Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման հարցով շարունակում է բանակցությունները տարբեր երկրների հետ. Փաշինյան
2 րոպեի ընթերցում

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցով շարունակվում են բանակցությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսատանի, Ֆրանսիայի, Չինաստանի և Հարավային Կորեայի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նյու Յորքում «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկման ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ատոմակայան ունենք, որը խորհրդային ժամանակներում է կառուցվել և այդ ատոմակայանի շահագործման ժամկետը մոտենում է ավարտին։ Ներկայում մենք որոշում ենք կայացնում հաջորդ ատոմակայանի մասին: Այս առումով մենք բանակցում ենք տարբեր գործընկերների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Հարավային Կորեայի հետ, և փնտրում ենք լավագույն առաջարկը, որ տանք նոր ատոմակայանի շինարարության մեկնարկը»,- նշել է Փաշինյանը:
Էներգետիկ ոլորտի թեման շարունակելով՝ վարչապետը հավելել է, որ նոր տեխնոլոգիաների ներդրման պարագայում, Հայաստանը լավ հնարավորություն ունի էներգետիկայի առումով ինքնաբավ լինելու:
«Քանի որ արևային մի քանի ռեսուրս ունենք և արևային արտադրության հզորություններ ունենք, որոնք արագորեն զարգանում են, հիմա ամենակարևոր թեման մեզ համար կուտակման կարողություններ ձևավորելն է: Հիմա մեզ անհրաժեշտ է մեծ ծավալի կուտակիչ կարողություն, այդ ուղղությամբ մենք աշխատում ենք»,- ասել է վարչապետը:
Հայաստանն արդեն իսկ հայտարարել է, որ աշխատանքներ է իրականացնում Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ, իսկ մինչ այդ քայլեր կձեռնարկվեն նոր ատոմակայան կառուցելու համար։ Արդեն իսկ որոշվել է, որ նոր ատոմակայանը լինելու է մոդուլային տեսակի։