Պլուտոնը, կյանքի որոնումները Տիեզերքում ու անհայտը բացահայտելու մարդկության անհագ ձգտումը. հարցազրույց ինժեներ Ալան Սթերնի հետ
8 րոպեի ընթերցում
2006 թվականի հունվարի 19-ին փոքրիկ տիեզերանավը, պոկվելով Երկիր մոլորակից, մխրճվեց տիեզերական խավարի մեջ։ Տիեզերանավի անվանումը պատահական չէր՝ New Horizons, ինչը թարգմանաբար նշանակում է «Նոր հորիզոններ»։ Նպատակն էր` ուսումնասիրել Արեգակնային համակարգի հորիզոնները, հասնել հեռավոր Պլուտոն մոլորակին։ Ավելի քան ինը տարի շարունակ սարքն անշեղորեն անցնում էր իր ճանապարհը՝ փորձելով գտնել մարդկությանը երկար տարիներ հուզած հարցի պատասխանը՝ ինչպիսի՞ն է Պլուտոնը, ի՞նչ տեսք ունի Արեգակնային համակարգի եզրերում պտտվող երկնային մարմինը։
Երկար ճանապարհորդությունից հետո՝ 2015 թվականի հուլիսի 14-ին այն վերջապես հասավ իր նպատակակետին։ New Horizons-ը մեզ ուղարկեց Պլուտոնի՝ մոտիկից արված առաջին պարզ լուսանկարները։ Մարդկության առաջ բացվեց հեռավոր ու խորհրդավոր այդ աշխարհն իր սառցապատ լեռներով, արտասովոր լանդշաֆտներով ու միլիարդավոր տարիներ թաքցրած գաղտնիքներով։ Պատմության մեջ առաջին անգամ մարդկությունը հնարավորություն ստացավ Պլուտոնը տեսնել մոտ հեռավորությունից։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՆԱՍԱ-ի New Horizons առաքելության գլխավոր գիտական ղեկավար Ալան Սթերնը նկատում է, որ այս պատմության ամենագեղեցիկ մասը միայն բուն բացահայտումը չէր։ Դա այն ուրախությունն էր, որ այն պարգևեց աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդկանց։ Ավելի քան մեկ տասնամյակ անց անծանոթ մարդիկ շարունակում են մոտենալ իրեն ու շնորհակալություն հայտնել առաքելության հաջող իրականացման համար։
New Horizons-ն առաջին տիեզերանավն էր, որն ուսումնասիրեց Պլուտոնը մոտ տարածությունից։ Սակայն այդքանով սարքի առաքելությունը չավարտվեց։ Այսօր էլ փոքրիկ տիեզերական ճանապարհորդը շարունակում է մեծ արագությամբ սլանալ Արեգակնային համակարգից դուրս՝ Երկիր ուղարկելով ազդանշաններ ու մեր հետաքրքրասիրությունը մղելով Արեգակնային համակարգից անդին։
Իսկ ի՞նչն է մեզ ստիպում հայացքը հառել աստղերին ու խորհել, թե ինչ կա դրանցից այն կողմ։ Կարո՞ղ ենք արդյոք այնտեղ՝ Տիեզերքի որևէ անկյունում, կյանք հայտնաբերել։ «Արմենպրես»-ը STARMUS փառատոնի շրջանակում այս և այլ հարցերի շուրջ զրուցել է Ալան Սթերնի հետ՝ փորձելով գտնել հարցի պատասխանը, թե ինչն է մարդկությանը շարունակում մղել դեպի անհայտը։
- Ի՞նչ զգացիք, երբ երկար ճանապարհորդությունից հետո New Horizons-ը վերջապես հասավ Պլուտոնին։
- Երբ այն վերջապես հասավ Պլուտոնին, ես երջանիկ էի ու նաև հիացած բնությամբ։ Բայց ամենից շատ ուրախ էի այն բանի համար, թե որքան մեծ ուրախություն այն պարգևեց մարդկանց՝ ոչ միայն իմ թիմի անդամներին, այլև ամբողջ աշխարհի մարդկանց։ Այդ մասին գրում էին բոլոր թերթերը, բոլոր կայքերը, այն լուսաբանվում էր բոլոր լրատվական թողարկումներում։ Եվ նույնիսկ հիմա՝ տասը տարի անց, մարդիկ ինձ սովորական ու էլեկտրոնային նամակներ են ուղարկում, օդանավակայաններում մոտենում են ինձ ու ասում․ «Շնորհակալություն։ Ահա թե ինչով պետք է զբաղվեն մարդիկ»։ Դա ինձ շատ է ուրախացնում։
- Երբ ես փոքր էի, Պլուտոնին մոլորակ էինք անվանում։ Հիմա այն գաճաճ մոլորակ է համարվում։
- Դե, Պլուտոնը մոլորակ է։ Մոլորակագետների մեծ մասը՝ իրական պրոֆեսիոնալները, փոքր մոլորակներն էլ են մոլորակ համարում։ «Գաճաճ» բառն ընդամենը նշանակում է, որ այն փոքր է։ Ի վերջո, Արեգակն էլ գաճաճ աստղ է կոչվում, սակայն դա չի նշանակում, որ այն աստղ չէ, պարզապես փոքր աստղ է։
- Խոսելով New Horizons-ի մասին՝ որտե՞ղ է այն այժմ։ Արդեն անցե՞լ է Կոյպերի գոտին։
- Այն գտնվում է Կոյպերի գոտու արտաքին հատվածում։ Շատ արագ է շարժվում և մի քանի տարի անց դուրս կգա Կոյպերի գոտուց՝ իհարկե, եթե պարզվի, որ այն ավելի մեծ չէ, քան մենք կարծում էինք։
- Այն դեռ ազդանշաններ ուղարկո՞ւմ է։
- Ամեն օր։
- Կարո՞ղ է նաև լուսանկարներ ուղարկել։
- Այո՛, կարող է, և ակնկալում ենք, որ կկարողանա դա անել ևս մոտ 15 տարի։
- Տիեզերքի ուսումնասիրության մեջ ի՞նչն է ձեզ ամենից շատ ոգեշնչում։
- Անձամբ ինձ ամենից շատ ոգեշնչում է այն, որ Տիեզերքի ուսումնասիրությունը մարդկանց և հասարակության համար ավելի լավ ապագա է ստեղծում։
- Կարծում եք՝ ձեր կյանքի ընթացքում կհաջողվի՞ կյանքի գոյության համոզիչ ապացույցներ գտնել։
- Դա հնարավոր է։ Հատկապես այն պատճառով, որ մենք բժշկական տեխնոլոգիաների իսկական վերածննդի շեմին ենք։ Կարծում եմ՝ այս հեղափոխության շնորհիվ մեզանից շատերը, հավանաբար, ավելի երկար և ավելի առողջ կապրեն, քան մեր ծնողները։ Ես իսկապես մտածում եմ, որ շատ հավանական է՝ կյանք հայտնաբերենք Տիեզերքում, նույնիսկ` Արեգակնային համակարգում։ Բայց սա ընդամենը իմ կարծիքն է։ Մեզ տվյալներ են պետք։
- Ի՞նչն ավելի շատ կհիասթափեցներ ձեզ՝ պարզելը, որ դիտարկելի Տիեզերքում կյանքը գոյություն ունի միայն Երկրի վրա՞, թե՞ այն, որ կյանք գոյություն ունի նաև այլ վայրերում, բայց միայն մենք ենք բանական էակները։
- Եթե անկեղծ լինեմ, կարծում եմ՝ սա կեղծ երկընտրանք է։ Շատ այլ հնարավորություններ կան, այդ թվում՝ այն, որ Տիեզերքում բազմաթիվ այլ բանական կյանքի ձևեր կան։ Թե Տիեզերքն ինչպես է ստեղծել կյանքը կամ ինչու չի ստեղծել, ինչպես է առաջացել պարզ կամ բանական կյանքը՝ դա մեզ դեռ պետք է պարզել։ Իսկ ինձ համար հարցն այն չէ, թե հնարավոր արդյունքներից որն ինձ կհիասթափեցնի, պետք է հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել։
- Ձեր կարիերայի զգալի մասն անցկացրել եք՝ ուսումնասիրելով Արեգակնային համակարգի ծայրամասերում գտնվող մոլորակները։ Ինչո՞ւ է այդ հետազոտությունն այդքան կարևոր։ Ի՞նչ է այն մեզ տալիս։
- Գիտեք՝ մեզ մարդ դարձնող առանձնահատկություններից մեկն այն է, որ մենք հետազոտողներ ենք։ Մենք հետաքրքրասեր ենք։ Քաղաքակրթության սկզբից ի վեր տեխնոլոգիական բոլոր առաջընթացները պայմանավորված են եղել մեր հետաքրքրասիրությամբ։ Մենք ավելի լավ գործիքներ ենք ստեղծում, ավելի լավ կյանք կառուցում։
Տիեզերքի ուսումնասիրությունը մեզ համար ավելի լավ կյանք ունենալու բազմաթիվ նոր հնարավորություններ է ստեղծում։ Վերցրեք, օրինակ, կապի այն հրաշալի միջոցները, որոնք նախկինում գոյություն չունեին՝ արբանյակային կապը, սպառազինությունների վերահսկողությունը մշտադիտարկելու և, հուսանք, խաղաղությունն ավելի լավ պաշտպանելու մեր հնարավորությունները։ Նաև կարողանում ենք հետևել աղտոտվածության հետևանքով Երկրի մթնոլորտում տեղի ունեցող փոփոխություններին, ուսումնասիրել դրանք և միջոցներ ձեռնարկել իրավիճակը շտկելու համար։
Այս ամենը հնարավոր է դարձել Տիեզերքի շնորհիվ, և նույնը կարելի է ասել շատ այլ բաների մասին։ Ապագայում հույս ունեմ, որ արդյունաբերության զգալի մասը Երկրից կտեղափոխենք Տիեզերք, որպեսզի կարողանանք ավելի լավ պաշտպանել մեր մոլորակը։ Այս ամենը հնարավոր է դառնում Տիեզերքի և դրա ուսումնասիրության շնորհիվ։
- Եվ վերջին հարցը․ Ձեր կարծիքով՝ ո՞րն է 21-րդ դարում մարդկության գրանցած ամենամեծ գիտական նվաճումը։
- Հավանաբար՝ արհեստական բանականության ստեղծումը։
***
«Արմենպրես»-ի կողմից STARMUS փառատոնի լուսաբանումն իրականացվում է Team Telecom Armenia-ի աջակցությամբ։