2 րոպեի ընթերցում
Կուբայի դեմ պատժամիջոցները, որոնք սպառնում են մարդկային կյանքերին, այդ թվում՝ երեխաների, պետք է վերացվեն։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
ԱՀԿ ղեկավարի՝ Կուբա կատարած այցի ընթացքում կայացած մամուլի ասուլիսում արված հայտարարության տեքստը հրապարակել է ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի լրատվական ծառայությունը՝ ReliefWeb-ը։
«Վառելիքի և էներգիայի պակասը, զուգորդված դեղորայքի և սարքավորումների ձեռքբերմանը խոչընդոտող պատժամիջոցների հետ, լուրջ մարտահրավերներ է ստեղծում առողջապահական համակարգի համար», - ասել է Գեբրեյեսուսը։
Նա հիշեցրել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրկի դիրքորոշումը, որն ավելի վաղ զգուշացրել էր, որ «վառելիքի մատակարարման սահմանափակումները և պատժամիջոցների խստացումն անմիջականորեն վնասում են կուբացիներին, հատկապես ամենախոցելի խմբերին, ինչպես նաև վտանգի է ենթարկում մարդկային կյանքերը, այդ թվում՝ երեխաներին»։
«Նա (Թյուրկը) կոչ արեց անհապաղ վերացնել այդ սահմանափակումները, և ես միանում եմ այս կոչին», - ընդգծել է ԱՀԿ գլխավոր տնօրենը։
Գեբրեյեսուսի խոսքով՝ առողջապահությունը երբեք չպետք է դառնա քաղաքականության զոհ։
ԱՀԿ ղեկավարը հիշեցրել է, որ այսօր Կուբայում կա գրեթե 100 000 վիրահատությունների կուտակում, այդ թվում՝ 12 000-ը՝ երեխաների։ Ավելին, 34 000 հղի կին չի կարողանում ստանալ անհրաժեշտ խնամքը։ Երկրում առողջության մի քանի հիմնական ցուցանիշներ փոխվում են դեպի վատը։