Ավան-Առինջ համայնքում գործող ստորգետնյա առողջարան- անձավաբուժարանում բուժվում են նաեւ արտերկրից ժամանած հիվանդներ
6 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լիանա Եղիազարյան): Երեւանի Ավան- Առինջ համայնքում գտնվող աղի հանքում գործող ստորգետնյա առողջարան- անձավաբուժարանում ներկայումս բրոնխյալ ասթմայից բուժվում է 27 հիվանդ: Անձավաբուժարանը 2007թ-ին ունեցել է շուրջ 270 այցելու: Ինչպես «Արմենպրեսե-ի հետ զրույցում նշեց անձավաբուժարանի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը, այստեղ բուժման են գալիս նաեւ ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Անգլիայից, Ուրուգվայից, Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներից: Բուժում ստացողների առավել մեծ հոսք է նկատվում ամռանը: Վերջին տարիներին արձանագրվել է նրանց թվաքանակի աճ. 2000թ. համեմատ` գրեթե 2 անգամ: Ա. Ոսկանյանի տեղեկացմամբ` 1987թ. ստեղծված առողջարան-անձավաբուժարանը գտնվում է 235 մետր խորության վրա, այնտեղ մշտապես 19-20 աստիճան բնական ջերմաստիճան է: Ասթմայով հիվանդներն այստեղ են գալիս հիվանդանոցային պայմաններում բուժում անցնելուց հետո, «երբ դեղորայքային բուժման միջոցով հաղթահարած են լինում հիվանդության սրացումներըե: Անձավաբուժարանում վերականգնողական կուրսերը նպաստում են առողջության ամրապնդմանը, իմունային համակարգի ուժեղացմանը եւ օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը: Այդ կուրսերը շատ կարեւոր են հետագայում ասթմայի ի հայտ գալը կամ նոր սրացումները կանխարգելելու համար, քանի որ ասթման հենց իմունալ եւ հորմոնային համակարգի հետ ամենաանմիջական կապ ունեցող հիվանդություն է: Վերականգնողական կուրսերի կարիք ունեն ոչ միայն ասթմայից, այլեւ թոքային տարբեր հիվանդություններից, այդ թվում` տուբերկուլյոզից բուժված կամ թոքերի վիրահատություն տարած բոլոր հիվանդները: Պրոýեսորի վստահեցմամբ` բուժման արդյունավետությունը 85-87 տոկոս է: Այդ կուրսերի արդյունքում բարելավվում է ասթմայով բոլոր հիվանդների առողջությունը` անկախ տարիքից եւ հիվանդության բարդացման աստիճանից: Նույնիսկ դեղորայք կամ հորմոններ ընդունողների մոտ նվազում է դրանց ընդունման անհրաժեշտությունը: Անձավաբուժարանում կուրսեր անցնող մինչեւ 14 տարեկան երեխաների 30 տոկոսը վերջնականապես հրաժեշտ է տալիս հիվանդությանը, ավելի փոքր տարիքի երեխաների մոտ արդյունավետության տոկոսն ավելի բարձր է: «Բրոնխյալ ասթման մարդու օրգանիզմում կարող է ձեւավորվել ծնված օրվանից մինչեւ սեռական հասունացման ավարտը: Երեխաների մինչեւ 20 տոկոսն ապաքինվում է առանց որեւէ բուժման: Իսկ եթե նախաասթմային վիճակում գտնվող երեխաներն անցնեն այդ կուրսերը ստորգետնյա առողջարանում, ապա այդ տոկոսը կարելի է բարձրացնել մինչեւ 85-90-ի, եւ այդ երեխաների մոտ վերջնականապես կկանխվի հիվանդությունըե,-ասաց նա` նշելով, որ դա հիվանդացության կրճատման միակ ճանապարհն է: Անձավաբուժարանում հիվանդներն օրվա մեջ անցկացնում են մի քանի ժամ, շրջում են, շնչում այստեղի օդը, շնչառական վարժություններ անում եւ այլն: Բուժման տեւողությունը 20 օր է: Նշենք, որ այստեղ ՀՀ պետբյուջեից պետպատվերի շրջանակներում բուժօգնություն տրամադրելու համար տարեկան հատկացումը 27 մլն դրամ է: Ի դեպ` ՀՀ առողջապահության նախարարությանն առաջարկվել է հիվանդանոցային բուժում անցնելուց հետո ասթմայով հիվանդներին պարտադիր ուղեգրել անձավաբուժարան` բուժում անցնելու: Ա. Ոսկանյանի տեղեկացմամբ` անձավաբուժարանը ստեղծվել է հատուկ տեխնոլոգիաներով եւ հատուկ նախագծով: Նման անձավաբուժարաններ կան աշխարհի մի շարք երկրներում, սակայն ըստ գնահատականների, սա առաջինն է այն առումով, որ ռադիացիոն ýոնն այստեղ զրոյական է, ինչը որեւէ նման անձավաբուժարանում գրանցված չէ: Արտաքին աշխարհից մեկուսացումը շատ ուժեղ է, ուստի արեւային օդն ընդհանրապես չի անցնում ներքեւ: Տիեզերական մասնիկների քանակն այստեղ շուրջ 100 հազար անգամ պակաս է արտաքին աշխարհից, ինչն ունի բուժական շատ մեծ արդյունավետություն: Այս հանքում աղի խառնուրդը հավասարակշռված է այնպես, ինչպես մարդու արյան մեջ միկրոէլեմենտները, իսկ ծանր էլեմենտներն ընդհանրապես բացակայում են: Խոնավությունն անձավում 32-35 տոկոս է, ինչը եւս շատ լավ ցուցանիշ է: Բացի այդ` անձավի հատակից կա թեթեւ գազերի հոսք, որը դրականորեն է անդրադառնում մարդու իմունային համակարգի ուժեղացման վրա, ինչը ապացուցվել է բազմամյա փորձի արդյունքում: Այլ երկրների անձավաբուժարանների կառուցման ժամանակ օգտագործվել են այն հանքերը, որտեղից արդեն արդյունահանվել է հանքային հումքը, իսկ այս անձավաբուժարանի տարածքը բացվել է հատուկ այս նպատակով` հաշվի առնելով մի շարք առանձնահատկություններ: Ըստ Ա. Ոսկանյանի` շնչառական համակարգի հիվանդություններն աշխարհում ամենատարածվածներից են, ընդ որում` ողջ աշխարհում դիտվում է դրանց աճ: «Աշխարհում բոլոր մարդիկ տարին առնվազն 2 անգամ վերին շնչուղիների բորբոքում են ունենումե,-նշեց նա: Ուստի շնչառական հիվանդությունների կանխարգելման կարեւորությունը շատ մեծ է ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում: