2 րոպեի ընթերցում
Հայաստանի շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից «ԱԿԳ ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցում իրականացվել են վերահսկողական միջոցառումներ համաձայն՝
- «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ»,
- «Մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող մաքրող միջոցների ստուգման վերաբերյալ»,
- «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ»,
- «Խաղալիքների անվտանգության ստուգման վերաբերյալ»,
- «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ»,
- «Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքների ստուգման վերաբերյալ»,
- «Փաթեթվածքի անվտանգության ստուգման վերաբերյալ», ստուգաթերթերի։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՇՎՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրվել է, որ Ընկերության կողմից ներմուծված՝ համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքների որոշ խմբաքանակներ իրացվել և վաճառվում են առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի։
Արձանագրված խախտումները վերացնելու նպատակով ՇՎՏՄ-ի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից արձակվել է արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման վերաբերյալ կարգադրագիր։
Տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։