Տնտեսություն

Բաքու-Ջեյհան նավթատարի շինարարությունը կատարվել է ավելի քան 70 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 30 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2004 թվականի հունիսի 25-ի դրությամբ Բաքու- Թբիլիսի-Ջեյհան /ԲԹՋ/ նավթատարի շինարարությունը կատարվել է ավելի քան 70 տոկոսով, եւ խողովակաշարի ավելի քան 1150 կմ-ն արդեն պատրաստ է. այս մասին հաղորդել են ԲԹՋ-ի շինարարության եւ շահագործման պատասխանատու ԲԹՋ ընկերության մամուլի ծառայությունում: Ըստ մամուլի ծառայության հաղորդագրության` Ադրբեջանի տարածքում շինարարական աշխատանքները շարունակվում են` առաջ անցնելով հաստատված ժամանակացույցից, իսկ վրացական եւ թուրքական տեղամասերում լրացուցիչ շինարարական ճամբարների բացման շնորհիվ դրանք կատարվում են խողովակաշարի ընկերության պլանների համաձայն: Շինարարության ներկայիս տեմպերը թույլ են տալիս ասել, որ մինչեւ 2005 թվականի առաջին եռամսյակ ԲԹՋ-ն կհաջողվի շահագործման հանձնել: Խողովակաշարի շինարարության համար նախատեսված 2,95 մլրդ դոլարից ներկայիս դրությամբ արդեն ներդրվել է ավելի քան 2 մլրդ դոլար եւ նախագծի իրականացման համար ԲԹՋ-ի օրական ծախսը գրեթե 4 մլն է: ԲԹՋ-ի ադրբեջանական եւ վրացական հատվածները լցման համար պատրաստ կլինեն արդեն ընթացիկ տարվա 4-րդ եռամսյակում, իսկ թուրքական հատվածը` 2005 թվականի առաջին եռամսյակի կեսերին: Ըստ նախագծի գործարկու ընկերության լավատեսական կանխատեսումների` Azeri Light նավթով լցված առաջին լցանավը Ջեյհան նավահանգստից կարող է դուրս գալ 2005 թվականի մայիսին, իսկ ըստ հոռետեսական կանխատեսումների` 2005 թվականի հունիս ամսվա վերջից մինչեւ հուլիս ամսվա սկիզբն ընկած ժամանակահատվածում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում