Վերաբացվեց ԼՂՀ Ասկերանի շրջանի Աստղաշենի Սուրբ Գեւորգ եկեղեցին
1 րոպեի ընթերցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄՆԵՊՐԵՍ: ԼՂՀ Ասկերանի շրջանի Աստղաշենի Սուրբ Գեւորգ եկեղեցու զանգերը շուրջ մեկ դար լռելուց հետո կրկին ղողանջեցին: Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը երեկ վերաօծեց եկեղեցին եւ մատուցեց անդրանիկ պատարագը: Ձեռնարկն իրականացվեց ծնունդով աստղաշենցիներ` Բորիս Պետրոսյանի եւ ամերիկաբնակ Արմեն Ղահրամանյանի նախաձեռնությամբ ու սփյուռքահայ բարերարներ տեր եւ տիկին Այնթապլյանների հովանավորությամբ: Եկեղեցու վերաբացման արարողությանը ներկա էին Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այրեր, բարերարները, ասղաշենցիներ: Գյուղի պատմության ամենահիշարժան իրադարձությունը, աստղաշենցիների վկայությամբ, Խրիմյան Հայրիկի այցելությունն է սուրբ Գեւորգ եկեղեցի` 1898 թվականին: Եկեղեցին փակվել է խորհրդային կարգերի հաստատումից հետո` 1925 թվականին: Տարիներ ի վեր աղոթքի տունը վերածվել էր ակումբի: