2 րոպեի ընթերցում
Նիգերիայի կառավարությունը հոկտեմբերի 20-ին հայտնել է, որ մայրաքաղաք Աբուջայում հաստատվել է էբոլայի մեկ դեպք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Երկրի առողջապահության նախարարը հայտնել է, որ հիվանդը կին է, որը ժամանել է Ուգանդայից. նա մեկուսացված է և բժշկական օգնություն է ստանում։ Արդեն հայտնաբերվել է կնոջ հետ շփված 44 անձ։
Ուգանդայի առողջապահության նախարարությունը հոկտեմբերի 20-ի ուշ երեկոյան հայտնել է, որ կինը գործնական նպատակներով մեկնել էր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, իսկ հոկտեմբերի սկզբին Ուգանդայի տարածքով մեկնել էր Նիգերիա՝ չունենալով որևէ ախտանիշ։ Ախտանիշներն ի հայտ են եկել Նիգերիա ժամանելուց հետո։
Գերատեսչությունը շեշտել է, որ Ուգանդայի տարածքով ճանապարհորդելը չի նշանակում, որ վարակումը տեղի է ունեցել հենց այնտեղ։ Նախարարությունը հավելել է, որ հայտարարության հրապարակման պահին Ուգանդայում էբոլայի հաստատված ակտիվ դեպքեր չեն եղել։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլայի բռնկման մասին հայտարարվել էր մայիսի կեսերին: Սա դարձել է աշխարհում երբևէ գրանցված երկրորդ ամենախոշոր բռնկումը։ Այն պայմանավորված է հազվադեպ հանդիպող բունդիբուգյո շտամով։ ԿԴՀ-ում հոկտեմբերի 19-ի դրությամբ էբոլայի հաստատված դեպքերի թիվը կազմել է 9552։ Հիվանդներից 4602-ը մահացել է։
Ուգանդան մայիսին և հունիսին հաղորդել էր 20 դեպքի մասին, որոնց մեծ մասը բերվել էր Կոնգոյից, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը օգոստոսին հայտարարել էր, որ Ուգանդայում վիրուսը հաղթահարված է։
Քենիան հոկտեմբերին հաղորդել է էբոլայի 9 դեպքի մասին, որոնք բոլորն էլ կապված են Կոնգոյից ժամանած մեկ անձի հետ, որը մահացել է հոկտեմբերի 5-ին։