Տեղի է ունեցել արտաճանապարհային երթևեկության հետևանքով առաջացող էկոհամակարգային խնդիրներին նվիրված քննարկում
2 րոպեի ընթերցում
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում տեղի է ունեցել ԲԸՏՄ ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որում ընդգրկված են Տեսչական մարմնի, ՇՄՆ-ի Էկոպարեկային ծառայության, «Հայանտառ», «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ների, ՏԿԵՆ-ի, Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ոլորտային պատասխանատուներ։
Հանդիպմանը մասնակցել են նաև լեռնային ուղեկցորդներ, արշավախմբերի, զբոսաշրջության ոլորտի և ուղեկցորդների ասոցիացիաների 25 ներկայացուցիչ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, աշխատանքային խումբը ձևավորվել է Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքներում, անտառային հողերում, ինչպես նաև համայնքային տարածքներում արտաճանապարհային (off-road) տրանսպորտային միջոցներով առանց նախապես սահմանված և հաստատված երթուղիների երթևեկության հետևանքով առաջացող էկոհամակարգային խնդիրները քննարկելու և լուծումներ մշակելու նպատակով։
Անդրանիկ նիստի ընթացքում քննարկվել են առանց հաստատված երթուղիների իրականացվող արտաճանապարհային երթևեկության հետևանքով բնական միջավայրին, բուսական ու կենդանական աշխարհին հասցվող վնասները, ինչպես նաև իրավական կարգավորումների, երթուղիների հստակեցման և վերահսկողական մեխանիզմների կատարելագործմանն ուղղված հետագա քայլերը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել էկոհամակարգերի պահպանության անհրաժեշտությանը, գործունեության հետևանքով հնարավոր բացասական ազդեցությունների կանխարգելմանը՝ միաժամանակ ապահովելով էկոտուրիզմի զարգացման հնարավորությունները։
Մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները, իսկ գերատեսչությունների ներկայացուցիչները՝ խնդրի կարգավորման վերաբերյալ իրենց մոտեցումներն ու տեսլականը։
Կառուցողական երկխոսության արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն հստակ ժամկետներում մշակել կարգավորումներ ու կանոնակարգեր՝ լիազոր մարմիններին ներկայացնելու համար։