Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը
2 րոպեի ընթերցում
Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան հայտարարել է բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը միտված ջանքերի մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Էստոնիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Աշխատում ենք անել այնպես, որ ռուսական հացահատիկի տեղափոխությունը չիրականացվի բալթյան նավահանգիստներով»,- հայտարարել է էստոնացի նախարարը սեպտեմբերի 30-ին Ռիգայում Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկյավիչսի և արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի հետ հանդիպման ժամանակ։
Ցահկնան նաև հայտնել է, որ Ուկրաինային Էստոնիայի տրամադրելիք ռազմական օգնությունը 2027 թվականին կպահպանվի մերձբալթյան այս երկրի ՀՆԱ-ի առնվազն 0.25 տոկոսի մակարդակին։
«Ուկրաինայի վերականգնմանը նվիրված՝ 2027 թվականի հունվարին Էստոնիայում կայանալիք համաժողովի նպատակն է արագ և անչափ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային պատերազմական ևս մեկ դժվարին ձմռան ընթացքում»,- հայտարարել է Ցահկնան։
Սեպտեմբերին նա փոխադրողներին առաջարկել էր չնախատեսել ռուսական հացահատիկի տեղափոխումը Էստոնիայի տարածքով՝ նշելով, որ իր երկրի տարածքով այդ մթերքի տարանցիկ փոխադրում ներկայում գործնականում չի իրականացվում։
Էստոնիայի ԱԳՆ սեպտեմբերի 10-ին տարածած հաղորդագրությունում նշվում էր, որ երկիրը Լատվիայի և Լիտվայի հետ համագործակցությամբ կշարունակի ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխումը դադարեցնելու տարածաշրջանային կամ համաեվրոպական լուծում գտնելու ջանքերը։