Թեղուտի հանքավայրի նոր սեփականատերը մտադիր է շարունակել մեծությամբ երկրորդ պղնձի հանքավայրի շահագործումը
3 րոպեի ընթերցում

Թեղուտի հանքավայրի նոր սեփականատերը մտադիր է շարունակել մեծությամբ երկրորդ պղնձի հանքավայրի շահագործումը՝ միաժամանակ ներդրումներ կատարելով արդիականացման ուղղությամբ, որպեսզի ապահովի երկարաժամկետ օգուտներ Հայաստանի բնակչության համար և խթանի տնտեսական աճը։
Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Թեղուտ» ՓԲԸ-ի տարածած հաղորդագրությունը։
Նշվում է, որ ԱՄՆ-ում գրանցված Dynamic Frontier Holdings LLC ընկերությունը և «Թեղուտ» ՓԲԸ-ն այսօր հաստատել են վերջինիս բաժնետոմսերի 100 տոկոսի և ընկերության բոլոր չմարված պարտավորությունների ձեռքբերման գործընթացի ավարտը։
«Թեղուտ» ՓԲԸ-ն շահագործում է Հայաստանի Լոռու մարզում գտնվող Թեղուտի պղնձա-մոլիբդենային հանքավայրը։ Գործարքն ավարտվել է 2026 թվականի սեպտեմբերի 22-ին։ «Dynamic Frontier Holdings»-ն այժմ «Թեղուտ» ՓԲԸ-ի վերջնական մայր ընկերությունն է։ Հայաստանի Հանրապետության մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովը հաստատել է ձեռքբերումը 2026 թվականի հուլիսի 8-ին։
«Թեղուտը» Հայաստանի պղնձի արդյունահանմամբ զբաղվող երկրորդ խոշորագույն ընկերությունն է և երկրի համար չափազանց կարևոր ակտիվ է։ Այն ունի որակյալ աշխատուժ և արժանի է լուրջ ներդրումների։ Մեր նպատակն է արդյունավետորեն շարունակել մեծությամբ երկրորդ պղնձի հանքավայրի շահագործումը՝ միաժամանակ ներդրումներ կատարելով հետագա արդիականացման մեջ, որպեսզի ապահովենք երկարաժամկետ օգուտներ Հայաստանի ժողովրդի համար և խթանենք տնտեսական աճը։ Պղինձն ու մոլիբդենը կենսական նշանակություն ունեցող հանքանյութեր են, որոնցից կախված է ժամանակակից տնտեսությունը, և Հայաստանն ունի թե՛ անհրաժեշտ պաշարները, թե՛ փորձառությունը՝ միջազգային շուկաներին հուսալի և երկարաժամկետ մատակարարումներ ապահովելու համար։ Մեր նպատակն է ստեղծել այնպիսի գործունեություն, որը կապահովի այդ ամենը, կմրցակցի համաշխարհային մակարդակով և կայուն արժեք կստեղծի տեղական համայնքի, Լոռու մարզի, Հայաստանի Հանրապետության և միջազգային գործընկերների համար»,- հայտնել են Dynamic Frontier Holdings-ից։
Dynamic Frontier Holdings-ը հայտարարել է, որ կստեղծի նոր սոցիալական հիմնադրամ՝ Լոռու մարզի տեղական համայնքին և նախաձեռնություններին աջակցելու նպատակով՝ 5 միլիոն ԱՄՆ դոլարի սկզբնական և հետագա տարեկան ներդրումներով։