«Արդշինինվեստբանկ»-ի «Վարդենիս» մասնաճյուղի նախկին կառավարիչը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու մեջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Վարդենիս» մասնաճյուղի նախկին կառավարչի կողմից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու դեպքի դեպքի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Վարդենիս» մասնաճյուղի նախկին կառավարիչ Ա. Բաղդասարյանը, նախնական համաձայնության գալով մասնագետ Հ. Համբարձումյանի, անհատ ձեռնարկատեր Խ. Շաբոյանի եւ «Վասարաթ» ՍՊ ընկերության տնօրենի հետ, ձեւակերպել են կեղծ վարկեր:

Մասնավորապես` մասնաճյուղի վարկառուների անվամբ` առանց նրանց իմացության, ձեւակերպել են կենցաղային տեխնիկայի ձեռքբերման պատրվակով վարկ հատկացնելու վերաբերյալ 396 պայմանագիր, որոնց ընդհանուր գումարը կազմել է 95 788 080 ՀՀ դրամ եւ 27 616 ԱՄՆ դոլար: Նշված ժամանակահատվածում վերոհիշյալ գումարը մաս-մաս փոխանցել են կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող, նույն մասնաճյուղի հաճախորդ հանդիսացող Խ. Շաբոյանի եւ «Վասարաթ» ՍՊԸ-ի հաշվեհամարներին, կանխիկացրել եւ տնօրինել:

Փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչություն` նախաքննություն կատարելու: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա ԱԱԾ քննչական վարչությունում Ա. Բաղդասարյանին առաջադրվել է մեղադրանք: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Նախաքննությունը շարունակվում է:

Հայերեն