ՊԵԿ-ի գործառույթները պետք է մշտապես հավասարակշռության մեջ լինեն շրջակա միջավայրի առաջնահերթությունների հետ. Սոսե Ստեփանյան
3 րոպեի ընթերցում
Պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոսե Ստեփանյանն անդրադարձել է այն թեմային, թե ինչպես է «կանաչ օրակարգն» արտացոլվում կոմիտեի ամենօրյա հարկային և մաքսային վարչարարության մեջ:
«ՊԵԿ-ը միջազգային գործընկերների աջակցությամբ ներկայում իրականացնում է Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագիրը, ինչը հնարավորություն է տալու արտաքին տնտեսական գործունեության հետ կապված բոլոր ծառայությունները մատուցել «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով՝ այդպիսով դյուրացնելով մաքսային գործառնությունները: Միաժամանակ կենտրոնների կառուցումն իրականացվելու է կանաչ շինարարության միջազգային չափանիշներին համապատասխան LEED հավաստագրմամբ: Բացի այն, որ այս ծրագրերով բարձրացվելու է մաքսային հսկողության արդյունավետությունը, մյուս կողմից ապահովվելու է բնապահպանական անվտանգությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ստեփանյանը:
Նա հավելեց, որ հաջորդ ծրագիրը վերաբերում է սահմանային անցակետերում մաքսային ենթակառուցվածքների արդիականացմանը, որի շրջանակներում սահմանային բոլոր անցման կետերում նորագույն տեխնոլոգիաներ են ներդրվելու, և այդ ծրագիրը, որը նույնպես իրականացվում է միջազգային գործընկերների աջակցությամբ, ունի առանձին բնապահպանական և սոցիալական պլան, ինչը համահունչ է շրջակա միջավայրի պահպանության նպատակներին:
Խոսելով «կանաչ» շինարարության մասին՝ ՊԵԿ ներկայացուցիչը հայտնեց, որ կան որոշակի միջազգային ստանդարտներ, որոնց պետք է բավարարի նշված արտաքին տնտեսական գործունեության կենտրոնների կառուցումը, մասնավորապես LEED հավաստագրումը ենթադրում է միջազգայնորեն ճանաչված սերտիֆիկացման համակարգ: Ամբողջ կառուցման շրջանում հաշվի են առնվելու էներգախնայողության, ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, թափոնների հեռացման, շինարարական նյութերի օգտագործման բնապահպանական բոլոր չափանիշները:
Անդրադառնալով «Կանաչ մաքսատուն» ծրագրին՝ Ստեփանյանը նշեց, որ այն ունի մի քանի բաղադրիչներ և նախանշում է գործողությունների պլան, որը զետեղված է մաքսային ռազմավարության հիմքում:
««Կանաչ օրակարգ»-ն այլևս դարձել է ՊԵԿ-ի թե՛ հարկային, թե՛ մաքսային վարչարարության անբաժանելի մասը։ Բնապահպան ծրագրերի իրականացումը, թվայնացումը նպաստում են կանաչ օրակարգի ավելի ամրապնդմանը։ Կարծում եմ, որ ՊԵԿ-ի ֆիսկալ, կարգավորող, պաշտպանիչ և անվտանգային գործառույթները պետք է մշտապես հավասարակշռության մեջ լինեն շրջակա միջավայրի առաջնահերթությունների հետ»,- եզրափակեց Ստեփանյանը: