Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով
1 րոպեի ընթերցում
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայում բնակվող և գործունեություն ծավալող յոթ անձի նկատմամբ՝ իշխանությունը բռնի զավթելու հրապարակային կոչերի, կրոնական թշնամանք հրահրելու և կրոնական ծայրահեղականություն քարոզող նյութեր տարածելու մեղադրանքներով։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրությունը, Բաքվի Բինագադիի շրջանային դատարանը նրանց նկատմամբ հեռակա կարգով կալանք է ընտրել։
Քննչական մարմնի պնդմամբ՝ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում այդ անձինք սոցիալական ցանցերում և այլ հարթակներում տարածել են Ադրբեջանի սահմանադրական կարգը բռնի փոխելուն, իշխանությունը բռնի զավթելուն ու կրոնական թշնամանք հրահրելուն ուղղված նյութեր։
Հետախուզվողների թվում են հրապարակախոսներ, հաղորդավարներ, փաստաբան և սոցիալական ցանցերում գործունեություն ծավալող այլ անձինք։