը, սկզբում վարկանիշային որոշ կորուստ է կրել, բայց կարճ ժամանակ անց նորից դարձել է առաջատար:

Ա.Հարությունյանը նշեց, որ ոչ միայն անվիճելի առաջատար «Աննա»-ն, էկրանավորված գեղարվեստական, դասական գործերն ունեն բարձր վարկանիշ, այլեւ` լրատվական ծրագիր «Հայլուր»-ը: «Քիչ երկրներ կան, որտեղ լրատվական ծրագրներն այդպիսի վարկանիշներ ունեն, եւ այստեղ կարեւոր է ոչ միայն լրագրողների աշխատանքն, այլեւ այն, որ անընդհատ ավելանում են մեր արտերկրյա թղթակիցները, եւ ուղիղ ռեպորտաժներ են կազմակերպվում իրադարձությունների կիզակետերից»,-ասաց նա: Ա.Հարությունյանը տեղեկացրեց, որ շարունակվում է դասական ստեղծագործությունների էկրանավորումը.»Գրեթե ավարտվել են «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմի նկարահանումները, մինչեւ օգոստոս կավարտվեն Ա.Շիրվանզադեի «Արտիստը» ստեղծագործության հիման վրա ֆիլմի աշխատանքները: Այս տարի կստեղծվի եւս երկու ֆիլմ` Խ Աբովյանին նվիրված գեղարվեստական ֆիլմը եւ «Հատուկ ջոկատը»` ֆիլմ մեր բանակի մասին»:

Կիրականացվեն նաեւ նոր փաստագրական ֆիլմերի նախագծեր: Հանրայինը նախատեսում է հետաքրքիր ամառային եթերաշրջան: Ըստ Ա.Ամիրյանի` մայիսի 25-ին եւ 27-ին կցուցադրվի «Եվրատեսիլ 2010» երգի միջազգային մրցույթի կիսաեզրափակիչը եւ 29-ին` եզրափակիչը: Նա տեղեկացրեց նաեւ, որ կիսաեզրափակչից առաջ Կարապի լճի տեղանքում հանրայինի եւ «Orange»-ի նախաձեռնությամբ տեղի կունենա մեծ միջոցառում` տարբեր տարիների «Եվրատեսիլ»-ի սիրված մասնակիցների եւ հայ ճանաչված ու սիրված աստղերի, արտիստների մասնակցությամբ:

Միաժամանակ, «Show-ծրագիր» է ընթանալու Հ1-ի եթերում, որն ընդմիջվելու է հեռուստատեսային տաղավարից Կարապի լիճ ուղիղ միացումներով: Հանրայինի եթերում հունիսի-11-ից սկսվելու է «ֆուտբոլային ամիսը»: Ուղիղ եթերում ցուցադրվելու է 64 խաղ. «Լինելու են օրեր, երբ 2 խաղ է ցուցադրվելու, որի համար մեր հեռուստադիտողներին կխնդրեմ ուշադիր լինել. միաժամանակ լինելու դեպքում խաղերից մեկը կհեռարձակվի «Արարատ» հեռուստաալիքով»: Օգոստոսի 12-15-ը նախատեսվում է մանկական եվրատեսիլի նախընտրական` հայաստանյան փուլը: Նոյեմբերին երգը Մինսկում կներկայացվի մանկական «Եվրատեսիլ»-ում: Փոփոխություններ սպասվում են նաեւ Հանրային ռադիոյում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում