«Երևանյան բեսթսելեր». «Գիշատիչների խնջույքը» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. սեպտեմբեր, 2026

10 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ սեպտեմբերի վաճառքի տվյալների:

Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» առաջին տեղում է։ Իրադարձությունները տեղի են ունենում 1942թ.՝ օկուպացիայի շրջանի Փարիզում՝ Բրիժիտ Մանսենի տարեդարձի օրը։ Քաչան իր հերոսներին, այսպես կոչված, «սահմանային իրավիճակի» մեջ է դնում, որից հետո խնամքով հանում է նրանց դիմակները։ Խնջույքի սեղանի շուրջ հավաքված են բարեկամները, հաճոյախոսում են, ջերմ խոսքեր փոխադարձում միմյանց հասցեին և հանկարծ ներս է մտնում գերմանացի մի մայոր և երկու պատանդ պահանջում՝ նրանց որոշակի ժամանակ հատկացնելով, որպեսզի խնջույքի մասնակիցներն իրենք իրենց միջից ընտրեն պատանդին... Ո՞ւմ կընտրեն բարեկամները որպես պատանդ, ո՞վ է ավելորդը... Եվ այսպես բարեկամների խնջույքը փոխվում է գիշատիչների խնջույքի:

Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» երկրորդ տեղում է։ «Կարդինալը» վեպը Աղաբաբյանի 12-րդ գիրքն է։ Այն ներկայացնում է մինչև վերջերս հայ ժողովրդից տարբեր պատճառներով «գաղտնի պահված» մի հզոր հայորդու, ժամանակին աշխարհի ամենաազդեցիկ դեմքերից մեկի՝ Վատիկանի միակ հայ կարդինալ և Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարք Գրիգոր Պետրոս 15-րդ Աղաջանյանի բացառիկ կյանքի ոդիսականը։ Նա երկու անգամ՝ 1958 և 1963 թթ., Հռոմի պապի ընտրություններում Պապի ամենահավանական թեկնածուն էր, սակայն աշխարհի հզորագույն երկրների հետախուզական կառույցների «հատուկ օպերացիաների» արդյունքում Հռոմի պապ չընտրվեց։ Լինելով Վատիկանի երկրորդ դեմքը (1958—1970 թթ.)՝ Աղաջանյանը սփյուռքահայության համար աներևակայելի գործունեություն է ծավալել։ Քեսաբն ու ևս 9 գյուղ նրա շնորհիվ փրկվեցին թուրքական ճիրաններից: Բայց նվիրյալ հոգևորականին, որպես հակակոմունիստ, ԽՍՀՄ-ը արգելել էր հայրենիքի հետ ցանկացած շփում։ Այս վեպով հեղինակն ամբողջացնում է մեծ հայորդու, հանրահայտ հոգևորականի տիեզերական ու բացառիկ կերպարը։ Վեպը նաև մի քանի առեղծվածային միջադեպերի բացահայտումներ է անում:

Երրորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Քեզնից հեռու, քեզ հետ» գիրքը։ Սիրո, հայրենասիրության, հայրենադարձության դժվար ու լուսավոր կողմերի մասին «Քեզնից հեռու, քեզ հետ» վիպակը 1940-ականներին Լիբանանից հայրենադարձված Գրիգոր Քեշիշյանի զգացմունքների ամփոփումն է մի գեղեցիկ սիրո պատմության տեսքով։ Վիպակը նամակների ժողովածու է, որ հայրենադարձման իր հերթին սպասող Սամվելը գրում է արդեն հայրենի հողի վրա ապրելու երազանքին հասած իր սիրելիին։ Բաժանումը ծանր վերք է բացում սիրելիների սրտերում, իսկ վերամիավորման սպասումը՝ բացահայտում նրանց ճակատագրի անսպասելի ոլորանները։

Հովիկ Չարխչյանի «Վերջին անգամ մեռնողը»  չորրորդ տեղում է։ Այս ժողովածուում ընդգրկված ստեղծագործությունները կենտրոնանում են մարդկային էության և տարբեր իրավիճակներում մարդու վարքի դրսևորումների վրա։ Հերոսները հայտնվում են փոփոխվող միջավայրերում, ժամանակների ու հանգամանքների ազդեցության ներքո և ստիպված են դիմակայել իրենց բաժին հասած փորձություններին։ Նրանց ճանապարհը միշտ չէ, որ ավարտվում է հաղթանակով, սակայն յուրաքանչյուր փորձություն դառնում է սեփական գոյությունը վերաիմաստավորելու և կյանքի իմաստը որոնելու հնարավորություն։ Ժողովածուն բացահայտում է մարդու ներաշխարհը՝ ներկայացնելով նրա ընտրությունները, պայքարն ու կենսակերպը տարբեր իրավիճակներում։

Գրիգոր Քեշիշյանի «Իսկ դու ինձ սիրո՞ւմ ես» գիրքը հինգերորդ տեղում է։ Իսկական սերը հաղթում է ցանկացած հեռավորություն։ Անցյալն ու ներկան խաչվում են, հիշողությունն ու հույսը` միախառնվում՝ փորձելով պատասխանել մեկ վճռորոշ հարցի՝ արդյոք սիրահարները քաջություն կունենան դիմադրելու ժամանակի ծանր հարվածներին և սիրելու իրենց հայրենիքը։ Չէ՞ որ հայրենիքը հողն է, որի վրա քայլում է սիրելիդ…

Սերգեյ Գալոյանի «Երևանի գաղտնիքները» վեցերորդ տեղում է։ Կտրուկ իրադարձություններ, անկանխատեսելի դեպքեր, նուրբ իրավիճակներ, ահա թե որոնք են հատկանշական այս գրքի համար: Գրքի ամենակարևոր հատվածը Երևանի և երևանցիների մասին պատմող «Երևանի գաղտնիքները» գիրն է: Գիրքը թեմատիկայով իրարից հեռու նյութերի մի ժողովածու է, որը ընդհանրական է դառնում հենց սուր իրավիճակների պատճառով: Եվ պատահական չէ, որ գրքում երևում են արվեստի մարդն ու կրիմինալ աշխարհի ներկայացուցիչը, ռեժիսորն ու «օրենքով գողը»:

Աշոտ Ստեփանյանի «Գիրք՝ հրաժեշտի փոխարեն» ստեղծագործությունը յոթերորդն է։ «Չգրող, չմեռնող գրողը հոգեբանի սենյակում է.. ի՞նչ կապ են ստեղծում միմյանց հետ պատմողն ու լուռ լսողը: Զրույցների ընթացքում բացվում է (չ)գրողի չարչրկված ներսը` լեցուն գնացող ու եկող մարդկանց կյանքերի, հիշողությունների ու տրավմաների կտորտանք-հոսքերով, որոնք համեմված են աբսուրդի հասնող դրսևորումներով: Հոգեբանն ունկնդի՞ր է: (Չ)գրողի անկեղծ «ես»-ը, մշտապես խոսակցությանը միջամտելով, լրացնելու և սրելու է պատմությունների հանգուցալուծումները՝ ստեղծելով սատիրայի, ինքնահեգնանք-խարազանման և ներքին հակադրությունների խիտ պատկեր-մթնոլորտ: Սա բառերից վախեցող գրողի պատմություն է, որտեղ միաժամանակյա դրսևորումներ են ունենում ապրելու անիմաստության և չապրելու մազոխիստական-էքզիստենցիալ խոր զգացողությունները: Վերջում մնում է հասկանալ՝ ի՞նչ է լինելու (չ)լսողի հետ:

Ութերորդ տեղում է Վանո Սիրադեղյանի «Դուռը»։ Վանո Սիրադեղյանը նախորդ դարավերջի ամենատաղանդավոր և ընթերցված-սիրված արձակագիրներից մեկն է՝ այլևս դատապարտված այդպիսին մնալու։ Նրա արձակը որքան դասական, այնքան էլ ժամանակակից է։ Պատմություններ մարդկանց, նրանց մտածողության, խնդիրների, երազանքների ու ապրումների մասին։ «Դուռը» ժողովածուն ամփոփում է հեղինակի բոլոր նախորդ գրքերում («Կիրակի», «Ծանր լույս», «Շատ չհամարվի», «Ձեռքդ ետ տար ցավի վրայից», «Երկիր։ Ցպահանջ») տեղ գտած պատմվածքները՝ այսպիսով դառնալով նրա գեղարվեստական արձակի՝ ընթերցողին հայտնի ստեղծագործությունների համահավաք ժողովածու։

Աննա Ոսկանյանի «Ոչ սովորական մի պատմություն»-ը իններորդ տեղում է։  Այն «Գլուխկոտրուկ երկուսի համար» շարքի առաջին գիրքն է, որը պատմում է սիրողական հետաքննություն սկսած երկու ընկերների բացահայտումների և մարդասպան մոլագարի որոնումների մասին։

Աննա Առաքելյանի «Սպանիր ներսիդ թիթեռներին» գիրքը տասներորդ տեղում է։  Գիրքը մարդու ներքին պայքարի մասին է, այն պահի, երբ նա սկսում է հասկանալ, որ իր ներսի գեղեցիկ զգացումները միշտ չէ, որ իրեն դեպի լավն են տանում։ Գիրքը պատմում է մարդու մասին, ով երկար ժամանակ ապրել է հույսերով, իդեալական պատկերացումներով և սիրո մասին ստեղծած պատրանքներով։ Այդ հույսերը նրան ուժ են տվել, բայց միաժամանակ խլել են սթափ մտածելու կարողությունը։ Պատմության առանցքում գալիս է բեկումնային պահը, երբ մարդը ընտրության առաջ է կանգնում․ կամ շարունակում է ապրել թիթեռներով, սպասումներով ու դատարկ խոստումներով, կամ համարձակվում է ընդունել իրականությունը այնպիսին, ինչպիսին կա։ Թիթեռներին «սպանելը» այստեղ դաժանություն չէ, այլ գիտակցված քայլ՝ հրաժարվել պատրանքներից և սկսել ապրել սթափ ու ազնիվ ինքն իր հետ։

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

 

ՏեղՓոփոխ․Գիրք Հրատ․Քանակ
1նոր

Վահե Քաչա,

«Գիշատիչների խնջույքը» 

Դավինչի158
2-1

Աշոտ Աղաբաբյան,

 «Կարդինալը»

Բուկինիստ66
3-1

Գրիգոր Քեշիշյան,

«Քեզնից հեռու, քեզ հետ» 

Դավինչի39
4նոր

Հովիկ Չարխչյան,

«Վերջին անգամ մեռնողը»  

Անտարես35
5-2

Գրիգոր Քեշիշյան,

 «Իսկ դու ինձ սիրո՞ւմ ես»

Դավինչի32
6*

Սերգեյ Գալոյան,

«Երևանի գաղտնիքները» 

հեղ․ հրատ31
7-3

Աշոտ Ստեփանյան,

«Գիրք՝ հրաժեշտի փոխարեն» 

Անտարես28
8*

Վանո Սիրադեղյան,

«Դուռը» 

հեղ․ հրատ25
9*

Աննա Ոսկանյան,

«Ոչ սովորական մի պատմություն» 

հեղ․ հրատ22
10-3

Աննա Առաքելյան,

 «Սպանիր ներսիդ թիթեռներին»

հեղ․ հրատ21
Հայերեն Русский

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան

Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը

Վարչապետ Փաշինյանի ելույթն ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

Անվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները

Արաղչին կարճ զրույց է վարել Լավրովի հետ ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստից առաջ

Սոցիալական ծրագրերի աջակցության գործում բիզնեսի ակտիվությունը ևս անհրաժեշտություն է․ Արսեն Թորոսյան

Գավառի Առվույտի դաշտի ամրոցը և բնակատեղին