ՔՊ պատգամավորները Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել են ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովում նոյեմբերի 16-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետ քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունները, Հայաստան-Եվրամիություն գործակցությունը և տարածաշրջանային խաղաղության գործընթացը։

«Արմենպրես»-ին ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից տեղեկացրին, որ հանդիպմանը մասնակցել են խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը, պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Սարգիս Խանդանյանը և Արման Եղոյանը։

Արուսյակ Մանավազյանը դեսպանին շնորհավորել է պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա առաքելության ընթացքում Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններն ավելի կզարգանան ու կընդլայնվեն։

«Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ, բարեկամական ու սերտ հարաբերություններ»,- նշել է խմբակցության ղեկավարը։

Անդրադառնալով միջխորհրդարանական կապերին՝ Մանավազյանն ընդգծել է բարեկամական խմբերի համագործակցության խորացման և փոխայցերի կարևորությունը։ Նա բարձրաձայնել է նաև ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի կարևորությունը՝ այդ հարցում ակնկալելով Ֆրանսիայի շարունակական աջակցությունը։

Պատգամավորները խոսել են Հայաստանի եվրոպական ձգտումների մասին, ընդգծել տնտեսության, զբոսաշրջության և միջտարածաշրջանային համագործակցության ոլորտներում հայ-ֆրանսիական կապերի զարգացման ներուժը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման գործընթացին։ Ներկայացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի՝ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացումը։

 

Հայերեն Русский