11 րոպեի ընթերցում
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է հոկտեմբերի վաճառքների հիման վրա:
Առաջին տեղում է Նորա Իկստենայի «Մայրական կաթ» վեպը, որը նույն ընտանիքի երեք սերնդի կանանց պատմություն է: Հեղինակը հանրամատչելիորեն պատկերում է իր մանկության և երիտասարդության տարիների խորհրդային Լատվիայի սոցիալական միջավայրը, բարոյականության վակուումը, որը տարօրինակորեն ուղղորդվում էր և ներսից կոտրելով մարդկանց՝ վերածում կենդանի դիակների: Վեպի ամբողջ տեքստը ապրելու անհնարինության վավերագրություն է՝ ներծծված հրաժարումով ամուսնուց ու հորից, երազանքներից, գաղափարներից ու համոզմունքներից, աշխատանքից ու սեփական տեսակետից, ընկերներից և սիրելիներից: Գլխավոր հերոսուհին գինեկոլոգ է, որը հրաշալիորեն ճանաչում է մարդուն և շատերին կարողանում օգնել իր գիտելիքներով, բայց, պարզվում է, ի վիճակի չէ ապրելու իրեն բաժին հասած կյանքը: Մայրական կաթը երեխայի առաջին սնունդն է: Գլխավոր հերոսուհին՝ մայրը, դստերը միտումնավոր զրկում է այդ կաթից՝ թույլ չտալով նրան ժառանգել իր ցավն ու հուսահատությունը:
Ջոան Հարիսի «Շոկոլադը» երկրորդ տեղում է։ Վեպում պատմում է այն մասին, թե ինչպես փոքրիկ ֆրանսիական Լանսկընե գյուղում երկար տարիներ ոչինչ չէր փոխվում, մինչև մի օր Մեծ Պահքի շեմին, փոփոխական քամու հետ ժամանում են խորհրդավոր անծանոթուհի Վիեն Ռոշենը և իր դուստրը։ Հետաքրքիր է արդյո՞ք Ռոշենը կկարողանա պահել իր շոկոլադի խանութը, այդ խիստ ծիսական պահքերի խստությամբ փոքրիկ գյուղում։
Մարիա Քորելլիի «Սատանայի վիշտը» երրորդ տեղում է։ Աղքատության և անհայտության մեջ ապրող երիտասարդ գրող Ջեֆրի Թեմփսթը ակամայից հոգին վաճառում է Սատանային և նրանից ստանում այն ամենը, ինչի մասին միայն երազում էր: Կամ՝ գրեթե ամեն ինչ: Չիմանալով, թե ով է իրականում թաքնված, ինչպես ինքն է ասում, իր լավագույն ընկերոջ կերպարի հետևում, որի հետ ծանոթացել էր իր կյանքի, հավանաբար, ամենաառեղծվածային և անակնկալներով լի օրը, ակամայից նրան համարում է իր փոփոխական բախտի ամենահրաշալի պարգևներից մեկը։ Այժմ աշխարհիկ հասարակությունը, որը նախկինում անտեսում էր նրան, նրա ոտքերի առաջ էր: Արդեն միլիոնատեր Ջեֆրի Թեմփսթը վայելում էր այն ամենը, ինչը կարելի էր գնել փողով, երերուն հասարակական դիրք, քծնող ծառաների և սպասավորների ներկայություն, շինծու գրական փառք, արհամարհանք և դավաճանություն՝ քողարկված թվացյալ սիրո ներքո... Ու եթե առաջինների ոչ իրական լինելու փաստը նա գիտակցում էր, սիրո հարցում նրան վիճակված էր առերեսվել այն պարզ աքսիոմի հետ, որ իրական սերը չի վաճառվում: Գիրքը հրատարակվել է 1895 թվականին և դարձել վիկտորիանական Անգլիայի պատմության մեջ ամենամեծ բեսթսելլերը: Թեև գրեթե բոլոր քննադատները նշել են գրքի գրական անկատարության մասին, ստեղծագործության պաշտպանությամբ հանդես է եկել Օսկար Ուայլդը, ինչն իրականում զարմանալի չէ, գրքի առաջին մասում Ջեֆրի Թեմփսթի ուղին մեծապես կրկնում է նրա Դորիան Գրեյի բարոյական անկումը։
Ֆրանչեսկա Ջանոնեի «Փոստատարը» չորրորդ տեղում է։ Երիտասարդ իտալուհի գրող Ֆրանչեսկա Ջանոնեի անդրանիկ վեպը գրական իրարանցում է առաջացրել Իտալիայում՝ արդեն իսկ վաճառվելով ավելի քան 580 000 օրինակ, իսկ հրատարակման իրավունքը վաճառվել է 37 երկրի։ Վեպի հիմքում հեղինակի նախատատի՝ Հյուսիսային Իտալիայից մի երիտասարդ կնոջ՝ Աննայի իրական պատմությունն է, որը 1934 թվականին ընտանիքի հետ տեղափոխվում է երկրի հարավ՝ ամուսնու ծննդավայր: Դառնալով Լիցանելոյի առաջին կին փոստատարը՝ Աննան մարտահրավեր է նետում հասարակության նահապետական բարքերին: Ավելի քան 20 տարի, սկզբում՝ ոտքով, հետո՝ հեծանվով, նա բնակիչներին է հասցնում կարևոր նամակագրությունը՝ ռազմաճակատից զինվորների ուղարկած նամակները, Իտալիան ընդմիշտ լքածների բացիկներն ու գաղտնի սիրահարների ուղերձները: Աննան անգրագետ մարդկանց համար կարդում է նամակները և նրանց նույնիսկ գրել ու կարդալ է սովորեցնում։ Հյուսիսից ժամանած համարձակ «օտարականը», ինքն էլ չնկատելով, շատ բան է փոխում հարավային այդ քաղաքում և լրջորեն ազդում տեղացի կանանց դիրքի վրա։
Էթել Լիլիան Վոյնիչի «Բոռը» հինգերորդ տեղում է «Բոռը» հուզիչ և ազդեցիկ վեպ է սիրո, դավաճանության, հավատի և ազատության համար պայքարի մասին։ Գործողությունները ծավալվում են XIX դարի Իտալիայում՝ հեղափոխական շարժումների ֆոնին։ Գլխավոր հերոսը՝ Արթուր Բերթոնը, ծանր փորձությունների և հիասթափությունների միջով անցնելով, վերածվում է Բոռ մականունով անվախ հեղափոխականի։ Սա խորիմաստ պատմություն է ոգու ուժի, անձնազոհության, ներքին հակասությունների և սեփական գաղափարներին հավատարիմ մնալու մասին։
Վեցերորդ տեղում է Ֆրանկ Տիլյեի «Գլուխկոտրուկ» գիրքը։ Որտե՞ղ է իրականության և երևակայության անտեսանելի սահմանը։ Այս հարցի պատասխանը պետք է բացահայտեն Իլանը և Քլոեն՝ առեղծվածային խաղի՝ «Պարանոյայի» մասնակիցները։ Ոչ ոք չգիտի, թե ինչ կանոններով է ընթանում այս խաղը, և ինչպես այն կավարտվի, սակայն մի բան հաստատ է․ հաղթողին խոստացված է խոշոր դրամական պարգև՝ երեք հարյուր հազար եվրո, որի համար մասնակիցները պատրաստ են անգամ ամենադաժան և անսպասելի քայլերին։ Խաղը տանում է ֆրանսիական Ալպերի մութ խորքերը՝ դեպի լքված հոգեբուժարան, որտեղ մեկ տարի առաջ՝ Սուրբ Ծննդյան նախօրեին, հայտնաբերվել էին ութ դիակ… Հինգ տղամարդ և երեք կին սառնասրտորեն սպանվել էին քնի մեջ։ Այժմ խաղացողները կրկին ութն են։ Ո՞վ է նրանցից կենդանի մնալու, և արդյո՞ք կլինի այդպիսի մեկը…
Մարիա Քորելլիի «Վենդետան» յոթերորդ տեղում է։ 1886 թվականին գրված այս յուրահատուկ ստեղծագործությունը մատնանշում է այն պարզ փաստը, որ մարդն իր էությամբ, հասարակությունն իր բարքերով անփոփոխ են նույնիսկ դարեր անց։ Փոխվում են միջավայրը, հանդերձանքը, վեհության մասին խոսելու բառապաշարը, բայց ոչ մարդը։ Ֆաբիո Ռոմանին, որին ժանտախտի համաճարակի ժամանակ սխալմամբ ողջ-ողջ էին թաղել, հաջորդ օրն իսկ «վերակենդանանում է»՝ սեփական ընտանեկան դամբարանում անասելի տառապանքներ ու սարսափ ապրելով, և ի վերջո արևի լույսի տակ հայտնվելով՝ պարզում է, որ նրանք, ում ամենից շատ էր սիրում և վստահում, այնպիսին չէին, ինչպիսին թվում էին։ Այսպես ծնվում է վրեժի անթերի մի ծրագիր, և սյուժեն, գրքի ամբողջ ընթացքում պահպանելով լարվածության մթնոլորտը, սահուն կերպով հասնում է իր հանգուցալուծմանը։ Իսկ գրքի եզրափակիչ հատվածում գուցե զարմանալի կամ շատերի համար սպասելի լինեն հերոսի վերջին մտքերը վերագտած կամ ընդմիշտ կորցրած հոգեկան խաղաղության՝ վրեժի գնի մասին։
Ալբեր Կամյուի «Օտարը» վեպը ութերորդ տեղում է: 1942 թվականին լույս տեսած իր առաջին՝ «Օտարը» վեպում Ալբեր Կամյուն գեղարվեստականորեն առարկայացնում է աբսուրդի և էքզիստենցիալիզմի փիլիսոփայության վերաբերյալ իր հայացքները: Այդ հայացքները մարմնավորող վեպի գլխավոր հերոսի գլխավոր առանձնահատկությունը կեղծավորության ու ստի հանդեպ ատելությունն է, հավակնությունների գրեթե բացակայությունը, անգամ, եթե այդ ամենը հակասում է սեփական շահերին: Թարգմանությունը՝ Աննա Հակոբյանի:
Իններորդ հորիզոնականում է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործությունը: «Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում:
Լուիզա Մեյ Օլքոթի «Փոքրիկ կանայք» գիրքը տասներորդ տեղում է։ «Փոքրիկ կանայք» վեպը 19-րդ դարի ամերիկյան գրականության լավագույն նմուշներից է: Վեպի հիմքում հեղինակի հիշողություններն են՝ քաղաքացիական պատերազմի օրերից (1861-1865թթ., ԱՄՆ): Սա պատմություն է չորս քույրերի մասին, որոնք տարբեր են բնավորությամբ, սակայն միմյանց լրացնում են՝ ինչպես գույները միևնույն նկարում: Ջոն համառ է ու վառ բնավորության տեր, տան հենասյունն ու շարժիչ ուժը: Մեգը՝ մեղմ ու գորովաշատ, Էմին՝ հպարտ ու մի քիչ կամակոր, բայց միևնույն ժամանակ՝ փխրուն ու զգայուն: Իսկ Բեթը՝ լուռ ու բարի. նրա ներկայությունն իսկ խաղաղություն է բերում:
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:
| Տեղ | Փոփոխ․ | Գիրք | Հրատ․ | Քանակ | |
| 1 | +1 | Նորա Իկստենա, «Մայրական կաթ» | Վերնատուն | 190 | |
| 2 | -1 | Ջոան Հարիս, «Շոկոլադը» | Դավինչի | 149 | |
| 3 | նոր | Մարիա Քորելլի, «Սատանայի վիշտը» | Բիբլիոն | 121 | |
| 4 | նոր | Ֆրանչեսկա Ջանոնե, «Փոստատարը» | Բիբլիոն | 116 | |
| 5 | նոր | Էթել Լիլիան Վոյնիչի, «Բոռը» | Դավինչի | 115 | |
| 6 | -2 | Ֆրանկ Տիլյե, «Գլուխկոտրուկ» | Դավինչի | 95 | |
| 7 | նոր | Մարիա Քորելլի, «Վենդետան» | Բիբլիոն | 89 | |
| 8 | -2 | Ալբեր Կամյու, «Օտարը» | Անտարես | 80 | |
| 9 | +1 | Ջորջ Օրուել, «Անասնաֆերմա» | Անտարես | 73 | |
| 10 | նոր | Լուիզա Մեյ Օլքոթ, «Փոքրիկ կանայք»
| Էդիթ Պրինտ | 71 |