Հրազդանում կստեղծվի տեխնոլոգիական քոլեջ. առաջին ընդունելությունը նախատեսվում է 2027 թվականին

4 րոպեի ընթերցում

Հրազդանում կստեղծվի տեխնոլոգիական քոլեջ, որը մասնագետներ կպատրաստի ենթակառուցվածքային ճարտարագիտության, արհեստական բանականության մշակման և մեքենայական ուսուցման ուղղություններով։ Քոլեջի առաջին ընդունելությունը նախատեսվում է 2027 թվականին, իսկ ուսուցումն անվճար կլինի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին «Digitec 2026» ցուցահանդեսի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում ասաց Armenian Code Academy-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Նարեկ Ասլիկյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում արհեստական բանականության ոլորտի զարգացմանը զուգահեռ անհրաժեշտ է նաև համապատասխան մասնագետներ պատրաստել։ «Շատ կարևոր իրադարձություն է արհեստական բանականության գործարանի ստեղծումն ու ակտիվացումը Հայաստանում, բայց պետք է նաև հաշվի առնենք, որ մենք տաղանդների խողովակ պետք է ստեղծենք։ Նմանատիպ մասնագետներ այս պահին Հայաստանում, ցավոք, ոչ ոք չի պատրաստում։ Մենք արդեն սկսել ենք մշակել կրթական ծրագիր»,– նշեց Ասլիկյանը՝ հավելելով, որ քոլեջը տարեկան նախատեսում է ընդունել շուրջ 100 ուսանողի։

«Այն բաց կլինի 12-րդ դասարանն ավարտած աշակերտների համար։ Բացի այդ, հունվարից կմեկնարկեն անվճար նախապատրաստական դասընթացներ։ Կոտայքի մարզի բնակիչները հնարավորություն կունենան անվճար սովորելու մաթեմատիկա, ֆիզիկա և անգլերեն՝ ընդունելության քննություններին պատրաստվելու և քոլեջում ուսումը սկսելու համար անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերելու նպատակով»,-նշեց նա։

Ներկայացնելով Հրազդանում արհեստական բանականության հանգույցի և տեխնոլոգիական քոլեջի ստեղծման նախաձեռնությունը՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանը նշեց, որ  նախաձեռնությունը միության և Firebird ընկերության ռազմավարական համագործակցության կարևոր հանգրվաններից է։

«ԱՏՁՄ-ն միավորում է շուրջ 300 ընկերություն, իսկ Firebird-ը միության ռազմավարական անդամն ու գործընկերն է։ Սա մեր ռազմավարական համագործակցության շատ կարևոր հանգրվան է, որը ցույց է տալիս, թե ինչ մեծ նպատակներ ունենք հատկապես մարզերում։ Սա միայն արհեստական բանականության սպառողներ կրթելու մասին չէ։ Մենք ուզում ենք, ինչպես «Արմաթ»-ի դեպքում, տեխնոլոգիաներ ստեղծող սերունդ մեծացնել»,– ասաց Ղազարյանը։

 Firebird ընկերության համահիմնադիր և նախագահ Ալեքսանդր Եսայանի խոսքով՝ նախաձեռնության նպատակն է Հրազդանում և հարակից տարածքներում ապրող երիտասարդների համար բարձրորակ կրթության հնարավորություններն ավելի հասանելի դարձնելը։

 Firebird-ի համահիմնադիր Ռազմիգ Հովաղիմյանն էլ ընդգծեց համայնքային համագործակցության և երիտասարդների ակտիվ մասնակցության կարևորությունը՝ հույս հայտնելով, որ նախաձեռնության շրջանակում կրթություն ստացող երիտասարդներից ապագայում օլիմպիադաների հաղթողներ կլինեն։ «Եղե՛ք ակտիվ, մասնակցե՛ք, ստեղծե՛ք և առաջնորդե՛ք։ Ամեն ինչ ձեր ձեռքերում է։ Մենք խոստացել ենք յուրաքանչյուր համայնքի, որի մասն ենք դառնում, կրկնապատկել մեր ջանքերը՝ ավելին տալու, քան վերցնելու համար»,– նշեց նա։

Հայերեն Русский

Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել

Հայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը

ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկվել են մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակի ստեղծման հարցերը

Հրազդանում կստեղծվի տեխնոլոգիական քոլեջ. առաջին ընդունելությունը նախատեսվում է 2027 թվականին

Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում

Firebird-ը Dell Technologies-ի հետ ընդլայնում է իր ԱԲ ենթակառուցվածքը Հայաստանում

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն Վարդենիս համայնքին է նվիրաբերել հացահատիկամաքրիչ 2 մեքենա

Որքան լայն է երեխայի հետաքրքրությունների շրջանակն, այնքան մեծ է նրա մտահորիզոնը․ ՀՀ ԿԳՄՍ նախարար

ՀԱՓԿ-ի և ԵՄ-ի գործակցության շրջանակում վերապատրաստում անցած ականազերծողները հավաստագրեր ստացան

Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել ՌԴ-ի կողմից Կիևին հասցված հարվածների կապակցությամբ