Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին
2 րոպեի ընթերցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 21-ին, Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում հերքել է իր առնչությունը Ուկրաինայի կողմից օգտագործվող Starlink արբանյակային կապի և դրա ռազմական նշանակության Starshield ծառայության աշխատանքի դանդաղեցմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցի տեսանյութը տարածել է Reuters գործակալությունը:
«Ես ներգրավված չեմ եղել։ Չգիտեմ՝ ով է դա արել, բայց ես ներգրավված չեմ եղել», - ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկն անձամբ է հրահանգել դանդաղեցնել ծառայությունների աշխատանքը։
The Wall Street Journal-ը հոկտեմբերի 20-ին հաղորդել էր, որ Մասկը հրահանգել է դանդաղեցնել Starshield-ի աշխատանքը, որի վրա Ուկրաինան ապավինում է Ռուսաստանի հրթիռային հարձակումներից պաշտպանվելու համար։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինայի՝ Starlink-ից օգտվելու հնարավորությունը կախված է դրա մայր ընկերությունից՝ SpaceX-ից, և Իլոն Մասկից, այլ ոչ թե Սպիտակ տնից։
Օրեր առաջ Մասկը հայտարարել էր, որ Starshield ծառայությունը վերահսկվում է ԱՄՆ կառավարության կողմից, և որ արագության կամ օգտագործման ցանկացած սահմանափակում որոշում է ԱՄՆ կառավարությունը:
Starlink-ը կենսական նշանակություն ունեցող գործիք է, որը Կիևին թույլ է տալիս անօդաչու թռչող սարքերն ուղղորդել դեպի ռուսական թիրախներ, ինչպես նաև պաշտպանել սեփական օդային տարածքը։