ՀՀ ՊՊԾ զինծառայողը Վրաստանում անցկացված ուժային եռամարտի Եվրոպայի գավաթի մրցումներում զբաղեցրել է առաջին տեղը
2 րոպեի ընթերցում
ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայող Գարիկ Թորոյանը 2026 թվականի օգոստոսին Վրաստանում անցկացված IPSU-ի Եվրոպայի գավաթի ուժային եռամարտի միջազգային մրցումներում զբաղեցրել է առաջին տեղը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պետական պահպանության ծառայությունը։
Նշվում է, որ սա միջազգային մրցումներում նրա երրորդ հաղթանակն է։ Նախորդ երկու հաջողությունները գրանցել է 2025 թվականին՝ Բաթումիում անցկացված Եվրոպայի գավաթի և Լեհաստանում կայացած XPC աշխարհի գավաթի մրցումներում։
Սպորտային մրցաշարերում հանդես գալը զինծառայողի համար հնարավորություն է ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարթակներում։
Ուժային եռամարտին զուգահեռ զինծառայողը զբաղվում է նաև շախմատով։ Այս մարզաձևում ևս մասնակցել է միջազգային մրցաշարերի և հաջողություններ գրանցել։
«Թե՛ շախմատը, թե՛ ուժային եռամարտը շատ են օգնում ծառայության մեջ։
Առաջինը օգնում է արագ կողմնորոշվել տարբեր իրավիճակներում, իսկ երկրորդը՝ նպաստում ուժային գործողություններին»,-ասում է նա։
Զինծառայողը մտադիր է շարունակել մարզումներն ու մասնակցել միջազգային նոր մրցումների։