Երևանում մեկնարկում է Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնը

5 րոպեի ընթերցում

Երգեհոնային արվեստի հայ և ճանաչված երաժիշտները մեկ տեղում․ Երևանում սեպտեմբերի 26-ին մեկնարկում է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Կամերային երաժշտության ազգային կենտրոնի գեղարվեստական մասով փոխտնօրեն, Երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արմեն Սուքիասյանը նշեց, որ հանդես են գալիս բավական հագեցած ծրագրով։

«Մեկնարկային համերգը Կոմիտասի ծննդյան օրն է՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Այն բնականաբար նվիրված է լինելու հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասին։ Համերգին հանդես կգան Հայաստանի լավագույն երգեհոնահարները։ Այն նվիրված է Կոմիտասին, սակայն ծրագրում չեն հնչի միայն Կոմիտասի ստեղծագործությունները։ Կհնչեն նաև հայ տարբեր կոմպոզիտորների ստեղծագործություններ, այդ թվում՝ Էդուարդ Հայրապետյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Արթուր Ավանեսովի և այլոց»,-ասաց Արմեն Սուքիասյանը։ 

Փառատոնի շրջանակում հանդես են գալու օտարազգի հրավիրյալ երաժիշտներ,  մասնավորապես, Նորվեգիայում բնակվող և ստեղծագործող, միջազգային բեմերում մեծ ճանաչում վայելող սերբական ծագմամբ երգեհոնահար և դաշնակահար Միլկիցա Ռադովանովիչը, Շվեյցարիայից անվանի երգեհոնահար, կոմպոզիտոր և մանկավարժ Գի Բովեն, ինչպես նաև Ճապոնացի անվանի երգեհոնահար Հիրոկո Ինոյեն։

Համերգներ անցկացվելու են նաև Կապանում և Չարենցավանում։ Երջանկահիշատակ Վահագն Ստամբոլցյանը՝ հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիրը, ժամանակին կարողացել էր երգեհոններ տեղադրել Կապանում, Չարենցավանում։  Արմեն Սուքիասյանը նկատեց, որ առաջին իսկ փառատոնից սկսած այդ քաղաքներում իրականացրել են համերգներ և այս տարին բացառություն չէ։

«Կապանում ելույթով հանդես է գալու երգեհոնահար և դաշնակահար Միլկիցա Ռադովանովիչը, իսկ Չարենցավանում՝ երգեհոնահար, կոմպոզիտոր և մանկավարժ Գի Բովեն։ Քաղաքների ընտրությունը պայմանավորված է այնտեղ հենց երգեհոնների առկայությամբ։ Տարածաշրջանում շատ քիչ երկրներ կարող են պարծենալ, որ մարզային քաղաքներում ունեն երգեհոն։ Թե մեր երաժիշտները, թե հյուրերը մեծ հաճույքով են գնում մարզեր։ Դա շատ կարևոր է, որ մարզերի բնակչությունն իրեն զգա մշակութային ընդհանուր միջավայրի մի մաս։  Մարզերի բնակիչների արձագանքը դրական է ու ոգևորիչ, մենք հրաշալի հանդիսատես ունենք»,-ասաց Արմեն Սուքիասյանը։

Փառատոնը հիմնադրվել է 2022 թվականին, այն տարեցտարի ընդլայնում է իր մասնակցության աշխարհագրությունը, նպաստում է Հայաստանի երգեհոնային կատարողական արվեստի զարգացմանը, ինչպես նաև միջազգային կապերի ամրապնդմանը, հայկական երգեհոնային արվեստի հանրահռչակմանը։

«Երբ տարիներ առաջ փառատոնը նախաձեռնում էինք, մեզ համար մի խնդիր կար՝ մտավախություն ունեինք, որ երգեհոնային արվեստը Հայաստանում գնում է դեպի մարում։ Մենք ունեինք նվիրյալ երգեհոնահարներ, որոնք իրականացնում էին համերգներ, որ երգեհոնային դպրոցը շարունակի գոյատևել։ Բարեբախտաբար ստեղծվեց փառատոնը, որի առաջնահերթություններից էր դպրոցը պահպանելն ու զարգացնելը։ Այսօր կարող ենք վստահաբար ասել, որ երգեհոնային արվեստը մարելու հետ կապված վախն այլևս չկա, ունենք երաժշտական դպրոցներ, որտեղ երգեհոնային դասարաններ են բացվում։ Մենք ունենք մասնավոր դպրոց, որը գնեց երգեհոն ու տեղադրեց իր ուսումնական հաստատությունում։ Դրանից բացի, մեր կոմպոզիտորներն են սկսել ակտիվ ստեղծագործել, ինչպես նաև փառատոնը նպաստում է մշակութային միջազգային կապերի ակտիվացմանն ու զարգացմանը»,-ասաց Արմեն Սուքիասյանը։

Փառատոնի շրջանակում նախատեսված են նաև համերգներ՝ նվիրված հայ կոմպոզիտոր և խմբավար Մակար Եկմալյանի ծննդյան 170-ամյակին և կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի ծննդյան 95-ամյակին։

Փառատոնի փակման համերգը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը և կնվիրվի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ծննդյան 270-ամյակին։ Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Հայերեն English Русский