Հասարակական

Սեպտեմբերի 8-ը Ս.Կույս Մարիամի ծննդյան օրն է

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական եկեղեցին Աստվածամոր ծննդյան օրը հաստատուն կերպով տոնում է սեպտեմբերի 8-ին: Ըստ Մայր Աթոռի մամլո դիվանի, Ս.Աստվածածնի ծնունդը նկարագրված չէ Աստվածաշունչ մատյանում, այն մեզ է փոխանցվել Եկեղեցու Սրբազան ավանդության շնորհիվ: Ս.Կույսի ծնողները՝ Հովակիմն ու Աննան երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ վերջինս ամուլ էր: Եւ մի օր, երբ Աննան իջնում է պարտեզ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը եւ ավետում, որ ինքը զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղոթքների ձայնն ու խղճաց իրեն: Նա խոստանում է իր զավակին Աստծուն նվիրել: Նույն այս տեսիլքը երեւում է նաեւ Հովակիմին՝ հայտնելով բարի լուրը: Ս.Կույսի հայրը նույնպես փառք է տալիս Բարձրյալին այդ մեծ շնորհին արժանացնելու համար եւ իր ընտիր արջառներից ու ոչխարներից մատաղ է անում՝ բաժանելով աղքատներին: Աննան հղիանալուց հետո ծնում է մի աղջիկ, որին անվանում են Մարիամ, այսինքն՝ լուսավորված: Նա էր այն ընտրյալ անոթը երկրիս վրա, ում Աստված իր առաքինությունների ու արժանիքների շնորհիվ պատվեց լինելու Բանն Աստծու մայրը: Որպես մայր անհանգստացավ, տառապեց իր Որդու համար, սակայն երբեք չերկնչեց ու չընդդիմացավ Աստծուն՝ քաջ գիտակցելով Բարձրյալից իրեն վստահված առաքելության կարեւորությունը: Նա առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է, որին որպես օրինակ պիտի ունենա ամեն մի հայ մայր, ամեն մի հայ աղջիկ, որ պատրաստվում է մայր դառնալու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում