Երեւանի տրամվայի ապամոնտաժված ռելսերը չեն վաճառվում
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ(թղթ. Էլմիրա Բաղդասարյան): Հունիսից սկսած մինչեւ այսօր գնորդ չլինելու պատճառով չի կայանում մայրաքաղաքի տրամվայի ապամոնտաժված ռելսերի աճուրդային վաճառքը: Վաճառքի է հանված 800 տոննա ընդհանուր քանակի ռելս, որի մեկ տոննայի համար սահմանված մեկնարկային գինը կազմում է 80 դոլարին համարժեք դրամ: Ըստ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Արեգ Բարսեղյանի, առայժմ մեկնարկային գնի եւ աճուրդային ձեւի փոփոխություն չի նախատեսվում: Ի դեպ, դեռեւս աճուրդի սկզբում «Ադամանդե ապրանքահումքային բորսայի նախագահ Գրիգոր Վարդիկյանը նշել էր, որ աճուրդի հանված ապրանքի մեկնարկային գինը բավականին բարձր է: Ըստ նրա, կողմնորոշիչ շուկայական գին կարող է համարվել 50 դոլարին համարժեք դրամը: Հիշեցնենք, որ աճուրդն անցկացվում է «Ադամանդե ապրանքահումքային բորսայում, դասական կարգով, որով մեկնարկային գինն աճում է յուրաքանչյուր քայլին 2 դոլարին համարժեք դրամով: