FlyОne Armenia-ն կհամալրվի AIRBUS A321NEO դասի երկու օդանավով

3 րոպեի ընթերցում

FlyОne Armenia ավիափոխադրողը Airbus ընկերության հետ վերջնականացրել է Airbus A321neo դասի երկու օդանավերի ձեռքբերման պատվերը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են FlyОne Armenia ընկերությունից։ 

Համաձայնագրի մասին առաջին անգամ հայտարարվել էր որպես Փոխըմբռնման հուշագիր` 2026 թվականի մայիսի 5-ին, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի՝ Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակներում։

Երկու Airbus A321neo օդանավերը համալրված կլինեն CFM International-ի LEAP շարժիչներով։ Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ 239 նստատեղով էկոնոմ դասավորությամբ օդանավերը կարևոր դեր կունենան ավիաընկերության ռազմավարական զարգացման գործում և կդառնան երթուղային ցանցի ընդլայնման հավակնոտ ծրագրի առանցքային փուլերից մեկը։ 

«Մեր առաջին ուղիղ պատվերը Airbus ընկերությունից կարևոր և խորհրդանշական քայլ է FlyОne Armenia-ի զարգացման ճանապարհին։ Համաշխարհային ավիացիոն արդյունաբերության առաջատարի՝ Airbus-ի կողմից հենց մեր ընկերության համար երկու նոր A321neo օդանավերի արտադրությունը փաստում է, որ մենք հետևողականորեն իրականացնում ենք օդային նավատորմի արդիականացման և երկարաժամկետ աճի մեր ռազմավարությունը։ Մենք հպարտ ենք խորացնել համագործակցությունը Airbus-ի հետ և վստահ ենք, որ այս ներդրումը կարևոր դեր կունենա ոչ միայն FlyОne Armenia-ի, այլև հայկական քաղաքացիական ավիացիայի հետագա զարգացման և միջազգային համագործակցության խորացման գործում»,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

FlyОne Armenia-ն այժմ շահագործում է Airbus A320 ընտանիքի 11 օդանավ։

«FlyОne Armenia-ի այս առաջին ուղիղ պատվերը ընդգծում է ավիաընկերության հանձնառությունը գործառնական գերազանցության և ուղևորների հարմարավետության բարձրացման նկատմամբ՝ Airbus A320 ընտանիքի նավատորմի հետագա ընդլայնմանը զուգահեռ։ Մենք շատ ուրախ ենք ողջունել FlyОne Armenia-ին որպես Airbus ընտանիքի նոր անդամ և ակնկալում ենք խորը և արդյունավետ համագործակցություն՝ աջակցելու ընկերության ռազմավարական աճի ծրագրերին»,- նշել է Airbus-ի կոմերցիոն օդանավերի բիզնեսի վաճառքների գծով գործադիր փոխնախագահ Բենուա դը Սենտ-Էքզյուպերին։

Հաղորդագրության մեջ շեշտվում է, որ Airbus A320 ընտանիքն աշխարհում ամենապահանջված նեղ ֆյուզելյաժով օդանավերի ընտանիքն է՝ ունենալով ավելի քան 20,000 պատվեր ամբողջ աշխարհում։ Ընտանիքի ամենամեծ ներկայացուցիչը՝ A321neo-ն, առաջարկում է բացառիկ թռիչքային հեռահարություն և շահագործման բարձր արդյունավետություն։ A320 ընտանիքի օդանավերն ապահովում են առնվազն 20% վառելիքի խնայողություն և CO₂ արտանետումների նվազեցում՝ նախորդ սերնդի նեղ ֆյուզելյաժով օդանավերի համեմատ, միաժամանակ ապահովելով ուղևորների առավելագույն հարմարավետություն՝ շնորհիվ իր դասում ամենալայն սրահներից մեկի։

Հայերեն English Русский

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ