2 րոպեի ընթերցում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին կարգելվեն «անօրինական» բողոքի ցույցերը, իսկ կազմակերպված խմբերի, օրինակ՝ արհմիությունների կողմից անցկացվող երթերի համար կառաջարկվեն այլընտրանքային ուղիներ՝ բիզնեսները պաշտպանելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Ընդհանուր հանձնարարականն այն է, որ առաջիկա օրերին ցույցեր չպետք է անցկացվեն։ Նրանց համար, ովքեր ցանկանում են շարունակել ցույցերը, եթե դրանք կազմակերպվում են արհմիությունների կողմից, պրեֆեկտները կառաջարկեն այլընտրանքային երթուղիներ։ Իսկ եթե դրանք արհմիությունների կողմից չեն կազմակերպվում, ապա, հնարավորության դեպքում, մենք կարգելենք ցույցերը, որպեսզի պահպանվի անդորրը, և մենք կարողանանք պաշտպանել խանութներն ու հասարակական շենքերը», - ասել է Ֆրանսիայի նախագահը։
Հոկտեմբերի 22-ին ավելի վաղ Մակրոնը հանդիպում է անցկացրել հետախուզության ղեկավարների և նախարարների հետ. քննարկվել է երկրում առաջացած ճգնաժամը։
Ֆրանսիայի նախագահը նաև հայտարարել է, որ հոկտեմբերի 17-ին երկրի տարբեր շրջաններում տեղի ունեցած անկարգությունների և թալանի հետևում կանգնած են ծայրահեղ ձախ խմբերը և վանդալները։
Նա նշել է, որ տեղի են ունեցել քրեական հանցագործություններ, որոնք կպատժվեն ամենայն խստությամբ:
Հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայում շուրջ կես միլիոն մարդ է դուրս եկել բողոքի ակցիաների։ Ցույցերն ուղեկցվել են անկարգություններով, իրավապահների հետ բախումներով, թալանով։ Շուրջ 2400 մարդ ձերբակալվել է, 1000 իրավապահ՝ տուժել։ Երկրի որոշ քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվել։