ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
1 րոպեի ընթերցում
Հայաստանի կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Արևային պանելը արտադրում է էլեկտրաէներգիա, որի մի մասը ցերեկը օգտագործվում է, մյուս մասը՝ կուտակվում կուտակիչներում, իսկ գիշերն արդեն օգտագործվում է կուտակիչների էլեկտրաէներգիան»,- գրել է նախարարը։
Գրառմանը հրապարակված տեսանյութում էլ Պապոյանը մանրամասներ է հայտնել պետական աջակցության այս նոր գործիքակազմի վերաբերյալ։
«Եթե ունեք արևային կայան և ցանկանում եք կուտակել արտադրված էներգիան, ապա կարող եք ձեռք բերել կուտակիչներ՝ օգտվելով պետական աջակցության նոր գործիքակազմից՝ վարկի կամ լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորմամբ։
Լիզինգի դեպքում սուբսիդավորումը կկազմի 10 տոկոս դրամային և 8 տոկոս արտարժութային ֆինանսավորման համար, վարկերի դեպքում տոկոսադրույքի սուբսիդավորումը կկազմի 8 տոկոս դրամային և 6 տոկոս արտարժութային վարկերի համար։ Ֆինանսավորման ժամկետը կարող է հասնել մինչև 84 ամսվա»,- ասել է նախարարը։