12 րոպեի ընթերցում
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հուլիսի վաճառքների։
Հեկտոր Գարսիայի և Ֆրանսեսկ Միրալեսի «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» առաջին տեղում է։ «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յուրահատուկ լրագրողական հետաքննություն-հետազոտություն է՝ պարզելու, թե որն է Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների երկարակեցության գաղտնիքը և ինչ է իրականում նշանակում իկիգայը: Շնորհիվ այս գրքի դուք բազմաթիվ տեղեկություններ կստանաք երկարակեցության գաղտնիքների և իրենց կյանքում թեկուզ փոքրիկ, բայց կարևոր նպատակներ ունեցող ճապոնացիների մասին: Այն կօգնի ձեզ գտնել ձեր սեփական իկիգայը ու լիցքավորվել թարմ էներգիայով՝ պատրաստ ապրելու երկար ու երջանիկ:
Ռոբերտ Գրինի «Իշխանության 48 օրենքները» երկրորդ տեղում է։ Գիրքը ժամանակակից դասական է՝ քաղաքականության, հոգեբանության և ռազմավարության հատման սահմանագծում: Ռոբերտ Գրինը վերլուծում է իշխանության էությունը՝ բացահայտելով, թե ինչպես է այն գործում իրական կյանքում՝ անձնական և աշխատանքային հարաբերություններում, ինչպես նաև հասարակության բոլոր շերտերում՝ հին աշխարհի տիրակալներից մինչև նոր ժամանակների գործարարներ, քաղաքական գործիչներ ու արվեստագետներ: Յուրաքանչյուր օրենք ներկայացվում է պատմական կերպարների՝ Ալեքսանդր Մակեդոնացու, Կլեոպատրայի, Նապոլեոն Բոնապարտի, Օտտո Ֆոն Բիսմարկի, Իվան Ահեղի և այլ նշանավոր դեմքերի կյանքի օրինակներով՝ համեմված անվանի մտածողների և ռազմավարների ուսմունքներով, մասնավորապես՝ Մաքիավելիի, Սուն Ցզիի, Կոնֆուցիոսի, Նիցշեի և այլոց:
Շունմյո Մասունոյի «Պարզ ապրելու արվեստը» երրորդ տեղում է։ Այս գիրքը հայտնի ճապոնական զեն-բուդդիստ վանական և այգիների դիզայներ Շունմյո Մասունոյի իմաստության հավաքածուն է: Հեղինակը ներկայացնում է 100 կարճ և գործնական խորհուրդներ՝ օգնելու ընթերցողին գտնել ներքին հանգստությունն ու հավասարակշռությունը ժամանակակից աղմկոտ աշխարհում: Գիրքը սովորեցնում է ձերբազատվել ավելորդ մտքերից ու իրերից, կենտրոնանալ ներկա պահի վրա և գտնել գեղեցկությունը առօրյա փոքրիկ երևույթների մեջ: Սա ուղեցույց է նրանց համար, ովքեր ձգտում են պարզեցնել իրենց կյանքը և հասնել հոգեկան ներդաշնակության:
Ալեսանդրո Ալչատոյի «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» գիրքը, որը Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրականն է, չորրորդ տեղում է։ Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլային ընտանիքից է, տաղանդն ու մասնագիտական ուղին, կարծես, ժառանգություն է ստացել։ Ծնվել է Հայաստանում, մեծացել Ֆրանսիայում, քանի որ հայրը խաղում էր Լիգա 2-ում։ Համլետ Մխիթարյանը եղել է հայկական ֆուտբոլի պատմության ամենաուժեղ հարձակվողներից։ Մահացել է ուղեղի քաղցկեղից, 33 տարեկանում, երբ Հենրիխն ընդամենը 7 տարեկան էր։Երիտասարդ Հենրիխն արժանապատվորեն շարունակեց հոր ֆուտբոլային ուղին։ Թեպետ նրա մահից հետո որոշ ժամանակ չէր կարողանում մոտ գնալ գնդակին, սակայն ինքն իրեն խոստացավ հասնել այնտեղ, ուր հայրը չհասցրեց։ Ընդամենը 14 տարեկան էր, երբ մեկնեց Բրազիլիա՝ «Սան Պաուլո» ակումբում մարզվելու։ Այնտեղ զարգացրեց խաղային տեխնիկան, յուրացրեց ֆուտբոլի նոր՝ ստեղծագործական ոճ, սովորեց նոր լեզու՝ պորտուգալերեն։ Կարիերայի ընթացքում կրել է «Փյունիկ»-ի, «Մետալուրգ»-ի, «Շախտյոր»-ի, Դորտմունդի «Բորուսիա»-ի, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Արսենալ»-ի մարզաշապիկները։ 2019-ին տեղափոխվել է Իտալիա. երեք տարի խաղացել է «Ռոմա» ակումբում, 2022-ի հուլիսի 2-ին պաշտոնապես միացել է Սիմոնե Ինձագիի գլխավորած «Ինտերի»-ին և անմիջապես դարձել «Ներաձուրիների» հենասյուներից։ Գիրքը հուզիչ պատմություն է որդիական կարոտի և հոր՝ Համլետ Մխիթարյանի մասին, որի վաղաժամ կորուստը խորին հետք է թողել նրա կյանքում և շարժիչ ուժ դարձել։
Հինգերորդ հորիզոնականում է Դեյլ Քառնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» գիրքը, որը գործնական խորհուրդների և կյանքից վերցրած պատմությունների հավաքածու է։ Քառնեգին օգտվել է հաջողակ հռչակավոր մարդկանց ասույթներից և որպես օրինակ ներկայացրել իր աշակերտների, ընկերների, ծանոթների փորձը։ Գրքի նպատակն է կատարելագործել մարդկանց հոգեբանությունը և, ինչպես հեղինակն է ասում, օգնել մարդկանց լույս աշխարհ հանել, զարգացնել և առավելագույնս օգտվել մտավոր ու ֆիզիկական այն բոլոր կարողություններից, որոնց միայն չնչին մասն ենք օգտագործում:
Վեցերորդ տեղում է Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքը։ Այս գրքում դուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն է մարմնի «ամենաանկեղծ» մասը, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի, իրանի և շուրթերի միջոցով և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար։ Գրքում ներկայացված են ոչ միայն համոզիչ օրինակներ FBI-ի գործակալի իրական պրակտիկայից, այլև առկա են հղումներ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում ամենահայտի հետազոտողների աշխատություններին: Գրքում կգտնեք նաև պատկերներ, որոնք է՛լ ավելի ընկալելի և հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը:
Յոթերորդ տեղում է Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության համառոտ պատմությունը»։ Հարյուր հազար տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ: Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70,000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին ստիպում է առաջ նայել, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդիկ սկսել են շրջանցել բնական ընտրության այն օրենքները, որոնք չորս միլիարդ տարի կառավարել են կյանքը: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, ու ինչպիսի՞ն ենք ուզում դառնալ մենք:
Հրաչյա Մանուկյանի «Փոխիր կյանքդ» գիրքը ութերորդ տեղում է։ Այս գիրքը հաջողության, նպատակասլացության, ինքնազարգացման, ֆինանսական ազատության, մարդկային մտածելակերպի և փոխհարաբերությունների մասին է: Հեղինակը պատմում է, թե ինչ պետք է անել նպատակներին հասնելու, անվերջ ինքնակատարելագործվելու, կյանքում առաջ շարժվելու և երջանիկ լինելու համար: Գիրքը գրված է Հայաստանի պայմաններում և հիմնված է հեղինակի անձնական փորձի վրա: Այն նախատեսված է երկու տեսակի մարդկանց համար. նրանց, ովքեր կյանքում որոշ չափով կայացել են, ապրում են բոլորի պես, բայց հասկանում են, որ իրենց կյանքում պետք է ինչ-որ բան փոխել, և նրանց, ովքեր դեռ որոնումների մեջ են և դեռ չեն գտել իրենց տեղը կյանքում:
Դեյլ Քարնեգիի «Ինչպես դադարել անհանգստանալ և սկսել ապրել» գիրքը իններորդ տեղում է։ Քարնեգիի նոր թարգմանված գիրքը արդեն հասանելի է ընթերցողներին: Պետք է կարողանալ վայելել կյանքը՝ ինչպիսին էլ որ այն մեզ բաժին ընկած լինի։ Անհանգստությունը մեծագույն չարիք է, որը ավելի շատ է քայքայում մարդու առողջությունը, քան ցանկացած հիվանդություն։ Քարնեգին այս գիրքը գրել է հենց այդ նպատակով, որպեսզի ուրիշ մարդկանց հետ կատարված օրինակների հիման վրա մեզ պարզ և մատչելի կերպով սովորեցնի ամենակարևորը. որ կյանքը պետք է շարունակել վառ գույներով...
Լուիզա Հեյի «Աշխատանք հայելու հետ» գիրքը տասներորդ տեղում է։ Այս գիրքը կօգնի բարելավել ձեր կյանքի որակը և հասնել ներքին ներդաշնակության։ 21 օրվա ընթացքում, գործնական, վարժությունների և աֆֆիրմացիաների միջոցով, դուք կսովորեք՝ զարգացնել ձեր ստեղծագործական ներուժը, հաղթահարել դիմադրությունը՝ դրական փոփոխությունների նկատմամբ, ազատվել անառողջ ինքնաքննադատությունից, բարձրացնել ինքնագնահատականը, նորովի ինքնաարժևորել և ընդունել ձեր անձը, ձեռք բերել ինքնավստահություն, սիրել և խնամքով վերաբերվել ինքներդ ձեզ և ձեզ շրջապատող մարդկանց, ձերբազատվել սթրեսի մշակման զգացումից, անհիմն վախերից և զայրույթից, ներել հին վիրավորանքները և առաջ շարժվել։
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Ցանկում ներառված չեն հանրագիտարանները
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:
Տեղ | Փոփոխ․ | Գիրք | Հրատ․ | Քանակ | |
| 1 | +4 | Հեկտոր Գարսիա, Ֆրանսեսկ Միրալես, «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» | Դավինչի | 226 | |
| 2 | 0 | Ռոբերտ Գրին, «Իշխանության 48 օրենքները» | Դավինչի | 79 | |
| 3 | +1 | Շունմյո Մասունոյի «Պարզ ապրելու արվեստը» | Դավինչի | 69 | |
| 4 | -3 | Ալեսանդրո Ալչատո, Հենրիխ Մխիթարյան, «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» | Newmag | 68 | |
| 5 | * | Դեյլ Քառնեգի, «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» | հեղ հրատ | 67 | |
| 6 | * | Ջո Նավարո, «Ես կարդում եմ Ձեր մտքերը» | Դավինչի | 62 | |
| 7 | * | Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության համառոտ պատմությունը» | Newmag | 47 | |
| 8 | Նոր | Հրաչյա Մանուկյան, «Փոխիր կյանքդ» | հեղ հրատ | 46 | |
| 9 | * | Դեյլ Քարնեգի, «Ինչպես դադարել անհանգստանալ և սկսել ապրել» | հեղ հրատ | 41 | |
| 10 | * | Լուիզա Հեյ, «Աշխատանք հայելու հետ» | Դավինչի | 21 |