ՊԵԿ աշխատակիցները վստահեցնում են, որ հարկերի և բնության պահպանության միջև կապն ավելի ուղիղ է, քան թվում է առաջին հայացքից
2 րոպեի ընթերցում
Յուրաքանչյուր գումար, որը չի կորչում շահույթի տեղաշարժման պատճառով, պետության համար հնարավորություն է նաև բնապահպանական նախաձեռնությունների իրականացման համար:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՊԵԿ միջազգային հարկման վարչության տրանսֆերային գնագոյացման բաժնի պետ Անդրանիկ Հակոբյանը և նույն կառույցի միջազգային հարկման վարչության համաձայնագրերի կիրառման և տեղեկությունների փոխանակման բաժնի պետ Արմեն Գյուրջյանն անդրադարձել են հարցին, թե ինչ կապ ունեն բնության պահպանությունն ու հարկերը և ինչպես են կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրերը նպաստում կանաչ տնտեսության զարգացմանը։
«Հարկերի և բնության պահպանության միջև իրականում կապը ավելի ուղիղ է, քան առաջին հայացքից թվում է։ Բնության պահպանությունը ավելի շատ ֆինանսավորման խնդիր է։ Կումինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագիրը նպատակ է դրել մոբիլիզացնելու տարեկան առնվազն 200 միլիարդ ԱՄՆ դոլար՝ բնապահպանական նպատակների համար, և դա ներառյալ նաև պետությունների ներքին ռեսուրսների հաշվին, իսկ պետությունների համար ներքին ռեսուրսների հիմնական աղբյուրը հարկերն են»,- նշեց Հակոբյանը։
Հայտնի իրողություն է, որ բնությունը սահմաններ չի ճանաչում, հետևաբար նրա պահպանության համար ռեսուրսների պաշտպանությունը պետք է իրականացվի նաև երկրների սահմաններից դուրս՝ համատեղելով բոլորի ջանքերը։
«Այս կոնտեքստում բնապահպանական բեռը միայն տվյալ գերատեսչության խնդիրը չէ: Այստեղ ներդրում ունեն անելու բոլոր գերատեսչությունները, թեև նույնիսկ ոչ ուղղակի ձևով: Հարկային համակարգը այդ շղթայի մի մասն է և կայուն ապագայի համար կարծում ենք, որ մեզ պետք է թափանցիկ և կանխատեսելի հարկային համակարգ, որը կապահովի հավաքագրել անհրաժեշտ ռեսուրսներն այդ օրակարգը սպասարկելու համար»,- նշեց Գյուրջյանը:
Մանրամասները տեսանյութում։