Կառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչեց

5 րոպեի ընթերցում

Կառավարությունը հոկտեմբերի 15-ի նիստում հանրության գերակա շահ ճանաչեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագիծը ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նախարարը հիշեցրել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դադարեցրել է ՀԷՑ-ի՝ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի գործողությունը։ Դրանից հետո բաժնետերերին առաջարկվել է ընկերության բաժնետոմսերը սեփականության իրավունքով օտարել Հայաստանի Հանրապետությանը, սակայն սահմանված ժամկետում պատասխան չի ստացվել։

Խուդաթյանի խոսքով՝ դրան հաջորդել է հանրության գերակա շահ ճանաչելու ընթացակարգը․ անցկացվել են հանրային լսումներ և կատարվել օրենքով նախատեսված գործողությունները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկման ընթացքում անդրադարձել է բաժնետոմսերի գնահատմանն ու սեփականատերերին վճարվելիք գումարին։

«Ինչպե՞ս է որոշվելու՝ ինչքան ենք վճարելու։ Եվ մենք ունե՞նք, կարո՞ղ ենք ասել արդեն, թե մոտավորապես ինչքան ենք վճարելու»,– հարցրել է վարչապետը։

Խուդաթյանը պարզաբանել է, որ գնահատում կիրականացնի համապատասխան կազմակերպությունը։ Հաշվի կառնվեն ներդրումները, վճարված շահութաբաժինները և ընկերության պարտավորությունները։ Առաջարկվող գնի մասին կծանուցվեն բաժնետերերը, որոնք կարող են ընդունել այն կամ պատվիրել սեփական գնահատում՝ սահմանված պահանջներին համապատասխանող այլ գնահատողի միջոցով։

Փաշինյանն ընդգծել է, որ գնահատելիս պետք է հաշվի առնել նաև ընկերության պարտավորությունները։ Նա պայմանական թվային օրինակով ներկայացրել է, որ մեծ շրջանառությունն ինքնին չի նշանակում նույնքան բարձր արժեք, եթե դրա հետ կապված առկա են զգալի պարտավորություններ։

Վարչապետը նաև ակնկալիք է հայտնել, որ իրավասու մարմինները կուսումնասիրեն ՀԷՑ-ի մասնավորեցման գործընթացի օրինականությունը։

«Մենք ակնկալիք ունենք, որ Հայաստանի համապատասխան մարմինները զուգահեռ կուսումնասիրեն նաև «Հայաստանի էլեկտրական ցանցերի» մասնավորեցման գործընթացը և դրա օրինականությունը։ Բայց նաև մենք պրոցեսները մեկը մյուսի հետ չենք կապում, որովհետև մեկը մյուսին չի խանգարում և մեկը մյուսին չի բացառում»,– ասել է Փաշինյանը։

Որոշման նախագծով օտարման գործընթացը համակարգող և դրա համար պատասխանատու մարմինը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։ Նախարարությունը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում պետք է կազմի գույքի նկարագրության արձանագրությունը։ Այդ ժամկետը կարող է մեկ անգամ երկարաձգվել առավելագույնը երկու ամսով։

Արձանագրությունը կազմելուց և հաստատելուց հետո երեք ամսվա ընթացքում նախատեսվում է կազմակերպել բաժնետոմսերի շուկայական արժեքի գնահատումը։

Գնահատման ժամանակ հաշվի են առնվելու ընկերության փաստացի, պայմանական և հաշվեկշռից դուրս պարտավորություններն ու ռիսկերը՝ անկախ ֆինանսական հաշվետվություններում կամ աուդիտորական եզրակացություններում դրանց արտացոլված լինելուց։ Ուսումնասիրվելու են նաև վարկերը, երաշխավորությունները, դատական ու արբիտրաժային վարույթները, հնարավոր պահանջները և սեփականության իրավունքի ծագման պատմությունը՝ մասնավորեցման պահից։

Բաժնետերերը կարող են ներկայացնել անկախ գնահատողի հաշվետվություն։ Նրանց հնարավորություն է տրվում նաև մասնակցելու նկարագրության արձանագրության քննարկմանը և այն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում բողոքարկելու նախարարություն կամ դատարան։

Օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը սահմանված է 2027 թվականի մայիսի 1-ը։ Օտարման նպատակի իրագործումը սկսելու վերջնաժամկետը հուլիսի 1-ն է, իսկ ավարտինը՝ հոկտեմբերի 1-ը։

Հավելվածի համաձայն՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի մոտ 70 տոկոսը պատկանում է «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ին, իսկ մոտ 30 տոկոսը՝ «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությանը։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ որոշման նպատակը բնակչության անխափան էլեկտրամատակարարման, էներգետիկ անվտանգության, սոցիալական ու ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեության և սպառողների իրավունքների պաշտպանության ապահովումն է։ Նախարարությունը նշել է, որ ժամանակավոր կառավարումն ինքնին չի կարող լինել համակարգի երկարաժամկետ ու կայուն կառավարման վերջնական լուծում։

Հայերեն English

Սև ծովում մեկ օրվա ընթացքում հրդեհ է բռնկվել երկրորդ նավում

ԱՄՀ-ում հայտարարել են, որ բրնձի գինը 50%-ով աճել է Մերձավոր Արևելքում հակամարտության սկզբից ի վեր

Մակրոնը հոկտեմբերի 19-21-ը  կայցելի Պարսից ծոցի երկրներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը մասնակցել է եզդիական համայնքին նվիրված «Զինակից քույրեր» ֆիլմի ցուցադրությանը

Թրամփը չգիտի, թե Թեհրանում հատկապես ում հետ է բանակցություններ վարում Վաշինգտոնը

Պենտագոնը մտադիր է Կոնգրեսից 50 միլիարդ դոլար խնդրել անօդաչուների զանգվածային արտադրության համար

Թուրքիան նախարարական մակարդակով կմասնակցի Երևանում կայանալիք COP17-ին

Ալբանիայում բողոքի ակցիայի մասնակիցները վերջնագիր են ներկայացրել՝ վարչապետի հրաժարականի պահանջով

Ապօրինի շինությունները քանդվելու են․ Փաշինյան

Արարատ Միրզոյանը չի բացառում, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում բանագնացների կարիք այլևս չլինի