Երեւանի տրամվայի ապամոնտաժված ռելսերը դեռեւս գնորդ չունեն
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Էլմիրա Բաղդասարյան): Այսօր էլ գնորդ չլինելու պատճառով, արդեն երրորդ անգամ, չկայացավ ՀՀ Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի էլեկտրատրանսպորտե ՊՓԲ ընկերության ներկայացրած մայրաքաղաքի տրամվայի օգտագործված եւ ապամոնտաժված ռելսերի աճուրդային վաճառքը: Վաճառքի է հանված 800 տոննա ռելս՝ 1 տոննան 80 դոլարին համարժեք դրամ մեկնարկային գնով: Ըստ «Ադամանդե ապրանքահումքային բորսայի նախագահ Գրիգոր Վարդիկյանի, բորսան շահագրգիռ է, որ ապրանքը շուտ վաճառվի եւ բարձր գնով, բայց միաժամանակ պետք է սահմանվի գնորդին հետաքրքրող ռեալ գին: Նրա կարծիքով, աճուրդի հանված ապրանքի մեկնարկային գինը բավականին բարձր է, կողմնորոշիչ շուկայական գին կարող է համարվել 50 դոլարին համարժեք դրամը: Ընդ որում, սովորական մետաղի ջարդոնը Հայաստանում այսօր գնահատվում է տոնան 15-20 դոլար, ջարդոնի միջազգային գինը փաթեթավորումից հետո կազմում է 60-70 դոլար: «Ադամանդե բորսայի նախագահի եզրակացությամբ, տրամվայի ռելսերն ամենայն հավանականությամբ կվաճառվեն դրսում, որովհետեւ ինքը «չի պատկերացնում, թե այստեղ դրանք որտեղ կարելի է օգտագործելե: Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե աճուրդը դիտմամբ չի կայացվում, որպեսզի իջեցվի ապրանքի գինը, այդ առնչությամբ Գ.Վարդիկյանը նշեց, որ դա հավանական կլիներ ակումբ-բորսայի դեպքում: Այս դեպքում աճուրդը դռնբաց է, եւ ոչ մեկը չի կարող գնորդին համոզել աճուրդին չներկայանալ: Նա նաեւ տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ, վաճառքի հանված ռելսերը պահեստավորված են եւ պահվում են տրամվայի պարկի տարածքում: Նշենք, որ աճուրդն անցկացվում է«Ադամանդե ապրանքահումքային բորսայում, դասական կարգով. մեկնարկային գինն աճում է յուրաքանչյուր քայլին՝ 2 դոլարին համարժեք դրամով: Հաջորդ աճուրդները պարբերաբար անցկացվելու են յուրաքանչյուր շաբաթվա երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին: