Հոկտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

 

Պետական կառույցներ

Ժամը 11։00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանի, Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Լիանա Թովմասյանի ասուլիսը: Թեմա. զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները։

 

Ժամը 12։00-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ստեղծվում է մշակութային նոր հարթակ. նախկին «Օպերա ակումբի» տարածքում այսուհետ կգործի Թատրոնի փոքր համերգասրահը։ Նորաբաց համերգասրահը նախատեսված է կամերային համերգների, մանկական օպերային և բալետային ներկայացումների, ինչպես նաև մշակութային բազմաբնույթ միջոցառումների համար։ Համերգասրահի խորհրդանշական բացումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին՝ հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակի օրը։ Այս իրադարձությանն ընդառաջ՝ Օպերային թատրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն նոր համերգասրահի ստեղծման նախաձեռնությունը, գործունեության հիմնական ուղղություններն ու առաջիկա ծրագրերը։ Բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյան, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյան: ՀՀ ԿԳՄՍՆ:

 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11։00-ին Վանաձորի Խորենացի 6/1 հասցեում կկայանա «Ազատ քվե» դիտորդական առաքելության մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն 2026 թվականի Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների դիտարկման արդյունքները։ Խոսնակներ՝ «Երիտասարդները հանուն փոփոխության» ՔՀԶ ՀԿ Գրիգոր Ջանիկյան, «Մենք» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ Արամ Գևորգյան: «Ազատ քվե» առաքելությունը դիտարկել է ինչպես նախընտրական շրջանը, այնպես էլ բուն քվեարկության օրը։ Առաքելությունն ունի 24 հավատարմագրված դիտորդ։ Ստեփանավան համայնքում գործել է 29 ընտրական տեղամաս, ընտրելու իրավունք ունի 19,278 ընտրող։ Ասուլիսից հետո խոսնակները պատրաստ կլինեն պատասխանել լրագրողների հարցերին և տալ անհատական հարցազրույցներ։ Խնդրում են նախապես հաստատել ձեր մասնակցությունը՝ նշելով լրատվամիջոցի անվանումը և մասնակիցների թիվը (լրագրող, օպերատոր, լուսանկարիչ)։ Ռոզիտա Խաչատրյան, +374 94 841 659:

Ժամը 13։30-ին Ոսկերիչների 8 հասցեում (Կարմիր կամուրջ) Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը Միացյալ Թագավորության Շրջակա միջավայրի, պարենի և գյուղական հարցերի դեպարտամենտի (Defra) հետ համագործակցությամբ անցկացնում է բարձր մակարդակի երկխոսություն այն մասին, թե ինչպես կարող են ֆինանսական ոլորտն ու բիզնեսը նպաստել բնության պահպանմանն ու վերականգնմանը։ Բրիտանացի առաջատար ներդրողներ, ֆինանսական հաստատություններ և բնության շուկաների փորձագետներ հայկական պետական, գործարար և ֆինանսական ոլորտների ներկայացուցիչների հետ կքննարկեն, թե ինչպես բնության պահպանման նպատակները վերածել իրական ներդրումային հնարավորությունների։ Միջոցառման ընթացքում կմեկնարկի նաև բրիտանական փորձագիտության հայտերի պատուհանը, որի միջոցով հայկական կազմակերպությունները կարող են դեսպանատանը տեղեկացնել, թե ինչ բրիտանական փորձագիտության կարիք ունեն։ Ելույթ կունենան. Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը, Մեծ Բրիտանիայի բնության և գյուղական հարցերի նախարար Ջենի Ռիդել-Քարփենթերը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար, COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանը (ենթակա է հաստատման), Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ բնության հարցերով Ռութ Դեյվիսը։

Ժամը 18։30-ին Հայաստանում ֆրանսիայի դեսպանությունում Կենսաբազմազանության COP17-ի և «ՀԱՏԻԿ. Էնդեմիկ սերմերի պահպանում ու արժևորում՝ պարենային ինքնիշխանության և կլիմայի փոփոխության հարմարվողականության համար» նախագծի շրջանակում տեղի կունենա խոհարարական համտես՝ ֆրանս-հայկական ծագմամբ անվանի շեֆ-խոհարարի մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում կապահովվի հաջորդական թարգմանություն։ Լրագրողների մուտքը հնարավոր կլինի անձը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ։

 

 

Հայերեն