Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը կենսաբազմազանության կորուստը կանխելու համար գլոբալ մակարդակով փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում
1 րոպեի ընթերցում
Համաշխարհային համախառն ներքին արդյունքի 55 տոկոսը մեծապես կախված է բնությունից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընդգծել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Թերեզա Ռիբերան՝ ելույթ ունենալով Երևանում ընթացող «Առաջնորդները՝ հանուն բնության» խորագրով գագաթնաժողովի բացմանը։
«Կենսաբազմազանության կորուստը կանխելու համար գլոբալ մակարդակով իրական փոփոխություններ են անհրաժեշտ։ Եվրոպական միությունն արագացնում է իր աշխատանքները 2030 թվականի եվրոպական կենսաբազմազանության ռազմավարության ուղղությամբ։ Բնության վերականգնման կանոնակարգը իրավական հստակ պարտավորություններ է սահմանում։ Վերականգնման ուղղությամբ ազգային ծրագրեր պետք է ընդունվեն։ Պետք է ընդունել ծրագրեր, որոնք կբարձրացնեն կենսաբազմազանության դիմակայունությունը»,- ասել է Թերեզա Ռիբերան։
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը նաև կարևորել է, որ ԵՄ-ն ամբողջ աշխարհում ֆինանսական մեծ աջակցություն է ցուցաբերում կապույտ տնտեսության զարգացմանը։