Հասարակական

«Վասպուրական հայրենակցական միությանե ավանդական տոնահանդեսն այս տարի կնվիրվի Վանի հերոսամարտի 90-րդ տարելիցին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայատանի «Վասպուրական հայրենակցական միությունը մայիսի նախավերջին կիրակի օրը «Արծիվ Վասպուրականիե հուշակոթողի մոտ կանցկացնի իր ավանդական տոնահանդեսը, որն այս անգամ կնվիրվի Վանի հերոսամարտի 90-րդ տարելիցին: Գրեթե 90 տարի է անցել այն օրից, երբ վան- վասպուրականցիները բռունցք դարձած անհավասար մարտի դուրս եկան թուրքական կազմակերպված զորքերի դեմ, կռվեցին ու ի հեճուկս մինչև ատամները զինված թշնամու, հաղթեցին: Սակայն հաղթանակի բերկրանքը կարճ տեւեց. հաղթողները ստիպված էին բռնել գաղթի ճանապարհը` հյուսիս, հարավ, արեւելք ու արեւմուտք ուղղություններով, այդ ճանապարհին էլ տալով շատ թանկ կորուստներ: Նրանց մի հատվածը իր փրկությունը գտավ Արարատի հովանու ներքո, նոր տուն կառուցեց, նոր կյանք սկսեց, հոգու խորքում վառ պահելով կուրուսյալ երկրի ցավն ու մրմուռը: Նրա այդ անմար զգացումները մարմնավորվեցին ի դեմս երկնասլաց «Արծիվ Վասպուրականիե հոյակերտ կոթողի, որը հայրենասեր վանեցիների հանգանակություններով 1981 թվականին վեր բարձրացվեց Աշտարակ-Ագարակ մայրուղու հարեւանությամբ: Այս հուշակոթողը Հայաստանում ապրող հազարավոր վան-վասպուրականցիների, նրանց սերունդների, նաեւ Հայաստան այցելող` աշխարհով մեկ սփռված վանեցիների բեկորների համար արդեն գրեթե քառորդ դար դարձել է պապերի կորուսյալ հայրենիքի խորհուրդ- սրբավայր: Նրանք Վասպուրականի խորհրդանիշ միաթեւ Արծվի հովանու ներքո իրենց ձայնն են բարձրացնում ընդդեմ ցեղասպանության, ընդդեմ թուրք ենիչերիների, ի հեճուկս որոնց հայ ժողովուրդն այսօր էլ ապրում է ու բարգավաճում, աշխարհի հետ խոսում որպես անկախ ու ազատ պետություն: Իսկ Հայաստանի Վասպուրական հայրենակցական միությունն էլ իր բազմաբնույթ ու հնչեղ միջոցառումներով վասպուրականցիների տարբեր սերունդների մոտ վառ է պահում կորուսյալ երկրի, նրա` աշխարհին տված հանճարների հիշատակը; Միության նախաձեռնությամբ կազմակերպվում են նաեւ ուխտագնացություններ պապերի երկիր, հրատարակվում են Վանի հերոսամարտին նվիրված գրքեր, վան-վասպուրականցիների հուշապատումներ: Ինչպես տեղեկացրեց Վասպուրական հայրենակցական միության վարչության նախագահի տեղակալ Նորա Մելիքյանը, կազմակերպությունը միայն վերջին երեք տարիներին հրատարակել է «Թեժ մարտերը Վանի քաղաքամեջումե, Հնչակյան կուսակցության Վանի կազմակերպության ղեկավարներից մեկի՝ Արտաշես Սոլախյանի «Բանտային հուշերըե (Ա. Սոլախյանին եւ կազմակերպության մյուս բոլոր ղեկավարներին Վանի հերոսամարտի օրերին թուրք ենիչերիները մորթել են եւ լցրել մի փոսի մեջ), նաեւ «Եղեռնը վան-վասպուրականցիների հուշերումե գիրքը, որում տեղ են գտել ականատեսների հուշերը թուրքերի կողմից հայոց դեմ սանձազերծած զանգվածային սպանությունների ու գազանությունների մասին, այն տառապանքների մասին, որ կենդանի մնացածներն ապրել են գաղթի անորոշ ու վտանգներով լի ճանապարհին: Իսկ վասպուրականցիների նահապետը՝ ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանը իր բազմահատոր հուշագրություններում ներկայացրել է վասպուրականցիների գողգոթայի ամբողջ տարեգրությունը: Հայաստանաբնակ վասպուրականցիները Վանի հերոսամարտի 90-ամյակը կնշեն իրենց սրբավայրում՝ «Արծիվ Վասպուրականիե հուշարձանի հովանու ներքո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում