Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան
3 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սեպտեմբերի 21-ին տրամադրությունը տոնական է․ ամենուր բազմաբնույթ միջոցառումներով նշվում է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակը։
Վաղ առավոտից հոբելյանական տոնի կապակցությամբ շնորհավորանքներ են հղում տարբեր երկրների և կառույցների ղեկավարներ։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ տոնական երեկոյի գագաթնակետը դարձավ Հանրապետության հրապարակում այս պահին ընթացող մեծ համերգը, որը մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձով։
Ելույթի սկզբում վարչապետը ներկայացրեց Հայաստանի անկախության ձեռքբերման պատմությունը։ Այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ, ապա՝ ծափահարություններով հարգեցին հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը։
«Եվ երիցս պիտի արձանագրենք, որ մեր նահատակները ընկան, որ Հայաստանը բարձրանա, նրանք զոհվեցին, որ Հայաստանը ապրի։ Եվ այսօր Հայաստանի Հանրապետությունը ապրող պետություն է, կյանքի պետություն, և մեր պետության վերելքն է հարգանքի մեծագույն տուրքը մեր նահատակների հիշատակին։
Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, Անկախության այս դարակազմիկ տոնի առիթով մենք պետք է արձանագրենք, որ անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք։ Որովհետև մեր պետությունն է, որ կարող է երաշխավորել մեր ինքնության, մեր մշակույթի պահպանումն ու զարգացումը։
Մեր պետությունն է, որ կարող է երաշխավորել մեր պատմության շարունակականությունը։ Պետությունն է, որ մեզ մեր ճակատագրի տերն է դարձնում, մեզ դարձնում է մեր ազատության հեղինակն ու երաշխավորը։ Եվ մենք պետք է շարունակենք գնալ մեր պետությանը տեր կանգնելու այս ճանապարհով, մենք պետք է առաջնորդվենք մեր պետության հարատևության տեսլականով, և պետությունը, անկախ պետությունը, այլևս երազանք չպետք է լինի մեզ համար, այլ մեր երազանքների իրագործում»,- ասաց Փաշինյանը։
Ելույթի վերջում ՀՀ վարչապետը հորդորեց սիրել պետությունը։
«Սիրեք ձեր պետությունը, որովհետև ձեր պետությունը սիրում է ձեզ։ Եվ այսօր ձեր պետությունը ձեզ հստակ և աներկբա ասում է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պետությունը դո՛ւ ես, դու՛ ես Հայաստանի Հանրապետությունը։
Շնորհավոր Անկախության տոնդ, Հայաստանի Հանրապետություն, շնորհավոր Անկախության տոնդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի։
Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- ելույթը եզրափակեց վարչապետը։
Վարչապետի ուղերձից հետո հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։
Հանրապետության հրապարակում տոնական համերգի ընթացքում կհնչեն անկախության շրջանի լավագույն հիթերը՝ նոր գործիքավորմամբ և նոր մոտեցմամբ։