Հայաստանի և Հունգարիայի շուկաները՝ ավելի հասանելի. պաշտոնապես բացվում է Հայ-հունգարական գործարար խորհուրդը
2 րոպեի ընթերցում
Երևանում նոյեմբերի 16-ին տեղի կունենա «Հայ-հունգարական գործարար խորհուրդ» հասարակական կազմակերպության պաշտոնական բացման արարողությունը՝ նպատակ ունենալով նոր խթան հաղորդել Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական և գործարար համագործակցությանը։
Խորհրդի հիմնական առաքելությունն է՝ աջակցել հայ գործարարներին միջազգային շուկաներ մուտք գործելու, նոր գործընկերներ գտնելու, արտահանման և ներմուծման հնարավորություններ զարգացնելու, ներդրումներ ներգրավելու և փոխշահավետ գործարար կապեր հաստատելու գործում։
Կազմակերպությունը հայաստանյան և հունգարական ընկերություններին առաջարկելու է գործարար գործընկերների որոնման, շուկաների ուսումնասիրության, գործարար հանդիպումների և պատվիրակությունների այցերի կազմակերպման, ներդրումային ծրագրերի առաջմղման, ինչպես նաև միջազգային համագործակցությանն ուղղված տեղեկատվական և խորհրդատվական ծառայություններ։
Խորհուրդը նպատակ ունի դառնալ հայ գործարարների համար արդյունավետ հարթակ՝ հատկապես Հունգարիայի և Եվրոպական միության շուկաների հետ համագործակցության ընդլայնման, հայկական արտադրանքի արտահանման խթանման և նոր ներդրումային հնարավորությունների բացահայտման ուղղությամբ։
«Մեր նպատակն է հայ և հունգարացի գործարարներին տրամադրել ոչ միայն տեղեկատվություն, այլև իրական գործարար հնարավորություններ, վստահելի գործընկերներ և միջազգային համագործակցության արդյունավետ ուղիներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Խորհրդի գործադիր տնօրեն Անահիտ Սիմոնյանը։
Հայ-հունգարական գործարար խորհուրդը հրավիրում է Հայաստանի գործարար համայնքին, ընկերություններին և ձեռնարկատերերին միանալու իր նախաձեռնություններին և օգտվելու հայ-հունգարական տնտեսական համագործակցության նոր հնարավորություններից։