ԱրարատԲանկը համագործակցություն է հաստատել ամերիկյան Anchorage Digital Bank թվային բանկի հետ
3 րոպեի ընթերցում
ԱրարատԲանկը թղթակցային հաշիվների բացման պայմանագիր է կնքել ԱՄՆ դաշնային լիցենզիայով գործող «Անքորիջ Դիջիթըլ Բանկ» (Anchorage Digital Bank) թվային բանկի հետ, որը համադրում է դասական բանկային ծառայություններն ու թվային ակտիվների ենթակառուցվածքները։ Այս գործընկերությունը հնարավորություն կընձեռի ԱրարատԲանկի հաճախորդներին իրականացնել ԱՄՆ դոլարով առավել արդյունավետ վճարումներ։
Նոր թղթակցային հարաբերությունների հաստատումը հնարավորություն կտա թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձ հաճախորդներին իրականացնել ԱՄՆ դոլարով առավել արագ, մատչելի և անվտանգ միջազգային փոխանցումներ՝ ընդհուպ մինչև Միացյալ Նահանգներ, ինչպես նաև օգտվել թվային ակտիվների ոլորտի նոր հնարավորություններից։
«Անքորիջ Դիջիթըլի հետ համագործակցությունը կարևոր քայլ է ԱրարատԲանկի թվային բանկինգի զարգացման ճանապարհին։ Մենք ցանկանում ենք, որ թվային ակտիվներով հետաքրքրված մեր հաճախորդները կարողանան օգտվել այդ ոլորտի հնարավորություններից իրենց վստահելի բանկի միջոցով։ Անքորիջ Դիջիթըլի փորձը կօգնի մեզ զարգացնել թվային ակտիվների ծառայությունները՝ հաշվի առնելով մեր հաճախորդների կարիքները և առաջնահերթ համարելով անվտանգությունը։ Կարծում եմ` սա մեծ ձեռքբերում է, և մեր հաճախորդները մոտ ապագայում կզգան այս համագործակցության առավելությունները»,- նշել է ԱրարատԲանկի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը։
ԱրարատԲանկի և Անքորիջ Դիջիթըլի համագործակցությունն ունի նաև տարածաշրջանային նշանակություն․ սա ամերիկյան թվային բանկի առաջին թղթակցային հաշիվների պայմանագիրն է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում։
ԱրարատԲանկը շարունակում է հետևողական քայլեր կատարել դեպի նորարար, ժամանակակից և հաճախորդակենտրոն բանկային ծառայություններ՝ ընդլայնելով միջազգային գործընկերության շրջանակները և հաճախորդներին առաջարկելով բազմազան, հուսալի և անվտանգ ֆինանսական լուծումներ։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից