Ռոբոտներ փրկարար ծառայությունում ու արդյունաբերությունում․ Հայաստանը սկսում է ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիր

7 րոպեի ընթերցում

ՀՀ-ում կիրականացվի ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիր: Այն իրենից ենթադրում է լայնածավալ աշխատանք տարբեր ուղղություններով։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության պետ Անի Վիրաբյանը նշեց, որ նպատակ ունեն ռոբոտաշինության ու արհեստական բանականության ոլորտում ձևավորել մրցունակ գիտահետազոտական կարողություններ։

«Այդ նպատակով Հայաստանի 3 համալսարաններում մեծ ներդրումներ են կատարվելու՝ ԵՊՀ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան։ Մասնավորապես, ենթակառուցվածքների բարելավման, լաբորատորիաների վերազինման, նոր լաբորատորիաների ստեղծման ուղղությամբ աշխատանք է տարվելու։ Դրանից բացի ձևավորվելու է մշտական գիտական միջուկ, լինելու են նաև հրավիրված գիտնականներ»,-ասաց Անի Վիրաբյանը։

Հայ գիտնականների միության (Armenian Society of Fellows) նախաձեռնությամբ ստեղծված ARCS.ai ռոբոտաշինության և արհեստական բանականության հետազոտական կենտրոնի ծրագրերի ղեկավար Անիկ Մարգարյանը նշեց, որ բուհերի ընտրությունը պայմանավորված է նախապես կատարված ուսումնասիրությունների արդյունքներով։

«Երբ ծրագրի մեկնարկը տրվեց, մենք գործընկերների հետ կատարեցինք մոնիթորինգ հասկանալու, թե հետազոտական ու կրթական ինչ կարողություններ ունենք։ Ահա այդ ուսումնասիրությունները հաշվի առնելով էլ՝ ընտրվեցին նշված երեք համալսարանները։ Պոլիտեխնիկական և Ամերիկյան համալսարանների պարագայում ունենք լավ ձևավորված ինժեներական կրթական համակարգ։ Հաշվողական ռեսուրսների առումով նախընտրելի էր աշխատել ԵՊՀ-ի հետ ՝ պայմանավորված սուպերհամակարգչի գոյությամբ ու գործարկմամբ»,-ասաց Անիկ Մարգարյանը։ Նա տեղեկացեց, որ  թեպետ ծրագիրը կառավարության նիստում օրերս է հավանության արժանացել, սակայն այս ուղղությամբ աշխատանքներն ավելի վաղ են սկսվել, հատկապես կրթական մասով։ Ավելին, լաբորատորիաների համար նախատեսված սարքավորումների որոշ խմբաքանակ ճանապարհին է։

ԵՊՀ Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոնի մեքենայական ուսուցման լաբորատորիայի խմբի ղեկավար, YerevaNN լաբորատորիայի ղեկավար Հրանտ Խաչատրյանի խոսքով, Հայաստանում արհեստական բանականության, ռոբոտաշինության ուղղություններով զգալի աշխատանք տարվում է, սակայն անհրաժեշտ է եղած ռեսուրսը համախմբել, ընդլայնել ու աշխատանքները նոր մակարդակի վրա դնել։ 

«Այսօր էլ Հայաստանում օգտագործում ենք արհեստական բանականությունը, դա իրենից ներկայացնում է համակարգչային ծրագիր, որի հետ կարողանում ենք խոսել, հարցեր տալ, քննարկել, պատասխաններ ստանալ։ Ու այդ ամենը տեղի է ունենում թվային աշխարհում համակարգչի մեջ։ Մեր կենցաղ չեն մտել արհեստական բանականության ֆիզիկական գործիքներ, որոնք մեր միջավայրում ֆիզիկական գործունեությամբ այս կամ այն խնդիրները կլուծեն։ Դրա համար մեզ պետք են ռոբոտներ։ ԵՊՀ-ում այս պահին գործում են արհեստական բանականության ուղղությամբ գիտական խմբեր։ Օրինակ փորձում ենք ստեղծել արհեստական բանականության մոդելներ, որոնք կառավարում են դրոններ, բայց դրանք դեռ անհրաժեշտ որակի չեն։ Այս ծրագիրը նախ մեզ կօգնի գիտնականների պակասը լրացնել, դրսից մասնագետների հրավիրել, նոր խնդիրներ դնել մեր առջև, այս ոլորտում միջազգային լուրջ հայտ ներկայացնել։ Մեզ լրացուցիչ ռեսուրսներ են պետք»,-ասաց Հրանտ Խաչատրյանը։

Ծրագիրը հաջողությամբ իրականացնելու դեպքում ի՞նչ որակի ֆիզիկական արհեստական բանականություն կունենանք, ու ի՞նչ խնդիրներ են առաջադրվելու։ Հրանտ Խաչատրյանը նշեց, որ այս փուլում փորձում են ֆիզիկական արհեստական բանականության հիմքը կառուցել, որի վրա հնարավոր լինի տարբեր կիրառություններ քննարկել։

«Օրինակ, թե ինչպես արտակարգ իրավիճակներում ռոբոտներն օգնեն փրկարարներին, դժվարանցանելի վայրերում, ծխի, փոշու պայմաններում խնդիրներ լուծեն՝ առանց մարդկանց կյանքը վտանգելու։ Մյուս ուղղությունը կարող է լինել արդյունաբերությունը, որտեղ ռոբոտները մարդկային ռեսուրսին կփոխարինեն՝ կրճատելով արտադրական ծախսը։ Աշխարհի տարբեր երկրներում դա այս կամ այն չափով կիրառվում է, մեր խնդիրն է այնպես անել, որ Հայաստանը կտրված չլինի այդ միտումներից, մտնի այս պրոցեսների մեջ ու իր խոսքն ասի»,-ասաց Հրանտ Խաչատրյանը։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի խելացի համակարգերի և առաջադեմ կառավարման լաբորատորիայի ղեկավար, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Աստղիկ Հակոբյանը նշեց, որ իրենց լաբորատորիան ձևավորվել է վերջերս, կատարում են տարբեր հետազոտություններ ռոբոտներին կառավարելու, դրանց անվտանգությունն ապահովելու ուղղություններով։ 

«Հայաստանում այդքան էլ զարգացած ուղղություն չէ, թե մարդկային, թե տեխնոլոգիական ռեսուրսներ սահմանափակ են։ Մենք հիմա մեկ ուղղությունն ենք ուսումնասիրում, բայց ֆիզիկական արհեստական բանականությունը շատ բազմաշերտ է, պահանջում է ներգրավված լինել տարբեր ոլորտների գիտական խմբեր։ Մենք ունենք բացեր, օրինակ, մեքենայական տեսողություն, շրջակա միջավայրի ճանաչում, տվյալների մշակում և այլ ուղղություններով։ Գիտական խմբերին պետք է համախմբել մեկ ֆիզիկական արհեստական բանականության շուրջ, ինչն էլ ակնկալվում է այս ծրագրով»,-ասաց Աստղիկ Հակոբյանը։ 

Ծրագիրն իրականացվում է պետություն մասնավոր-հատված համագործակցությամբ։ Հայաստանի նորարարության հիմնադրամի (Armenian Innovation Foundation, AIF) գործադիր տնօրեն Անահիտ Սարգսյանը նշեց, որ բավական մեծ նպատակներ ու ձգտումներ են դրված հիմքում։

«Ձգտում ենք մրցակցային լինել բոլոր հարցերում, մեր ամբիացիաները շատ ավելի մեծ են, քան մեր փոքր տարածաշրջանում առաջատար լինելը։ Ծրագրում ներգրավված, թե մասնավոր, թե պետական հատվածը պատրաստ է ընդլայնել այն, հաջողություն գրանցելու դեպքում։ Բյուջեն հնարավոր է ավելին լինի, այն փոփոխության ենթակա է, ընթացքում կիրականացվի մոնիթորինգ և հաջող ընթացքի պարագայում մասնավորը ևս պատրաստ է ավելի մեծ ներդրումներ ունենալ»,-ասաց Անահիտ Սարգսյանը։ 

 

 

Հայերեն English

Էջմիածին-Երևան երթուղու միկրոավտոբուսների՝ մայրաքաղաքի կենտրոնում կայանման արգելքը չի վերանայվի

Գևորգ Ղազարյանը հեռացել է «Արարատ-Արմենիա»-ի մարզչական շտաբից

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ -17/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 17/11/26

Թրամփը Թեհրանի կողմից Վաշինգտոնում «կեղտոտ ռումբի» հնարավոր օգտագործման դեպքում սպառնացել է ծանր հարված հասցնել Իրանին

Ինքնագլորների նոր կանոններ և երեխաների փոխադրման տուգանքի խստացում․ ԱԺ-ում նախագիծ է քննարկվում

Բիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ

Ամենակարևոր ռեսուրսը ժամանակն է, այն պետք է արդյունավետ օգտագործել․ ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ուսանողների հետ

Ռոբոտներ փրկարար ծառայությունում ու արդյունաբերությունում․ Հայաստանը սկսում է ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիր

ԵՄ պատժամիջոցների հարցերով հատուկ դեսպանորդ  Օ’Սալիվանը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին