Տնտեսություն

Wilco Wealth Management-ն ու Տնտեսական լրագրողների ակումբը հուշագիր են ստորագրել Հայաստանում ներդրումային գրագիտությանն աջակցելու նպատակով

5 րոպեի ընթերցում

Wilco Wealth Management-ն ու Տնտեսական լրագրողների ակումբը հուշագիր են ստորագրել Հայաստանում ներդրումային գրագիտությանն աջակցելու նպատակով

Wilco Wealth Management ընկերությունը հայտարարել է Տնտեսական լրագրողների ակումբի հետ հուշագրի ստորագրման մասին: Համագործակցության նպատակն է աջակցել լրագրողական համայնքի մասնագետներին՝ խորացնելու կապիտալի շուկաների մասին գիտելիքները և նպաստելու Հայաստանում ֆինանսական ու ներդրումային գրագիտության զարգացմանը:

Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած պաշտոնական ստորագրումը ազդարարեց Հայաստանի հանրային և մասնավոր լրատվամիջոցների լրագրողներին համախմբող այս Ակումբի անդամների համար նախատեսված պարբերական ինտերակտիվ սեմինարների շարքի մեկնարկը: Հանդիպումները լրագրողներին հնարավորություն են տալիս անմիջականորեն շփվելու փորձառու ֆինանսական փորձագետների և պրակտիկ մասնագետների հետ։ Ծրագիրը կենտրոնացած է տեղական շուկայում ձևավորվող ուղղությունների վրա, որոնց թվում են կապիտալի շուկաների դինամիկան, ակտիվների կառավարումը, իրավահաջորդության պլանավորումը և ընտանեկան կառավարումը (family governance), ինչը մասնակիցներին հնարավորություն է տալիս հստակ պատկերացում կազմել այս գործընթացների մասին։

«Լրատվամիջոցներն առանցքային դեր են խաղում հանրային օրակարգի և տնտեսական երկխոսության ձևավորման գործում։ Կապիտալի երկարաժամկետ պլանավորման թեման գնալով ավելի արդիական է դառնում Հայաստանում, և մենք ուրախ ենք կիսվել մեր թիմի փորձագիտական փորձով և գործնական գիտելիքներով՝ նպաստելով ֆինանսական շուկայի առանցքային միտումների որակյալ լուսաբանմանը», – նշել է Wilco Wealth Management-ի ֆինանսական տնօրեն Քրիստինա Քարամյան:

Հայաստանի տնտեսական լրագրողների ակումբի նախագահ Աննա Բաղդասարյանը նշել է, որ լրագրողի խնդիրն է ոչ միայն տեղեկատվություն փոխանցել, այլև հասկանալ և հանրությանը հասկանալի ձևով ներկայացնել բարդ տնտեսական ու ֆինանսական գործընթացները՝ դրանց հնարավոր ազդեցություններով ու ռիսկերով հանդերձ:

«Տնտեսական և հատկապես ֆինանսական թեմաների գրագետ, օբյեկտիվ և մասնագիտական լուսաբանումը չափազանց կարևոր է հասարակության և տնտեսության համար։ Այս առումով հատկապես կարևորում ենք մասնագիտական գիտելիքների շարունակական զարգացումը և ոլորտի փորձագետների հետ անմիջական երկխոսությունը։ Wilco Wealth Management-ի հետ համագործակցությունը հենց այդ հնարավորությունն է ստեղծում՝ ֆինանսական շուկաների, ներդրումների և կապիտալի կառավարման վերաբերյալ գիտելիքները խորացնելու համար», – ասել է Բաղդասարյանը՝ վստահություն հայտնելով, որ նման նախաձեռնությունը կնպաստի Հայաստանում ֆինանսական լրագրության որակի բարձրացմանը, իսկ ավելի տեղեկացված և մասնագիտական մեդիան իր հերթին կնպաստի երկրում ֆինանսական և ներդրումային գրագիտության մակարդակի բարձրացմանը:

Այս նախաձեռնությունն արտացոլում է երկու կազմակերպությունների ընդհանուր հանձնառությունը՝ խթանելու բաց մասնագիտական երկխոսությունը և նպաստելու Հայաստանում ֆինանսական ու ներդրումային իրազեկվածության բարձրացմանը: Տարվա ընթացքում կանոնավոր կերպով կանցկացվեն Հուշագրով նախատեսված սեմինարներն ու համագործակցության այլ ձևաչափերով հանդիպումները:

Wilco-ի մասին

Wilco-ն կապիտալի կառավարման ընկերություն է, որը ներդրումային ծառայություններ է մատուցում բարձր զուտ կարողություն ունեցող անհատներին (HNWI), ընտանեկան գրասենյակներին և կորպորատիվ հաճախորդներին: Wilco-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Տվյալ մամուլի հաղորդագրությունը կրում է բացառապես տեղեկատվական բնույթ և չի հանդիսանում ներդրումային խորհրդատվություն, առաջարկություն կամ որևէ ֆինանսական գործիք գնելու կամ վաճառելու առաջարկ:

Տնտեսական լրագրողների ակումբի մասին

«Տնտեսական լրագրողների ակումբ» ՀԿ-ն հիմնադրվել է 2003 թվականին տնտեսական թեմաներով գրող մի խումբ լրագրողների նախաձեռնությամբ։ Կազմակերպությունն ընդգրկում է հանրապետության տպագիր և էլեկտրոնային մամուլի, հեռուստատեսության բազմաթիվ լրագրողների, որոնք լուսաբանում են տնտեսությանն առնչվող խնդիրները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում