Հասարակական

Հայ առաքելական եկեղեցու պատմությունը պարտադիր կդասավանդվի հանրապետության դպրոցներում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Եվա Մովսիսյան): Նոր ուսումնական տարում հանրապետության դպրոցներում Հայ առաքելական եկեղեցու պատմությունը որպես պարտադիր առարկա կդասավանդվի 6-րդ, 7-րդ, 8-րդ, իսկ մինչեւ տարեվերջ` նաեւ 9-րդ եւ 10-րդ դասարաններում: Կրթական ազգային ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Ղուկասյանի խոսքերով, առարկան փորձնական ներդրվելով ուսումնական ծրագրում 2003 թ. սեպտեմբերի մեկից, ունի իր օբյեկտիվ դժվարությունները: Նշենք, որ դասընթացը դպրոցներում իրականացնում են Մայր աթոռ Սբ Էջմիածինը եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը: Ինչպես տեղեկացրեց Մայր աթոռի կրթական խորհրդի նախագահ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը, հանրապետության 5 մարզերի ուսուցիչները, ովքեր չեն վերապատրաստվել, Վեհափառի անմիջական հովանավորությամբ ամռանը կանցնեն վերապատրաստման լրիվ դասընթացները: Ինչ վերաբերում է դասավանդողների մասնագիտական պատրաստվածությանը, Վ. Ղուկասյանը նշեց, որ հայոց լեզվի եւ հայ ժողովրդի պատմության վերապատրաստում անցած մասնագետները կարող են լիարժեք գիտելիքներ հաղորդել աշակերտին: Նա նկատեց, որ առարկան դասավանդում են նաեւ ԵՊՀ աստվածաբանական ýակուլտետի ուսանողները, սակայն ժամաքանակի թերբեռնվածությունը (8 դասաժամ) դժվարություններ է ստեղծում աստվածաբան շրջանավարտների դպրոց մուտք գործելու համար: Վ. Ղուկասյանի տվյալներով անհրաժեշտ է 2 000 մանկավարժ, որպեսզի բոլոր դպրոցներում առարկան լիարժեք մատուցվի, իսկ ներկա դրությամբ կա գործող մոտ 1 000 մանկավարժ: Խնդիրը, սակայն, ժամանակի ընթացքում կհարթվի: Գյուղական դպրոցներում այլ մասնագիտությամբ մանկավարժների կրոնի դասավանդումը Վ.Ղուկասյանը բացատրեց մասնագետներ չունենալով, սակայն ընդգծեց, որ հիշյալ մանկավարժները պետք է պարտադիր ունենան Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի երկամյա դասընթացների վկայականներ` դասավանդելու թույլտվություն ստանալու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում